Հայաստանում բենզինի գները դարձյալ բարձրացել են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայաստանյան որոշ բենզալցակայաններում բենզինի գինը բարձրացել է 20 դրամով: Օրինակ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 500 դրամից բարձրացել է՝ դառնալով 520 դրամ, իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 520 դրամից հասել է 540 դրամի: Ի դեպ, տեղեկացնենք, որ որոշ բենզալցակայաններում, որոնք գնվում են Երեւանից դուրս դեռ բենզինի գները չեն բարձրացել: Բայց միեւնույն է՝ դրանք շարունակում են բարձր գնով վաճառվել: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ArmLur.am-ին փոխանցեցին, որ իրենք այս պահին ուսումնասիրում են բենզինի շուկան, արդյունքներն ամփոփելուն պես կհրապարակեն տվյալները:
Սրան զուգահեռ, նկատենք, որ միջազգային շուկայում բենզինի միջին գինը հոկտեմբերի 25-ի տվյալներով կազմել է 1.23 դոլար: Օրինակ Ռուսաստանում այդ օրվա դրությամբ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 346 դրամ: Նշենք, որ Հայաստանը հիմնականում բենզին ներկրում է Ռուսաստանից: Վերջին շրջանում ավելացել է նաեւ Իրանից բենզին ներկրողների թիվը, որտեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մոտ 30 դրամ է:
Ս.Հ.