ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ երեկ քննարկում տեղի ունեցավ, որին  մասնակցեցին լրագրողները:  «Հայաստան» խմբակցության պատգամավորները դժգոհում են՝ ՔՊ-ն զանգվածային լրատվությանն առնչվող նախագիծ է հեղինակել, առանց լրագրողների, խմբագիրների հետ քննարկումների: Բացի այդ, նրանք նախագծում տեսնում են մի շարք խնդիրներ:

 

ՔՊ-ի ներկայացրած նախաձեռնությամբ, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է սահմանել, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից:  Քննարկումը նախաձեռնած պատգամավոր Էլինար Վարդանյանը նախ նշեց, որ սկզբնական փուլում ներկայացված նախագիծը, ըստ իրենց, շատ ավելի վատ ձեւակերպումներ է ունեցել, հետագայում ներկայացվել է լրամշակված տարբերակը, սակայն առանց լրատվամիջոցների հետ քննարկումների: «Քննարկում եղել է միջազգային կառույցների հետ, ինչպես նշեցին նախագծի հեղինակները, փորձագետների հետ: Նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը: Մտավախությունը, որ ես ունեմ, այն է, որ այդպես փորձ է արվում «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Ըստ էության, լրատվամիջոցներն «անանուն աղբյուր» օգտագործելու հարցում ունեն պաշտպանվածություն, եւ «չնույնականացվող աղբյուր»-ի օգտագործմամբ կփորձեն ինչ-որ կերպ նաեւ այդ հարցին անդրադառնալ»,-ասաց նա: Պատգամավորը շեշտեց՝ չի կարելի շահառուների հետ չքննարկել փոփոխությունների նախագիծը: Ըստ նրա՝ դա խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված քայլ է:

Լրագրող Սեւակ Վարդումյանը, անդրադառնալով նախագծին, նշեց. «Որոշ դրվագով համաձայն եմ այն հատվածին, որ երբ ասում են, որ անանուն, «Տելեգրամ»-յան ալիքներից եկող, «Ֆեյսբուք»-ից եկող ինֆորմացիաները հրապարակելուց հետո լրատվամիջոցները խնդիրներ են ունենալու: Այո, իրեն հարգող ցանկացած լրագրող նախ պետք է հասկանա՝ այդ տեղեկատվությունը որտեղից է, ինչ հիմքեր ունի, արժե հրապարակել, թե չարժե,  եւ պատրաստ լինել դրա համար պատասխանատվություն կրելու: Իսկ ինչ վերաբերում է հենց աղբյուրների բացահայտմանը, երբ լրագրողը փորփրում է, տեղեկանում է, մի քանի աղբյուրով ճշտում է լուրն ու հրապարակում, եւ հետո պատկան մարմիններն ասում են, որ աղբյուրը պետք է բացահայտի, աբսուրդ է»:

Ըստ նրա՝ լրատվամիջոցներին թիրախում պահելու մեթոդներ են կիրառվում: Սեւակ Վարդումյանը, առանց լրագրողական հանրույթի կարծիքը լսելու,  ԶԼՄ-ներին վերաբերող օրենք մշակելը համարեց առնվազն վիրավորական:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ սկզբում կոմիտեի բոլոր փորձերը՝ ներազդելու գործընթացի վրա, փոփոխություններ իրականացնելու, հաջողությամբ չեն պսակվել՝ բացառությամբ մի բանի: «Այն ժամանակ, երբ օրենքի նախագծում նախատեսված էր «անանուն աղբյուրներին» հղում չկատարելը, բացատրեցինք, որ դա անհնարին է, մանավանդ, երբ խոսքը հետաքննող լրագրողների գործունեության մասին է: Դրանից հետո մենք նկատեցինք, որ դա փոխեցին «չնույնականացվող աղբյուրներ»-ով, որը, մեր կարծիքով, գրեթե նույնն է»,- ասաց նա: Անդրադառնալով նախագծի լրամշակված վերջնական տարբերակին՝ Մելիքյանն ասաց. «Այս տարբերակով որեւէ աղբյուրին հղում տալու, այդ թվում՝ չնույնականացվող աղբյուրին հղում տալու արգելքը հանվել է:  Ասվում է՝ կարող ես բոլոր աղբյուրներից, օրինակ՝ «Տելեգրամ»-ի ալիքից վերցնել ինֆորմացիան, հղում կարող ես տալ, կարող ես չտալ, բայց դու վերցրու քո վրա պատասխանատվություն»:

Մելիքյանը այսպիսով շեշտեց, որ այդ առումով որեւէ առարկություն չունեն: «Որովհետեւ տեղեկատվությունը տրամադրելիս իսկապես ինչ-որ մեկը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի»,-ասաց նա ու հավելեց, որ օրինագծի մեջ, սակայն, տեսնում են այլ խնդիր՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը մերժելու հիմքերի դրույթների հետ կապված:

ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտության կենտրոնի փորձագետ Քրիստինե Ալեքսանյանն էլ նշեց, որ թե՛ պատգամավորների ելույթներում նշված խնդիրները, թե՛ լրագրողների ելույթներում նշված խնդիրները ֆիքսել է, եւ երբ նախագիծը լրամշակման համար գնա նախարարություն, անպայման կանդրադառնան բոլոր նկատառումներին:

ՔՊ-ի պատգամավորների հեղինակած նախագիծը հոկտեմբերի 19-ին հավանություն է ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովում եւ կքննարկվի լիագումար նիստում: Նախագծով առաջարկվում է օրենքում սահմանել նոր՝ «չնույնականացված աղբյուրներ» հասկացությունը: Փոփոխություններ են արվել նաեւ լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ

ՉԵ՞Ն ՊԱՏԺԻ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ի դեպ, Մարաբյանը Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Վարույթը վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացված որոշմանը։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է, եւ քննիչի միջնորդությունը՝ մերժել։ Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը։ Ըստ գործում առկա՝ մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների՝ ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն՝ ըստ փաստաբանի՝ օբյեկտիվորեն որուէ այլ որոշում, քան քննիչի միջնորդությունը մերժելը, տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։ Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է Վճռաբեկ բողոք, որն ընդունվել է վարույթ, եւ որոշում է կայացվել Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշումը բեկանելու մասին։ Ըստ էության, դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում արդարադատություն իրականացնելու, մասնավորապես՝ պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: Ասել է թե՝ դատավորներին, կարգապահական վարույթներ հարուցելով, փորձում են լռեցնել կամ վախեցնել: Եվ, ահա, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս կարգապահական գործը կկարճվի:

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի հետ ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի՝ բանկը երեք միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։ Դրամաշնորհը հատկացվում է առողջապահական համակարգի հաստատությունների կարողությունները բարելավելու, վիրուսի տարածումը կանխելու, հիվանդներին արդյունավետ բուժելու համար բժշկական անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

 

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից դադարեցվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության գումարների տրամադրումը: Այն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում բողոքի ալիք է առաջացրել: Տեղեկացնենք, որ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրվում էր յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով: Ի դեպ, աջակցության վճարման ժամկետը 9 ամիս էր սահմանվել, սակայն սեպտեմբերին այն դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարաությունն առաջարկում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարություն:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

Հոկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:17-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 09:17-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15? եւ արեւելյան երկայնության 43.98? աշխարհագրական կոորդինատներով,  Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մանրամասնելով, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Մեծավան եւ Ձորամուտ գյուղերում, 2-3 բալ ուժգնությամբ:

 

 

2603 ՆՈՐ ԴԵՊՔ

Հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ը` առողջացած, 5902-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Ունենք 827 առողջացած, 32 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:




Լրահոս