Կարմիր բլուրում վեճն ավարտվել է կրակոցներով. սպանվել է 40-ամյա տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Ժամը 02:10-ին էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի:

Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01:30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00:50-ին Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ չորս տղամարդկանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մահ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, ՔՈԳՎ, Շենգավիթի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել և սպանություն կատարելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել վիճաբանության մասնակիցները, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս