ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2011թ. փետրվարի 24-ին «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ անցակետի դիմաց տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունը:  Հարցաքննվեցին երեք դատակոչված վկաները: Նրանցից երկուսը «Գյումրի» գարեջրի  գործարանի աշխատակիցներ  էին (Սուրեն Ջանոյան եւ Սամվել Պետրոսյան), իսկ երրորդը՝ Արթուր Սահակյանը, ամբաստանյալներ Սահակյանների հորեղբոր  որդին է: «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ առաքման բաժնի պետ  Սուրեն Ջանոյանը  դատարանի դահլիճում հայտարարեց, որ գործարանի ներսում տեսել է Արթուրին՝ արյունոտ հագուստով: Հետո մարմնական վնասվածք ստացած Վարդանին եւ Արթուրին տեղափոխել է  հիվանդանոց՝  իր  մեքենայով: Վկայի խոսքերով` տղաները եղել են ոչ թե Միսակ Բալասանյանի թիկնապահները, այլ նրա ընկերները` շեշտելով, որ Վարդանի եւ Արթուրի մոտ զենք չի տեսել, չի լսել նաեւ կրակոցի ձայն: Գործարանում որպես  վարպետ  աշխատող Սամվել Պետրոսյանը պատմեց, որ   տեղյակ է եղել այն մասին, որ գողություն է կատարվել գործարանում: Երբ Ռուդիկ Շահնազարյանը, Դավիթ Միքայելյանը եւ Ալբերտ Սահակյանը խոստովանել են կատարվածը եւ գողացված փականները  հանձնել են գործարանին, Սամվել Պետրոսյանը դրանք ներկայացրել է ոստիկաններին: Վկան ավելի ուշ իմացել է, որ գողությունից հետո տեղի է ունեցել նաեւ ծեծկռտուք, ապա դանակահարություն: «Ինձ եկան, ցեխի մեջ ասին` դուրսը մարդ են  խփել: Ես մինչեւ գնացի, արդեն մարդ չի եղել: Տեղյակ չեմ խփողից, ոչ էլ մտածել եմ, որ էս տղերքը կկարողանային մարդ խփեին»,-պատմեց Սամվել Պետրոսյանը: Վերջինս ճանաչել է Վարդանին` որպես Միսակ Բալասանյանի ընկերոջ, չի իմացել, որ նա անվտանգության աշխատակից է: Ամբաստանյալների շահերի պաշտպան Թամարա Յայլոյանի հարցը, թե զենք չի տեսել նրանց մոտ, զայրացրեց վկային:  Ս.Պետրոսյանը  շեշտեց, որ չի տեսել եւ հորդորեց նման ոչ կոռեկտ հարցեր չտալ: Դատարանը, սակայն, միջամտեց եւ պարզաբանեց, որ տղաների մեքենայից (Բալասանյանների պնդմամբ՝ Միսակ Բալասանյանի ընկերներին պատկանող մեքենայից) հայտնաբերվել  է ավտոմատ: Սակայն վկան կտրուկ հայտարարեց, որ ինքը ո՛չ զենք է տեսել, ո՛չ էլ լսել կրակոցի ձայներ: Հաջորդ վկա Արթուր Սահակյանը հայտարարեց, որ դեպքի մանրամասներն իրեն այնքան էլ ծանոթ չեն, որովհետեւ տեսնելով, որ  հորեղբոր  տղաներին գործարանի դիմաց  ծեծում  են,  փախել է դեպքի վայրից` վախենալով, որ իրեն էլ կվնասեն: Հարկ է նշել, որ այս գործով դեռեւս կան վկաներ, որոնք դարձյալ չէին ներկայացել: Եթե հաջորդ դատաքննությանն էլ նրանք չներկայանան, դատարանը ստիպված կլինի նրանց բերման ենթարկելու որոշում կայացնել:«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ տուժողի իրավահաջորդի եւ տուժողի շահերը պաշտպանող փաստաբան Վահե Արմենակյանի հետ: Վերջինս ասաց, որ իրենք դեռեւս վկաներին են լսում. «Լսել ենք ամբաստանյալներին, լսել ենք վկաներին, քանի որ դեռ ապացույցների փուլ չենք հասել, դատական նիստերին կլսենք մյուս վկաներին, պրոցեսն այնպիսին է, որ  ապացուցված է նախաքննության ընթացքը,  որ սպանություն է տեղի ունեցել, եւ դատաքննության ընթացքում այդ ամենը քննարկվում է, նորմալ դատական պրոցես է ընթանում»:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս