ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում են «փրկում» իրավապահները. զինծառայողների մասունքները պարկերի մեջ հայտնաբերման գործի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 6 ամիս է անցել, ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես են զոհված և դեռ հարազատներին չհանձնված զինծառայողների մասունքները սպիտակ պարկերի մեջ դրված Աբովյանի դիահերձարանում գետնին՝ առանց սառեցման համակարգի տարածքում։

Դեպքից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել դիերի պահման ոչ պատշաճ պայմանների համար, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն՝ պարզելու, թե ո՞ր պատասխանատու պաշտոնյայի գործողությունների կամ անգործության հետևանքով է առաջացել նման խնդիր։ Տեսանյութի հրապարակումից հետո «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել էին աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենն էլ ստացել էր խիստ նկատողություն:

Գործը հասավ իրավապահներին. քննչական կոմիտեն փաստի առթիվ հարուցեց քրեական գործ:

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ զոհված զինծառայողների դիերն ու մասունքները, պոլիէթիլենային պարկերով, տեղափոխվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի նկուղային հարկ:

Նշված կենտրոնի բաժնի վարիչը, նախապես տեղեկացված լինելով սառնարանների առկայության ու դրանցում դիեր պահելու համար նախատեսված ազատ տեղերի բացակայության մասին, 2021թ. մայիսի 28-ին, առանց որևէ հիմնավորման և փաստաթղթային հաշվառման, ընդունել և կենտրոնի նկուղային հարկում պահել է նշված դիերն ու մասունքները:

Պարզվել է, որ սենյակները, որտեղ դիերն ու մասունքները տեղափոխվել են, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես՝ օդափոխման և ջերմային համակարգեր, ինչն արձանագրվել է 2021թ. մայիսի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ և այլ քննչական գործողություններով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Դատելով իրավիճակից՝ այս աղմկահարույց փաստերի հրապարակումից հետո կոնկրետ անձինք պետք է մեղադրյալի աթոռին նստած լինեն, սակայն կոմիտեն 6 ամիս է՝ քննություն է իրականացնում եւ մինչ օրս որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ:

Ստացվում է, որ իշխանությունները, ի դեմս նախարար Ավանեսյանի, ձեւական մի քանի հոգու նկատողություն տվեց, իսկ ահա իրավապահներն էլ ծնողների զայրույթը մեղմելու համար քրեական գործ հարուցեցին, թե իբր կպատժվեն մեղավորները, սակայն 6 ամիս անց որեւէ մեկը պատժված չէ, իսկ գործով քննությունը շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս