«ԶԶՎԵՑԻ 20 ՏԱՐԻ ՆՈՒՅՆ ԲԱՆՆ ԱՍԵԼՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է Ռուբեն Հախվերդյանը, ով, ինչպես միշտ, համարձակ պատասխաններ տվեց մեր հարցերին, բայց քաղաքականության մասին լռեց` հավելելով, որ նախագահի պաշտոնում միայն իրեն է տեսնում: 20-ԱՄՅԱ ԱՆԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ -Ժողովրդի մեջ շատ եմ լսել, որ անկախությանն անկապություն են ասում, համաձայն եմ: Երբեք այսքան կախված չենք եղել, եւ այսքան մեծ ստեր, որ հիմա են ասվում, չեն եղել: Նույնիսկ կոմունիստների ժամանակ Բրեժնեւն այսպես չէր ստում:Սրիկաները դարձան մեծ փողատերեր եւ սկսեցին հասարակությանը եւ հասարակ ժողովրդին թելադրել իրենց կամքն ու ճաշակը: Քաղաքականությունը մի կողմ թողնենք, հենց թեկուզ երգարվեստի ոլորտը տեսնենք: Անճաշակությունը հնչում է ոչ միայն ռեստորաններում, այլեւ դուրս Է եկել բեմ, եթերից է հնչում: Եթերի տերն էլ մեր կառավարությունն է, որը մշակույթից ոչ մի գաղափար չունի: Ես թքած ունեմ, թե իմ մասին ինչ կմտածեն: Մեդալ կտա՞ն, թե՞ չէ: Չնայած, մի հատ մեդալ ունեմ` «Մովսես Խորենացի», դա էլ վերցրել եմ այն պատճառով, որ նա ասում էր. «Ողբամ զքեզ, իմ հա՛յ ժողովուրդ, որ թագավորդ է մանուկ, ու նախարարներդ են կաշառակեր»: ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ՋԱՐԴ-Նախկին մտավորականությունը գնաց, բայց էլի որոշ հատիկներ մնացել են` Հենրիկ Հովհաննիսյան, Պերճ Զեյթունցյան, Հակոբ Հակոբյան: Իսկ եթե գնացածների մի մասը մնար, պետք է կաշկանդված լինեին իրենց սովետական քառակուսիների մեջ: Ինքս էլ դեռ օրենքով մտածող մարդ չեմ, հասկացողություններով եմ մտածում, գողերը կասեին` գաղափարով: Գնում է պրոֆեսիոնալների ջարդ, ամեն մի գեղցի բերում է իր հորողբոր տղուն ու դնում պրոֆեսիոնալի տեղը: Այս երկրում անհնար է ապրել, հայերը լավ են ասում` ֆոկուսով ապրում ենք:ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ-Երիտասարդությունը միշտ էլ հասարակության պարամետրն է: Հույսներդ պետք է դնեք ձեզ վրա, վաղը դուք պետք է կառավարիչներ դառնաք: Եւ ես էլ իմ հույսը ձեզ վրա եմ դնում: Դուք էլ պետք է զբաղվեք ինքնազարգացմամբ: Ես դպրոց համարյա չեմ գնացել, վերջում ատեստատը հայրս չասեմ առավ, բայց տենց մի բան սարքեց: 7 դպրոց եմ գնացել, 7-ն էլ չեմ ավարտել: Բայց ես շատ եմ կարդացել, մեկ-մեկ էլ երկրաչափություն էի սիրում, հիմնական ժամանակս էլ անցկացնում էի Զանգվի ձորում, գիշերներն էլ կպնում էի գրքին:Իմ բախտը բերել է այն իմաստով, որ մեզ ճնշում էին եւ չէին հեռարձակում ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Ստացվում է Պարույր Սեւակի «Ճամփեզրի խոտը» բանաստեղծության պես մի բան: Ասում է. «Ինձ այնքան տրորեցին, որ ես ստիպված արմատս երկարացրի հողի մեջ»: Այն բացասական բանը, որ մեզ վրա եղել է, վերջում տվեց իր դրական պտուղները:Զարգացած, իմաստուն մարդու երեխան շատ ավելի երջանիկ ու ճիշտ կապրի, քան ապահով, շփացած մարդու երեխան: Աշխատեք լինել ճարպիկ ու խելացի եւ թույլ մի՛ տվեք, որ ձեզ հարիֆցնեն:ԵԹԵ ԼԻՆԵԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ-Եթերը կազատագրեի կառավարական երգիչ-երգչուհիներից, դրանք մեծ փողեր են ստանում վերեւից: Վերջին հանճարեղ երեւույթն ինձ համար Սոնա Շահգելդյանն է, միասին երգել ենք իմ սկավառակում: Միգուցե նա շատ զարգացած չէ, բայց այնպիսի ինտուիցիա, ձայն եւ ոճի զգացողություն ունի: Ես նրան շատ-շատ եմ սիրում: Նա այնքան բնական մարդ է: Տարիներ առաջ էլ Սիրուշոյի հետ 2 երգ երգեցի: Նա իմ ընկերների աղջիկն է: Իր բնավորությունն է շատ դուրս գալիս, կոտոշավոր երեւույթ է, չնայած նա անընդհատ ամաչում էր ինձանից: Նա ձայնի այդքան լայն հնարավորություն չունի, ինչպես Սոնան, բայց ունի բեմական մեծ հմայք ու լավ էլ տեղ զբաղեցրեց էդ տխմար «Եվրատեսիլ»-ում, որը ես պարզապես փողերի լվացման տեղ եմ համարում:ԱՅՍՊԵՍ Է ԵՐԳԸ ԾՆՎՈՒՄ-Ես էնքան ախմախ մարդ եմ, երբեք չեմ նստել, որ երգ գրեմ: Ասենք` խոհանոցից պետք է գնամ քնելու, մեկ էլ մի հանգ է մտնում գլխիս մեջ, նստում եմ, տնգտնգացնում եմ ու լավ հիշողություն ունեմ, դա չեմ մոռանում, երկրորդ օրն էլ եմ նվագում, ու դառնում է երգ: Ես երգերը շատ արագ եմ գրում, բայց երկար մշակում եմ: Ոչ մի երգ էլ հատուկ չեմ գրել: Ես իմ երգերով ուզում եմ հույս տալ մարդկանց` ասելով` ես ավելի ծանր կյանքով եմ ապրել, քան դու:  Տեսահոլովակներ չեմ սիրում նկարել: 1 ամիս հետո ձայնասկավառակս դուրս կգա, ես ավելի շատ էներգիա եմ ծախսում գումար պռճոկելուց, քան երգ գրելուց: Բայց դե գումար էլ պետք է լինի, ամեն մի ձայնասկավառակ 15-20 հազար դոլար արժի: ԻՐԱԿԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ -Ես կպատասխանեմ Ֆրանսուա Վիոնի` 14-րդ դարի ֆրանսիական մեծանուն բանաստեղծներից մեկի խոսքերով. «Ես գիտեմ ամեն ինչ եւ բոլորին, բայց ինձ չեմ ճանաչում»: Դրա համար էլ փիլիսոփաներն ասել են. «Ճանաչի՛ր ինքդ քեզ»: Ես դեռ այնքան բացասական գծեր ունեմ, որ դեռ ի հայտ չեն եկել: Մարդու բացասական գծերն ի հայտ են գալիս մեկ շատ հարուստ, մեկ էլ շատ աղքատ ժամանակ: Երբ մարդու տեղը նեղվում է, նա կարող է սեփական հորեղբորն ուտել: ԻՆՁ ԸՆՏՐԵՔ-Պետություն պահելն ու բարոյական նորմեր պահելը շատ ծանր ու պատասխանատու գործ է, դրա համար պետք է մեր կառավարիչների նման նեղմիտ չլինես, լայնախոհ լինես, զարգացած, հումոր ունենաս, մի քիչ ցինիկ լինես, որոշ դիկտատորական բաներ էլ պարտադիր են: Ես 2 ամիս դեռ կլռեմ, ընտրություններից առաջ կասեմ: Հոգնել եմ 20 տարի նույն բանն ասելուց, զզվեցի արդեն: Ում եմ ընտրելո՞ւ:  Մյուս ընտրություններին ընտրե՛ք ինձ` որպես նախագահ: Ես միայն ինձ եմ տեսնում այդ դերում:  ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս