ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս ենք մենք Արցախ մտնում, դուրս գալիս. իրենք էլ պետք է Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհ ունենան․ Գագիկ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ մենք սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու:

«Մենք դա ճանապարհ ենք ասում, իրենք՝ միջացք, բայց մենք իրենց միջանցք չենք տալու: Երթուղիներ ենք տալիս՝ երկաթուղի կամ ավտոճանապարհ: Հիմա ինչպե՞ս ենք մենք Արցախ մտնում, դուրս գալիս. նույնն էլ իրենք պետք է կարողանան ու Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհ ունենան»,- նշում է նա:

Վստահեցնո՞ւմ եք, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. այս հարցին Մելքոնյանը հստակ պատասխան չի տալիս: Երբ ճանապարհը կլինի, ասում է, նոր կքննարկվի՝ ով է լինելու վերահսկողը: Ըստ նրա՝ այդ ճանապարհին մաքսակետ պետք է լինի, այնպես, ինչպես, օրինակ, ՀՀ-Վրաստան սահմանին է: «Բայց ինչպե՞ս ենք, օրինակ, Արցախ գնում առանց մաքսակետերի, սոսկ անցակետերով, հնարավոր է եւ այդպես լինի, որ իրենք էլ ազատ մտնեն, դուրս գան: Վերջ-առաջ այդպես պետք է լինի, մենք պետք է գնանք նրան, որ ճանապարհները բացվեն: Մարտակերտ-Վարդենիս, Ղազախից դեպի Վրաստան ճանապարհներն էլ պետք է բացվեն»,- հավելում է իշխանական պատգամավորը:

Ստացվում է՝ իշխանությունը ոչ միայն ընդունում է, որ Ադրբեջանը դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու, այլեւ վստահ չէ, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու: Ավելին՝ վերոնշյալ ուղիով ադրբեջանցիները կարող են հեշտ ու հանգիստ ելումուտ անել:




Լրահոս