ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համար Գյումրու ընտրության արդյունքները բոլորովին անակնկալ չեն եղել: Հովսեփյանը, որ նախքան պատգամավորական մանդատը Շիրակի փոխմարզպետ է աշխատել, լավ գիտի՝ մարզերում առաջինն են զգում իշխանության արածներն ու չարածները, հետեւաբար, ըստ նրա, ընտրություններին գրանցված ցածր մասնակցությունը նույնպես ցուցիչ ու գնահատական է իշխանություններին:

 

-ՏԻՄ-երում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ բոլոր կուսակցությունների գրանցած արդյունքներից պարզ է դառնում, որ իշխող ուժը, կարծես թե, պարտություն է կրում: Ձեզ համար նման պատկերը սպասվա՞ծ էր:

-Անկեղծ ասած, այո, որովհետեւ հենց մարզերում են լինում նմանատիպ դեպքերը: Մասնավորապես Շիրակի մարզում սա նորություն չէ մեզ համար: Ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ, առհասարակ, համապետական ընտրությունների ժամանակ նույնպես գրանցեցին այսպիսի արդյունքներ: Այս կտրվածքով ինձ համար զարմանալի չէ: Մասնավորապես՝ այն ցուցակները, որոնք կազմել էին իշխանությունները, առանց սոցհարցումներ իրականացնելու, հնարավոր է, որ պարտվելու հավանականությունը կար: Նրանք վստահ էին, որ կընտրվեն ցանկացած դեպքում, ցանկացած պարագայում, բայց օրակարգը ցույց տվեց, որ, ոչ, քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենց զգոնությունն ու սթափությունը չեն կորցրել ու իրենց ընտրությունը կատարելու են, հենվելու են արժեհամակարգի վրա:

-Ընտրությունների մասնակիցների ցածր թվերը ինչպե՞ս կբացատրեք, հատկապես՝ գյումրեցիների մասով:

-Ցածր մասնակցությունը հենց իշխանության գնահատականն է, որ որքան էլ համապետական ընտրության ժամանակ ընտրեցին, բայց կառավարման որակի հետ համաձայն չեն: Գյումրեցիները իրենց վերաբերմունքը ցույց տվեցին իշխանությունների հանդեպ: Ես կարծում եմ, որ սա պատահական չէր, սպասելի էր սա բոլոր կողմից: Սրանից պետք է դասեր քաղեն կամ պետք է ոչինչ էլ չանեն:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԹԵՍՏԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՄԻՆՉԵՎ 20000 ԴՐԱՄ

Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին  կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել,  լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ  ու հերթեր են։  Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ  նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում սկսում է նկատվել թեստերի դեֆիցիտ,  ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թեստերի գնաճի։  Ինչպես հայտնի է, տեղական արտադրությունը ունակ չէ մեծ քանակությամբ թեստեր մատակարարել,  թեստերը ներկրվում են արտերկրից,   սակայն թեստեր ներկրողները մի բան հաշվի  չեն առել, որ  նախարարի հրամանով պարտադիր թեստավորման պահանջը  ուժի  մեջ մտնելուց հետո հսկայական հերթեր են գոյանալու լաբորատորիաներում թեստավորման համար։ Թեստեր ներկրողնեից մեկը  մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր  արդեն  երկրում կա կորոնավիրուսի թեստերի պակասորդ, եւ բացառված չէ, որ  թեստերի գները նորից բարձրանան՝ հասնելով մինչեւ 20.000 դրամի։ Քայլեր  կձեռնարկի  սրա դեմ կառավարությունը, թե ոչ, դժվար է ասել, չնայած որ   կառավարությունը համավարակի դեմ պայքարը տեսնում է միայն կոլեկտիվ պատվաստան միջոցով։ Ի դեպ, լաբորատորիաներում թեստերի համար հերթերն էլ լի են կորոնավիրուսով վարակման վտանգով, քանի որ  քաղաքացիների հերթերի ու կուտակումների հետեւանքով խախտվում են հակահամաճարակային կանոնները,  ու թեստավորման լաբորատորիաները փաստացի դառնում են կորոնավիրուսի տարածման օջախներ։

Թերեւս Հայաստանում ավելի քան 600,000  քաղաքացի արդեն իսկ նման խնդիրներից խուսափելու ու  համավարակի դեմ պայքարելու նպատակով  պատվաստվել է՝ ազատվելով նաեւ ամսական մի քանի անգամ թեստերի վրա գումար ծախսելու խնդրից։

 

 

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱՆ

Ղարաբաղից հարկադիր տեղահանված քաղաքացիները պետք է որոշակի կարգավիճակ ստանան, բայց ոչ թե փախստականների, այլ ներքին տեղահանված անձանց: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է «Վերադարձ՝ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանը Ղարաբաղից հարկադիր տեղահանված անձանց հիմնախնդիրների քննարկման ժամանակ:

 

Քննարկումը նախաձեռնել էր Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը: Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերի իրականացման որակին, ապա, ըստ Մովսիսյանի, դրանք լավագույն դեպքում բավարար չեն: «Սա խայտառակություն է. գրանցվել են տարիներ շարունակ Քաշաթաղում (Լաչին) չապրած մարդկանց սոցիալական նպաստներ տրամադրելու դեպքեր: Եւ, հակառակը, մարդիկ, ովքեր այնտեղ մնացին մինչեւ վերջ, դեռ չեն կարող օգտվել այս կամ այն ծրագրից: Նրանց բազմաթիվ դիմումներն ու բողոքները մնացել են անպատասխան, եւ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու մարդկանց երբեք չեն տրամադրվել օրենքով նախատեսված միջոցները»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այս հարցով իրենք ստացել են հարյուրավոր դիմումներ:

«Դրա հիման վրա մենք կարող ենք եզրակացնել, որ հարկադիր տեղահանված անձանց իրավունքները զանգվածաբար խախտվել են»,- ասել է նա:

«Հարկադիր տեղահանվածներին ֆինանսական եւ սոցիալական օգնություն ցուցաբերելու համար հսկայական միջոցներ են հատկացվել, բայց դրանք, մեծ հաշվով, ծախսվել են ոչ նրա վրա, ինչ պետք էր»,- կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի՝ «Արդարություն» կուսակցությունից պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքով, խնդիրները շարունակում են կուտակվել: «Բուն Ղարաբաղում անհրաժեշտ է լուծել ոչ միայն բնակարանային խնդիրը, այլեւ կանխել բնակչության հետագա արտահոսքը: Սոցնախարարությունը մեզ պատմում էր ինչ-որ վիթխարի ծրագրերի իրականացման մասին, սակայն, ի վերջո, ամեն ինչ սահմանափակվեց գումարի բաժանելով: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե սոցիալական հավասարության, այլ սոցիալական արդարության սկզբունքով. հենց դա է Լեռնային Ղարաբաղում բնակչության պահպանման գրավականը»,- ասել է պատգամավորը:

Ն.Պ.

 




Լրահոս