Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել: Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որեւէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։ Դա, ըստ երեւույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը եւ այլն: Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգել եւս 1 շաբաթով, իսկ բուհերում՝ հեռավար կթության անցնել։ Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ առողջապահության նախարարը ահագնացող թվեր է հրապարակում ու զգուշացնում, որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ որեւէ սահմանափակում չի լինելու։ Այսինքն՝ անկախ հանգամանքից, թե Covid-ից քանի մարդ կմահանա, հայրենի իշխանությունը հակահամաճարակային քայլեր անել չի պատրաստվում։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, օրինակ, քրոնիկ հիվանդություն ունեցող ու տարեց քաղաքացիների համար կառավարությունը տնային ռեժիմ է սահմանել:
Այս օրերին ակտիվ խոսակցություններ են տարածված ՔԿՀ-ներում այն մասին, որ արդարադատության նորանշանակ նախարարը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբին համաներում կհայտարարի: Ի դեպ, ըստ լուրերի, այս համաներումը կապ չունի զինվորականների համաներման հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արդարադատության նախարարություն, որտեղից ասացին, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Կոմիտեն իր առաջարկի նպատակ է ներկայացնում պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը եւ ընդգծում՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»: Թեեւ վիճակագրություն չի նշվում, ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները:
ՀՀ կառավարության՝ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ի որոշումը Հայաստան ժամանող քաղաքացիներին խիստ զայրացրել է: Տեղեկացնենք, որ, ըստ այդ որոշման, «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց րոպեներ անց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները քաղաքացիներին պարտադրում են կորոնավիրուսի ՊՇՌ տեստ հանձնել հենց օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում: Լաբորատորիաները մի քանիսն են, որոնք ՊՇՌ թեստի հետազոտության համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Նրանք կառավարության այս որոշումը համարում են անարդյունավետ, որովհետեւ այս ճանապարհով հաստատ հնարավոր չէ պայքարել կամ կանխել կորոնավարակը: Ամենից շատ քաղաքացիներին զայրացնում են լաբորատորիաները, որոնք օդանավակայանում են տեղակայված, եւ թեստ հանձնելու համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ, իսկ պատասխանը տրամադրում են մեկ կամ երկու օր անց: Կան քաղաքացիներ, որոնք պատասխանը ստացել են երեք օր հետո: Սրան զուգահեռ նկատենք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում. քաղաքացիների մի մասն առանց դիմակ է, կամ էլ այն ծնոտի տակ է, սոցիալական հեռավորություն ընդհանրապես չի պահպանվում, երկար հերթեր են, բոլորն իրար կպած են կանգնած: Մինչեւ ՊՇՌ թեստի պատասխանը ստանալը նրանք օդանավակայանից դուրս են գալիս, շփվում հարազատների, ընտանիքի անդամների հետ. կա՛մ վարակվում են, կա՛մ էլ վարակում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը օդանավակայանից հետաքրքրվեց՝ հնարավոր է այս որոշումն առաջիկայում չեղարկվի, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ընկերության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ, ոչ, այս պահին նման հրահանգ չկա: Ասել է թե՝ կառավարությունը, մի կողմից, քաղաքացիներին հորդորում է հակահամաճարակային կանոնները պահպանել, մյուս կողմից՝ անարդյունավետ պայքար տանում վիրուսի կանխարգելման դեմ:
Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։ Պետական պարտքի մեծ մասը կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 8 միլիարդ 564 մլն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։ Տարեսկզբի համեմատ՝ կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 190 մլն դոլարով։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 372 միլիոն դոլար։ Սրա մեջ են մտնում ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 6 մլրդ 192 մլն դոլար։ Պետական պարտքի 473 միլիոն դրամը Կենտրոնական բանկի պարտքն է։