Արման Թաթոյանը մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է նիստի մասնակիցներին, ապա ներկայացրել Պաշտպանի հաստատության փորձը՝ շեշտելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում համացանցից երեխաների անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ իրազեկումներին։ Մասնավորապես, Արման Թաթոյանը ներկայացրել է «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների համար համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ու «Կասպերսկի» ընկերության հետ համատեղ դասընթաց կազմակերպելու փորձը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին աջակցող սոցիալ-տնտեսական միջոցառումների ընդլայնմանը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին կից երիտասարդների իրավունքների պաշտպանության խորհուրդների ստեղծմանը:

Նշվում է, որ նիստին մասնակից մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցում գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը:




Լրահոս