ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ՝ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ոլորտի մասնագետները հանդիպում էին կազմակերպել լրագրողների հետ, որպեսզի ներկայացնեին անցած 20 տարիների ձեռքբերումներն ու, իհարկե, այն խնդիրները, որոնք առկա են: Սեյսմոլոգիայի զարգացմանը տարիներ շարունակ պետական ուշադրություն չի դարձվել: Ֆինանսական սուղ միջոցներով եւ  ցածր աշխատավարձով ստիպված են եղել աշխատել երկար տարիներ: Հիմա որոշակի առաջընթաց նկատում են, սակայն գլխավոր խնդիրը հին սարքավորումներն են, որոնցով աշխատելն արդեն անհնար է: «Մասնագետները դրանք այնքան են նորոգել, որ արդեն թափելու բան են դարձել»,-անկեղծանում է ՍՊԱԾ ՀԲ տնօրեն Սերգեյ Նազարեթյանը: Խոսքը սեյսմիկ հնաչափական համակարգերի մասին է: Դրանցից 5-ն ունենք, սակայն ինչքան հասկացանք, գործնականում դրանք այլեւս պիտանի չեն: Այս ամենից հետո խոսում ենք ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում իրականացնելու մասին: Պարզ է, որ նման պայմաններում եւ սովետական սարքավորումներով այդ խնդիրը լուծել չեն կարողանալու: Ոլորտի մասնագետները փորձում են մխիթարվել նրանով, որ կանխատեսումը բոլոր երկրներում է լուրջ խնդիր: Միայն թե, ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ այս հարցը պետական լուրջ ուշադրության է արժանանում, եւ մշտապես խոշոր ներդրումներ են իրականացվում, Հայաստանում այդպես չէ: «Ադրբեջանցիները 1 մլն 650 հազ. դոլար տվեցին եւ ամերիկյան «Կինեմետրիքս» ֆիրմայից առան 24 հատ սեյսմիկ կայաններ, արբանյակային կապով տեղադրեցին: Մենք գիտենք, որ էդ փողը Հայաստանը չունի: Մենք էդ հիմնական չափող սարքերն էլի կառնենք նույն ֆիրմայից, մնացածը թող արբանյակային կապով չգա, հեռախոսով գա, մինչեւ տեսնենք` ինչ կլինի: Մենք էլ գումար ունենանք, մենք էլ արբանյակ կտեղադրենք»,-ասում է Սերգեյ Նազարեթյանը:   Մասնագետները դարձյալ խոսեցին 88-ի  աղետից: Անցած տարիների ընթացքում մանրամասն վերլուծվել եւ ուսումնասիրվել է  Սպիտակի ավերիչ երկրաշարժը, հետեւանքներն ու պատճառները: Դրանք դրվել են սեյսմիկ պաշտպանության ոլորտի բոլոր ծրագրերի, սեյսմակայուն շինարարության նորմերի հիմքում: Լոռու տարածքային կենտրոնի վարիչ Ռազմիկ Աթաբեկյանն ասում է՝ դասեր ենք քաղելու կատարվածից, որովհետեւ  մենք էինք մեղավոր: Այս ասելով` նա նկատի ունի շինարարների ոչ բարեխիղճ աշխատանքը: Շեշտում են, որ հիմա ավելի զգույշ են շինարարական կազմակերպություններն ու երբեմն չափից ավելի ամուր են կառուցում շենքերը: Խոսեցին նաեւ Տավուշում տեղի ունեցածի վերաբերյալ:  Չեն թաքցնում, որ խնդիրներ եղել են, որոնք ժամանակի ընթացքում պատշաճ ուշադրության չեն արժանացել, ինչն էլ հանգեցրեց աղետի: «Դեպքից 2 առաջ մի փոքր մարմին եկել, ճանապարհը փակել է: Մտածել են` սովորական գրունտ է: Էդ ժամանակ եթե մասնագետներ կանչեին, գուցե կարողանային կանխատեսել»,-շեշտում է Ս.Նազարեթյանը: Ռազմիկ Աթաբեկյանն էլ հավելում է. «Սա երեւի դաս լինի ճանապարհաշինարարների համար, որ լանջերի կայունությունը հաշվի առնեն: Տավուշի դեպքում այդ կայունությունը խախտված է եղել»: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս