«ՀԱՅՐԵՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է, որ ընդդիմության օրակարգը, այն է՝ ամեն ինչ անել իշխանության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, երբեք էլ երկրորդ պլան չի մղվել։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը ոչ միայն նոյեմբերի 9-ին ու 10-ին, այլ նաեւ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ են հանրահավաքներ կազմակերպելու։

 

-Ընդդիմությունը հայտարարում է փողոց դուրս գալու ու պայքարելու մասին. իշխանությունների հեռացումն է նպատակը: Ասում են, որ ընդդիմությունը մեկ անգամ էլ փորձեց հեռացնել իշխանություններին, բայց չստացվեց: Ո՞րն  է երաշխիքը, որ այդ անգամ ստացվելու է:

-Քննադատներին իրականում չեմ էլ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ մի հայկական առած կա էշի եւ էշատերի մասին: Ցանկացած պարագայում ամեն մեկն ինչ-որ  դիտողություն կարող է ունենալ, ամեն մեկն ազատ է իր գործողություններում, այդ թվում՝ ընդդիմությունը, «Հայաստան» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր գործողություններում: Տվյալ դեպքում այնպես չէ, որ բողոքի գործողությունները դադարեցված էին: Ես կարող եմ մտաբերել մի քանի նման գործողություններ. «Դաշնակցության» ուսանողական, երիտասարդական միություններ, դաշնակցական Երեւանի քաղաքային կոմիտե, վերջերս երիտասարդական նախաձեռնություններ էին գործողություններ անում: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին, ուզում եմ մի պարզաբանում մտցնել. դեռ 2 շաբաթից ավել առաջ «Դաշնակցություն»-ը հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանում նոյեմբերի 9-10-ին հանրահավաքներ եւ երթ անցկացնելու մասին: Ոստիկանությունը մի հետաքրքիր գրություն էր ուղարկել քաղաքապետարան՝ նշելով, որ անցնող տարվա պատերազմը կործանարար ազդեցություն ու հետեւանք ունեցավ Հայաստանի եւ Արցախի ու ամբողջ հայ ազգի նկատմամբ: Ոստիկանությունը նշել էր, որ հաշվի առնելով, որ հանրության մեջ պահպանվում է հուզական մթնոլորտ՝ դրա համար նպատակահարմար չի համարում երթը կառավարական շենքերի մոտով արտոնել: Այսինքն՝ ոստիկանությունը հստակ արձանագրել է, որ հանրության մեջ կա դժգոհություն:

-Նման գնահատակա՞ն էր տրվել:

-Այո, թղթի վրա պաշտոնապես գրություն էր ուղարկել: Այսինքն՝ այն, որ իշխանությունը պնդում է, թե ընտրություններով հանգուցալուծվել է ներքաղաքական ճգնաժամը, այդպես չէ, եւ դա արձանագրում է  ոստիկանությունը: Այդ ժամանակ, երբ հայտը ներկայացված էր՝ ամսի 9-ի մասին, չկար այն տեղեկատվությունը, որ ենթադրվում է, որ ամսի 9-ին Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու: Դրա համար էլ Իշխան Սաղաթելյանը մի առիթով ուղղակի հայտարարել է, որ ամսի 9-10-ի հայտը չի ենթադրում որեւէ այլ օր հանրահավաք չանցկացնելը: Վստահ եմ, որ շուտով դրա մասին ավելի հստակ կտեղեկացվի:

-Այսինքն՝ այդ ենթադրվելիք փաստաթղթի մասով էլ կլինե՞ն դժգոհություններ:

-Այո, եւ կասեցման փորձեր, որովհետեւ մի նախադասություն է Իշխան Սաղաթելյանը օգտագործել, որ մեզ պետք է հայրենիքը եւ ոչ թե հայրենատվությունից հետո իշխանության հեռացում: Այսինքն՝ մեր խնդիրը նման զիջողական փաստաթղթերի ստորագրման կասեցումն է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կասեցրել է քրեական գործով փորձաքննությունները, ինչի համար էլ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ԱԱԾ՝ հասկանալու համար, թե ինչու է կանգնել փորձաքննությունների գործընթացը:

 

Նշենք, որ մինչ օրս քրեական գործով անցնող պաշտոնյաները՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը,  ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Ստեփան Գալստյանը, ինչպես նաեւ  զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ պատրոն Դավոն, ցուցմունք չեն տալիս: Հիշեցնենք, որ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:

Ապա փաստաբանական թիմը հավելել էր. «Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է՝ հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարի լռությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Բանն այն է, որ Տոնոյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել այն ողջ գործընթացից, ինչի մեջ մեղադրում են իրեն, իսկ վերջինս մեղադրվում է շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաեւ բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն, Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը»:

Ք.Մ.

 

 

ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ

Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի:

Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաեւ այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու եւ քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է: Մեզ փոխանցեցին նաեւ, որ խնդիրներից մեկը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրամիություն հակամարտությունը, ու որ ՌԴ-ն ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրները չեն ընդունում ՌԴ-ի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում ու լուծում:

Նման իրավիճակը կյանքի կոչելու դեպքում մեր առողջապահական համակարգը կարող է կանգնել լրջագույն խնդրի առջեւ, այն է՝ հազարավոր մարդիկ միանգամից կգնան պատվաստման, ու կգոյանան հսկայական հերթեր, քանի որ Ռուսաստանում աշխատելը շարունակում է մնալ մեր հազարավոր հայրենակիցների ապրուստի հիմնական, եթե չասենք՝ միակ միջոցը, ու նման սահմանափակումը կարող է սոցիալական լուրջ ցնցումների հանգեցնել:

Թերեւս քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան պատվաստվելը, հակառակ դեպքում անգամ  արատագնա աշխատանքով հանապազօրյա հացի համար գումար վաստակելը  կարող է դառնալ անհնարին։

 

ՓՆՏՐՈՒՄ ԵՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր ենթադրյալ սպանություն կատարողին փնտրում են: Մյուս ենթադրյալ սպանություն կատարողի գործը մտել է դատարան: Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է: Ըստ նախաքնական մարմնի` Սարգիս Ավագյանին դանակահարել էին Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը: Դեպքից որոշ ժամանակ անց Զորիկ Մանուկյանին հայտնաբերեցին, իսկ, ահա, մյուս ենթադրյալ սպանություն կատարող անձին դեռ փնտրում են: Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանի եւ վերոնշյալ անձանց միջեւ վեճը եղել է մեքենայի բարձր երաժշտության շուրջ, եւ Սարգիս Ավագյանին դանակահարել էին, որի հետեւանքով նա մահացել էր:

 




Լրահոս