Այսօր վաղ առավոտից շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում: Բողոքող վարորդների խոսքերով, իրենք ե՛ւ ցածր աշխատավարձ են ստանում, ե՛ւ ծանր գրաֆիկով են աշխատում, անգամ չեն հասցնում սնվել: Բացի այս, շտապօգնության վարորդները պահանջում են հանդիպում՝ քաղաքապետարանի որեւէ ներկայացուցչի հետ:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին փոխանցեց. «Այնպես չէ, որ այդ հարցերը քննարկման փուլում չէին, նույն աշխատավարձի բարձրացման, ոչ միայն վարորդների, այլեւ՝ բուժաշխատողների: Ամեն դեպքում դրա մասին մտածվել է, աշխատանք է տարվում: Ինչքան որ հասկանում ենք տարեվերջ ոչ մեկի աշխատավարձը չի բարձրանում, որ իրենք այսօր այդպես որոշել են այդ ակցիան կատարեն»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս պահին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կանոնավոր աշխատում է: «Մեր աշխատանքը նորմալ կանոնավոր շարունակվում է, մեր քաղաքացիները սպասարկվում են եւ կսպասարկվեն, որովհետեւ այս հինգ մեքենան չէ, որ սպասարկում են կանչերը եւ աշխատանքը չի խափանվելու, մարդիկ աշխատելու են: Ես անթույլատրելի եմ համարում նման ձեւով բժշկական հիմնարկում հարցեր լուծելը, աշխատանքները կշարունակվեն եւ հետագայում մնացած այս հարցերին անդրադարձ լինելու է: Այնպես չէ, որ ոչ մեկ չի հասկանում եւ ցանկություն չունի նման դրական ձեւով հարց լուծելու: Դա ինձանից կախված չէ, բյուջե հաստատելիս այդ հարցերը կքննարկվեն»,- նկատեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:
ArmLur.am-ի հարցին՝ ի՞նչ է սպասվելու բողոքի ակցիայի մասնակից վարորդներին, Թագուհի Ստեփանյանն ասաց. «Ես դրան չեմ անդրադարձել, ինձ համար կարեւոր է այն, որ հիմա մեր աշխատանքը չխափանվի, վարորդները թող իրենք մտածեն»:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը դիմեց նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից խոստացան ավելի ուշ մեկնաբանել:
Սյունէ Համբարձումյան