5 անշարժ գույք, հողամասեր. ինչ ունեցվածք ունի Հայաստանի գլխավոր դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը չի դադարում քննարկել Հայաստանի գլխավոր դատախազին եւ նրա տեղակալներին աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելում տալու վերաբերյալ հարցը: Այս թեմայի շրջանակներում, ArmLur.am-ը ուսումնասիրեց ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հայտարարագիրը:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը թվով 5 անշարժ գույք ունի. անհատական բնակելի 2 տուն, որոնցից մեկը՝ Շիրակի մարզի Հոռոմ համայնքում, մյուսը՝ Աջափնյակ վարչական շրջանում, 3 հողամասն էլ՝ Հոռոմում: Գլխավոր դատախազի բանկային մնացորդներին եղած գումարը նախորդ տարեվերջին կազմել է 7 մլն 641 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 5.1 մլն դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գլխավոր դատախազի եկամուտն ընդհանուր կազմել է մոտ 19.5 մլն դրամ, որից 118 հազար դրամը Դավթյանը ստացել է Երեւանի պետական համալսարանից, իսկ 2 մլն 597 հազար դրամը՝ պետական եկամուտների կոմիտեից: Միայն ամսական աշխատավարձը կազմել է՝ 1 մլն 390 հազար դրամ: Գլխավոր դատախազի կնոջ՝ Անի Դավթյանի կանխիկ դրամը կազմել է 3 մլն դրամ, իսկ աշխատավարձը 44 հազար դրամ, որը ստացել է Երեւանի պետական համլսարանից: Գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը թվով 4 անշարժ գույք ունի, որոնք են՝ «Hyundai», «Gaz», «Zil», «Lexus»:

Ի դեպ, վերջինը՝ 2014 թվականի արտադրության «Lexus»-ը, դատախազի հայրը գնել է 2019 թվականին: Բացի այս, հայր Դավթյանն ունեցել է 3.5 մլն դրամի չափով կանխիկ գումար, իսկ բանկային հաշիվներին եղած գումարը կազմել է 2 մլն 797 հազար դրամ: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 431 հազար դրամ, որը ստացել է «Այբիէմթի լոգիստիկ» ընկերությունից: Ստացած կենսաթոշակը կազմել է 46 հազար 700 դրամ: Բացի այս, նա այլ եկամուտ է ստացել՝ 2 մլն 580 հազար դրամի չափով, իսկ աղբյուրը նշված է շուկա: Թե ինչ է վաճառել դատախազի հայրը, հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է գլխավոր դատախազի ու նրա տեղակալների պաշտոնները սահմանել «առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող»: Բացի աշխատավարձից, նախագծի համաձայն, նրանց ամեն ամիս կտրվեն հավելումներ՝ աշխատավարձի 90-120 տոկոսի չափով: Եթե սա ընդունվի, ապա գլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կկազմի շուրջ 2 մլն դրամ, իսկ տեղակալներինը՝ 1.5 մլն դրամ:

Ս.Հ.




Լրահոս