ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը կարեւոր որոշում է կայացրել անազատության կամ սահմանափակ ազատության պայմաններում գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրման գործողությունների որակման առումով: Այս քրգործով ՔԿՀ աշխատակցին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու եւ խոշտանգման դեպքը թաքցնելու, իբրեւ թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմելու համար:

 

Դատական քննության արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար, եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է համաներում, եւ նա ազատվել է ազատազրկման ձեւով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել եւ փոփոխել ստորադաս դատարանների որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար եւ նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ: Նշվում է, որ բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժողը գտնվել է ՔԿՀ տարածքում անազատության վիճակում, նրա նկատմամբ բռնություն է կիրառվել անհասցե հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ։

Վճռաբեկ դատարանը ընդունելի չի համարել առաջին ատյանի դատարանի այն պնդումները, թե բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից հակաօրինական արարքի կատարում: Անընդունելի է համարել նաեւ արարքը վերաորակելու հիմքում դրված այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը երկար չի տեւել, չի կրկնվել եւ այլն:

Հղում կատարելով «Մ. Սաղաթելյանը՝ ընդդեմ Հայաստանի» որոշման մեջ ՄԻԵԴ իրավական վերլուծություններին՝ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը եւ հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տուժող Ա. Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում` պետության վերահսկողության ներքո փակ տարածքում եւ, դրանով իսկ պայմանավորված, խոցելի իրավիճակում:

«Պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո՝ փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված՝ արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Ա. Աղաջանյանի պաշտպանությունը: Այս առումով կարեւոր է ընդգծել այն հանգամանքը, որ նշված պարտականության կատարումն ապահովելու համար պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի առումով»,- նշել է Վճռաբեկ դատարանը: Ելնելով այս ամենից եւ արձանագրելով, որ Ա. Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնահատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական եւ դատավարական իրավունքի էական խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել  Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Նշվում է, որ որոշման օրինակը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ

Ուշագրավ իրավիճակ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ եւ առաջարկ արել վերջինիս դեմ հարուցված քրեական գործով, ինչին Սեյրան Օհանյանը տվել է իր ուշագրավ պատասխանը: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քրեական գործով: Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրգործով, որի շրջանակներում մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Գործը ուղարկել էր դատախազություն: Դատախազությունը հետ է վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը: Ասել է թե՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն չի իրականացրել, եւ դատախազը որոշել է քրեական գործը կրկին ուղարկել հետ՝ ՀՔԾ՝ նոր քննություն իրականացնելու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2010թ. ընթացքում ՀՀ ՊՆ-ի կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդել էր՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՔԾ-ին հորդորում են «օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:

Ի պատասխան՝ ՀՔԾ-ն էլ որոշել էր չլռել եւ պատասխան էր տվել պաշտպանին. «Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ»:

Սակայն դատելով իրավիճակից՝ ՀՔԾ-ի ամպագոռգոռ հայտարարություններին բավականին կոշտ պատասխան տվեց դատախազությունը եւ ՀՔԾ քննիչի որոշումը, թե քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ կարող են այն ուղարկել դատարան, մերժեց ու կրկին այն ուղարկեց ՀՔԾ՝ նոր քննության:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՂՋԿԱ ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Արագածոտնի մարզում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։ Փրկարարները եւ ոստիկանները կամրջի տակից մոտ 1 կմ ոտքով մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել մահացածի դին եւ մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում՝ որպես անհայտ կորածի, 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։ Նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»:

 

 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:  «Արմենիա» ԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ը ներկայում վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչը 2021թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝ իր վարած ուղեւորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել: Կողաշրջման հետեւանքով վերջինս եւ նույն ավտոմեքենայի չորս ուղեւոր մահացել են, եւս 17-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

 




Լրահոս