Ինչու է ՔՊ-ն պատժում Նազելի Բաղդասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Գյումրու նորընտիր ավագանին համայնքապետ է ընտրել «Բալասանյան դաշինք»-ի համամասնական ցուցակի անդամ Վարդգես Սամսոնյանին, բայց, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, քաղաքը դե ֆակտո ղեկավարելու է Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ թեեւ չի ուզում նսեմացնել նորընտիր քաղաքապետի գործոնը, բայց ամեն դեպքում «Բալասանյան» դաշինքը պրոյեկտ է եղել:

-Գյումրին քաղաքապետ է ընտրել, ի՞նչ կարծիք կհայտնեք: Կարո՞ղ է համայնքը լավագույնս ղեկավարել:

-Անկեղծ ասած, նրան չեմ ճանաչում, բայց կարող եմ ասել, որ նա պրոյեկտ է: «Բալասանյան դաշինք»-ն ընդհանրապես պրոյեկտ է, եւ բոլորն էլ լավ գիտեն, որ սրա հետեւում կանգնած է Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, եւ արդեն սա հուշում է, որ վաղը եւ մյուս օրը քաղաքի կառավարման մեջ կլինեն Սամվել Բալասանյանի ընտանիքի մտերիմները, բարեկամները, որոնք շատ մեծ տեղ ունեն ավագանու ցուցակում: Այս ամենը ցույց է տալիս, որ Բալասանյանների ընտանիքը շատ մեծ ազդեցություն է ունենալու քաղաքի կառավարման մեջ: Ես այստեղ չեմ ուզում նսեմացնել նորընտիր քաղաքապետի գործոնը, բայց ամեն դեպքում «Բալասանյան դաշինք»-ը պրոյեկտ է եղել:

-Հաշվի առնելով, որ«Բալասանյան դաշինք»-ը ՔՊ-ի հետ հուշագիր է ստորագրել, կարո՞ղ ենք ենթադրել, որ «Բալասանյան դաշինք»-ն էլ իր հերթին պրոյեկտ է իշխանությունների կողմից:

-Այն, որ Գյումրիում մինչ ընտրությունները խոսվում էր, որ «Բալասանյան դաշինք»-ը, ապագայում 2-րդ տեղը զբաղեցնելով, պետք է համագործակցի առաջին տեղը շահած քայլիստների հետ, նման խոսակցություններ վաղուց կային: Այսինքն՝ հետեւություն, որ իշխանություններն արդեն իրենց հաղթող էին ձեւացնում եւ «Բալասանյան դաշինք»-ի միջոցով փորձում էին վերցնել քաղաքապետի պաշտոնը: Բայց ինչպես տեսանք, ընտրությունների ժամանակ Գյումրին ոչ ասաց քայլիստներին՝ նախապատվությունը տալով «Բալասանյան դաշինք»-ին, որը մոտ 7 տոկոսով ավել ձայն ստացավ, քան քայլիստները:

-Բայց հուշագիր կնքեցին: Ի՞նչ կասեք:

-Այո՛, «Բալասանյան դաշինք»-ը բազմաթիվ ձեւաչափերով կարող էր ձերբազատվել քայլիստների կցորդը լինելու անպատվաբեր տիտղոսից՝ համագործակցելով «Զարթոնք»-ի կամ մյուս երկու քաղաքական ուժերի հետ: Բայց «Բալասանյան դաշինք»-ը, ինչպես գյումրեցին է ասում, «գնաց եւ նախրի մեջ պաչեց իշու ճակատը»:

-Պարո՛ն Համբարյան, ընտրություններից առաջ խոսվում էր, որ Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում է իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը, իսկ Նազելի Բաղդասարյանն էլ նշանակվելու է Շիրակի մարզպետ: Այդ լուրերը ինչքա՞ն են հավաստի:

-Նազելի Բաղդասարյանի հետ գալը Գյումրի պատիժ է նրա համար:

-Ինքը հակառակն է ասում. ըստ իրեն՝ քանի որ ինքն ավելի շատ համբավ ունի Գյումրիում, ՔՊ-ն որոշել է իրեն նշանակել այդ պաշտոնին: Ի՞նչ կասեք:

-Այլ բան է՝ ինքն ինչ է ասում, եւ այլ բան է, թե ինչ ենք մտածում մենք, եւ հատկապես՝ ես: Ես՝ որպես վերլուծաբան, կարող եմ ասել, որ Նազելի Բաղդասարյանի պաշտոնի ցածրացում է եղել: Գործող իշխանության օրենսդիր մարմնի քարտուղարը, որն անմիջականորեն շփվում է իրենց էլիտային հետ, որը անմիջականորեն շփվում է օրենսդիր մարմնի իրենց խմբակցության ներկայացուցիչների հետ, անընդհատ մեկնում է արտասահման, Ն. Բաղդասարյանն հենց այնպես այդ պաշտոնից չէր հրաժարվի եւ գար Գյումրի: Իրենո՞վ է ասել, որ ինքը Գյումրիում մեծ համբավ ունի կամ շատ սիրված է:

Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Ն. Բաղդասարյանի, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ Հովհաննես Հարությունյանի թիմերի միջեւ գնում էր բացահայտ պայքար: Դրա արդյունքը եղավ այն, որ իրենք շատ զարմանահրաշ ցուցակ կազմեցին եւ, բացի դրանից, սկսեցին հիբրիդային գործել՝ ամեն մեկը հովանավորելով այս կամ այն քաղաքական ուժին: ԱԺ-ի ընտրություններից հետո նրանց մոտ այն տպավորությունն էր, որ Նիկոլի ուսապարկն ու փայտիկը որ դնեն, գյումրեցին կընտրի իրենց, այն էլ փայտիկը թարս բուսնեց: Իրենց տկարամիտ, անտրամաբանական ցուցակին գյումրեցին ասաց՝ ոչ:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ քայլիստները մեղադրում են Նազելի Բաղդասարյանին, որը պետք է պատասխանատվություն կրի այս խայտառակության համար: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններին քայլիստները Գյումրիում հավաքում են 65-67 տոկոս, իսկ ՏԻՄ ընտրություններում հավաքում են ընդամենը 29,6 տոկոս: Ն. Բաղդասարյանին ուղարկելը Շիրակի մարզ պատիժ է նրա համար: Նրա վերջնարդյունքը կլինի դեկտեմբերի 5-ի ընտրությունները Ամասիա, Ախուրյան եւ Արթիկ տարածաշրջաններում, որտեղ եթե նա տանուլ տա, նրան կասեն՝ ցտեսություն:

Սեւակ Վարդումյան




Լրահոս