ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախարարի տեղակալը՝ իրեն հարցաքննելու մասին. պետգնումների չարաշահումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործով որպես կասկածյալներ ներգրավված են ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։

Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը պետգնումների շրջանակներում էր, որը, ինչպես ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում մանրամասն գրել էինք, կենտրոնացած է եղել և այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը: Նշվում էր, որ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար, ներկայումս պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Հիշեցնենք, որ խոսքը «Ինտեր Լիմենս» ընկերության մասին է, որը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ տեղեկությունների, ստեղծել է փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը և այլ կապերը:

Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս:

Ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն։

ArmLur.am-ն այսօր Կարեն Բրուտյանից հետաքրքրվեց, թե իրեն այս գործի շրջանակներում ԱԱԾ հրավիրել են՝ հարցաքննության:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս