Armenian text to speach

ԻՍԿ ՄՅՈՒՍ ՍՈՂԱՆՔՆԵ՞ՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչ փրկարարներն Այրումի սողանքի գոտում հայտնաբերում, հողի տակից դուրս են բերում անհետ կորածների դիակներն  եւ մեքենաները, Տավուշի մարզի սողանքային մյուս գոտիներում բնակվողները խիստ անհանգստացած են իրենց ճակատագրի համար: Սահմանամերձ Ոսկեպար գյուղի 70-ամյա բնակչուհի, երկրորդ կարգի հաշմանդամ Նարենգյուլ Հարությունյանի տունը գտնվում է գյուղ մտնող հիմնական ճանապարհի տակ: Այս տարվա մայիսի 6-ից ճանապարհի եզրի 10 մետրանոց հատվածը քանդվել է, հողը սահել է դեպի տուն: Կինը դիմել է տարբեր ատյաններ, ինչի արդյունքում հուլիսի 5-ին  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է այցելել նրա տուն, ՀՀ նախագահի աշխատակազմից են զանգահարել, հետաքրքրվել: Նախագահականի աշխատակազմի աշխատակիցների հարցմանն ի պատասխան` Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանն ասել է, որ  ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ընկերության ճարտարագետ Լադիկ Մամյանի կարծիքով` սողանքի գոտուց հողի հեռացման, ճանապարհի հենապատի կառուցման համար կպահանջվի շուրջ 15 միլիոն դրամ: 70-ամյա Նարենգյուլ Հարությունյանին Տավուշի  մարզպետարանը մի անգամ 60 հազար դրամ, մյուս անգամ 140 հազար դրամ օգնություն է տրամադրել: Սակայն նման փոքր գումարով ի՞նչ կարելի է անել: Նարենգյուլն  ամեն գիշեր ահը սրտում է անկողին մտնում` վախենալով նոր փլուզումից: Պակաս մտահոգիչ չէ մեկ այլ սողանքային գոտու` Գետահովիտ գյուղի վիճակը:  Իջեւան քաղաքին հարակից  այս գյուղում  25 տուն գտնվում է սողանքի տարածքում, որից 6-ը խիստ վտանգավոր գոտում: Գետահովտի գյուղապետ Սարգիս Ղազարյանն ասաց, որ գետնի մեջ ճեղքերն ավելի են խորանում, եղել են շինությունների փլուզումներ: Իսկ Դիլիջան քաղաքում էլ սողանքից փլվում է կենտրոնական` Մյասնիկյան փողոցը: Հարցն ամիսներ շարունակ ուսումնասիրվում է կառավարությունում, սակայն «սայլը տեղից չի շարժվում»:




Լրահոս