ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք կարող չհամաձայնել «Ժողովուրդ» թերթի հոկտեմբերի 7-ի համարում «Արդարության պահանջ» հոդվածի հեղինակի այն մտքին, որ նախընտրական քարոզարշավում ամենաշատ տրվող խոստումն արդարության ու արդարադատության  խոստումն է: Սակայն չմոռանանք, որ իշխանությունն էլ երբեմն-երբեմն հիշում է դրա մասին, եւ ՀՀ նախագահի մոտ այդ թեմայով խորհրդակցություններ են հրավիրվում, որոնք լուսաբանվում են մամուլում: Ի դեպ, խորհրդակցության վերջում տրվում են հանձնարարականներ` հստակ ժամկետներով, որոնց ավարտին պետք է ՀՀ նախագահին ներկայացվեն կատարված աշխատանքները: Բնական է, որ հասարակությունը միառժամանակ սպասում է խորհրդակցության արդյունքներին եւ արդյունք չտեսնելով` նորից սկսում դժգոհել, իսկ այդ դժգոհության մի մասն էլ արտացոլվում է մամուլի հրապարակումներում:ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում առկա նմանատիպ խորհրդակցությունների վերաբերյալ տեղեկատվության ընթերցումը մի պահ ոգեւորում է, սակայն վերադառնալով իրականությանը` հասկանում ես, որ գործ ունես կա՛մ քաղաքական գովազդի հետ, կա՛մ այդ խորհրդակցության արդյունքները պատասխանատու պաշտոնատարներին չեն հետաքրքրում, կա՛մ  էլ նրանք վարպետորեն թյուրիմացության մեջ են գցում խորհրդակցությունը վարողին՝ համոզելով, որ հանձնարարականները փայլուն կատարվել են:Բավականին հետաքրքիր էր 2008թ. գարնանը ՀՀ նախագահի՝ այդ ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հ.Մանուկյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպման վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Կայքէջից տեղեկանում ենք, որ քննարկման առանցքում է եղել դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը: Դրանց թվում նշվել է դատավորի նյութական կախվածությունը, կարգապահական պատասխանատվության հստակ չափանիշների հաստատումը, կարեւորվել է նաեւ դատարանի գործունեությանը միջամտելու համար պատասխանատվության խստացումը, այդ թվում նաեւ տարբեր մակարդակի պետական պաշտոնյաների համար:2008թ. սեպտեմբերից ՀՀ վճռաբեկ դատարանի եւ դատական համակարգի ղեկավարությունը ստանձնեց խորհրդակցության ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ա.Մկրտումյանը, ով պետք է որ ի պաշտոնե տեղյակ լիներ ՀՀ նախագահի տրված հանձնարարականներին եւ փորձեր իրականացնել դրանք: Եւ ի՞նչ արեց պարոն Մկրտումյանը. նա ուղղակի վերացրեց դատարանի եւ դատավորի անկախություն ու անաչառություն ասվածը, սակայն հստակեցրեց կարգապահական պատասխանատվության չափանիշները՝ այսուհետ կարգապահական պատասխանատվության ենթարկվում են այն դատավորները, որոնք իրենց դատական ակտերը չեն համաձայնեցնում իր կամ իր կողմից նշված անձի հետ: Լուծվեց նաեւ դատավորի նյութական կախվածության հարցը: Օրենսդրական կիսատ-պռատ փոփոխությունների արդյունքում առողջական վիճակի պատճառով թոշակի անցած դատավորը չէր կարողանում օգտվել դատական օրենսգրքով որպես դատավորի անկախության երաշխիք համարվող հավելյալ կենսաթոշակ ստանալու իրավունքից: Ծանոթացեք երկու պաշտոնաթող դատավորների հարցազրույցին ու կտեսնեք,  թե ինչպես է դատական համակարգի ղեկավարը «բարձրացրել»  համակարգի հեղինակությունը եւ դատարանի նկատմամբ հանրային վստահությունը:Այսքանից հետո արդարադատության որակի բարձրացման ակնկալիքով նորանոր խորհրդակցություններ են հրավիրվում երկրի նախագահի մոտ, որին մասնակցում են դատական համակարգը ստրկացրած եւ կազմալուծած անձինք ու զեկուցում են, որ վիճակն այնքան է «լավացել», որ այլեւս տեղ չկա զարգանալու, բոլորը գոհ ու շնորհակալ են եւ առիթ են փնտրում մեր դատարաններում դատվելու համար: Տարօրինակ ձեւով այդ խորհրդակցություններին չի ներգրավվում արդարադատության ամենակարեւոր օղակը` փաստաբանությունը, որի  ներկայացուցիչներն ամենաշատն են դժգոհում արդարադատության որակից: Ընդ որում, նրանց բողոքն անձնական բնույթի չէ, այլ աշխատանքային, քանի որ այլասերվել է նրանց աշխատանքային միջավայրը: Միգուցե եւ տրամաբանական է նրանց բացակայությունը: Նախագահի մոտ խորհրդակցությունների են հրավիրվում այն գերատեսչության ղեկավարները, որոնք գոհ են միմյանցից եւ շահագրգռված, որ իրենց կարծիքից տարբերվող դիրքորոշում չհնչի երկրի նախագահի մոտ: Ստացվում է, որ փաստաբանները ոչ թե մասնակցում են արդարադատության իրականացմանը, այլ պայքար են մղում նախաքննական ու դատախազական մարմինների եւ դատավորների դեմ: Հետեւաբար, այսպես չի կարող արդարադատություն իրականացվել, ուստի արդարության ու անկախ դատարանի մասին խոսքերը կմնան նախընտրական քարոզարշավի հիանալի ու անսպառ թեմա:ՎԱՀԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՀՀ քաղաքացի, իրավաբան




Լրահոս