Երկու անգամ վարակվել եմ կորոնավիրուսով եւ շատ ծանր եմ տարել. Եվա Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դերասանուհի Եվա Բաղդասարյանից  հետաքրքրվել է, թե արդյոք վարակվել է կորոնավիրուսով եւ ինչպես է վերաբերվում Կառավարության պահանջով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը:

«Կորոնավիրուսով արդեն հասցրել եմ վարակվել երկու անգամ: Առաջին անգամ վարակվել եմ անցած տարի նույն այս ժամանակահատվածում, երբ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լարված ծանր վիճակում էինք գտնվում պատերազմի պատճառով, իսկ երկրորդ անգամ հիվանդացել եմ մոտ վեց ամիս առաջ: Երկու անգամն էլ հիվանդությունը տարել եմ շատ ծանր, եւ հիմա էլ երրորդ անգամ վարակվելու վտանգը կրկին առկա է»,-ասաց դերասանուհին:

Եվա Բաղդասարյանի խոսքով, չնայած հիվանդության ծանր տանելուն, նա դեռեւս հապաղում է պատվաստվել.

«Դեռեւս սպասում եմ, եւ հետեւում եմ պատվաստված մարդկանց արձագանքներին, հետո նոր որոշակի ժամանակ անցնելուց հետո կփորձեմ ինքս պատվաստվել»:

Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2045 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 629-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6491 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Նոյեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1312 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 57 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7803-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս