Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական եւ անվտանգային անկայուն միջավայրով: Մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ կառավարությունը, տարվա արդյունքներով, ավելիի հույս ունի: Պիտի ուրախությամբ նշեմ, որ 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին կարեւոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 15.3 տոկոսով կամ 19 միլիարդ 308 միլիոն դրամով: Արտահանումն աճել է 20 տոկոսով, շինարարության ծավալներն աճել են 7 տոկոսով:
«2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելացել է 17 տոկոսով, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 25 տոկոսով: Ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 միլիարդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավել է 10 տոկոսով: 2022 թվականի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկսով»,-ասել է նա:
Վարչապետը նշել է, որ 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝
l անվտանգության համակարգի բարեփոխում եւ բարելավում,
l ենթակառուցվածքների զարգացում,
l կրթության եւ գիտության արդիականացում:
Ն. Փաշինյանը նշել է, որ Հայաստանը խնդիր է դրել ամեն տարի սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, ՀՀ-ն հետեւողականորեն շարժվելու է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով: «2022-ի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Մենք հետեւողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը, զարգացնելով եւ բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»,- ասել է նա:
Անվտանգային նոր միջավայրում երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն: «Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- ասել է նա: Ըստ վարչապետի՝ ՀՀ տարածքից, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման եւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար: «Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական ռազմավարությանը, կառավարության ծրագրում արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասել է Փաշինյանը:
Ն. Պ.
ՍԿՍՈՒՄ ԵՆ
Չի բացառվում, որ փողոցային պայքարը կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած պահի կարող են ցանկացած պահանջներ դրվել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից։ «Նոյեմբերի 9-10-ի հանրահավաքների առումով մենք դիմել ենք 20 օր առաջ։ Մեր խնդիրն այն է, որպեսզի օգտագործենք բոլոր հնարավոր մեթոդները՝ խուսափելու համար հերթական իրավիճակի ստեղծումից, որը կհակասեր հայկական շահերին։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխենք գործընթացը, ոչ թե արձագանքենք պոստֆակտում։ Բոլոր գործընթացները, այդ թվում՝ բանակցային, որոնք վարում են իշխանությունները, պետք է լինեն հրապարակային։ Պետք է լինի հանրության եւ սփյուռքի ներգրավվածություն։ Չեն կարող քարտեզները կամ փաստաթուղթը դրվել հիմքում, եթե չկան հետազոտություններ Հայաստանի կողմից։ Այս մասին ասել է նաեւ Փաշինյանը։ Եթե ասել է եւ շարունակում է անել նույնը, ուրեմն նա պետք է պատասխան տա դրա համար։ Ընդդիմադիր ուժերը չունեն միմյանց հետ մրցակցելու խնդիր, այլ դրված է ազգային սպառնալիքներին դիմակայելու խնդիրը։ Մենք միշտ ասել ենք, որ պայքարը պետք է վարվի բոլոր հնարավոր ուղղություններով»,- նշել է նա:
ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի հետագա գործունեությունը դեռ հայտնի չէ: Տեղեկացնենք, որ Սեդրակյանն Ազգային Ժողովի մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Նշենք, որ յոթ օրվա ընթացքում նա դիմումը կարող է հետ վերցնել: Եթե չվերցնի, ապա զրկվում է մանդատից: ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել նա: Պարզվեց՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին թվով 44 անշարժ գույք ունի: ArmLur.am-ը նրա՝ պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրից տեղեկացավ, որ ունի 17 հատ հողամաս, 1 բնակարան, անհատական բնակելի 2 տուն, 6 հատ ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 7 հատ տարածք, հասարակական նշանակության 7 հատ տարածք, արտադրական նշանակության 4 հատ շինություն: Բացի այս, տեղեկացնենք, որ Սեդրակյանը թվով 8 ընկերությունում բաժնեմաս ունի: Օրինակ՝ 2019 թվականին նա 75 տոկոս բաժնեմաս է ձեռք բերել մեկ ընկերությունից՝ 100 մլն դրամ արժեքով: Սեդրակյանի կանխիկ դրամը ընթացիկ տարում կազմել է 1 մլրդ 606 մլն 500 դրամ եւ 540 հազար դոլար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սեդրակյանի եկամուտը կազմել է ընդհանուր 59 մլն 530 հազար դրամ: «Դռագսման» ընկերությունից Դավիթ Սեդրակյանը ստացել է 2 մլն 700 հազար դրամ գումար՝ վարձակալության դիմաց: Բացի այս, նախորդ տարի կրտսեր Սեդրակյանը 50 մլն դրամով գույք է վաճառել: Նրա ստացած վարկի մայր գումարի մնացորդն այս տարվա ընթացքում կազմել է 5 մլն 921 հազար դրամ: Նա 13 ընկերությունում բաժնեմաս ունի. «Բիդեք»-ում՝ 75 տոկոս, «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ում՝ 15 տոկոս, «Դռագսման Սթոր» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Նարիպրոֆ»-ում՝ 50 տոկոս, «Գաջ» ՓԲԸ-ում՝ 51 տոկոս, «Էրեբունի մարքություն» ընկերությունում՝ 50 տոկոս, «Մհեր Սեդրակյան» ՍՊԸ-ում՝ 60 տոկոս: Տեղեկացնենք նաեւ, որ Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունները պետական կառույցների կողմից հայտարարված մրցույթներին են մասնակցել եւ հաղթող ճանաչվել, ընդ որում՝ 5 մլն դրամը գերազանցող պայմանագրեր են կնքվել այդ ընկերությունների հետ: Նրա կնոջ` Ելիզավետա Մարգարյանի կանխիկ դրամը կազմել է 4 մլն դրամ: Մեկ ընկերությունում Սեդրակյանի կինն ունի 50 տոկոս բաժնեմաս:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գյումրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են: Ընտրատարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվել մանդատները: Այսպես, Գյումրու ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ, առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն` 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»` 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ: Քանի որ քաղաքական ուժերից որեւէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում՝ իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։
ԿՍԿՍՎԻ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄ
Հայաստանի եւ Լիտվայի մայրաքաղաքների միջեւ ուղիղ մարդատար օդային հաղորդակցությունը կսկսվի ձմռան առաջին ամսից. հայտնում է Լիտվայի տրանսպորտի նախարարությունը։ Տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի խոսքով՝ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի Լիտվայի եւ Հայաստանի միջեւ առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, շփումներին ձեռներեցության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին, երկու երկրների մայրաքաղաքների միջեւ թռիչքներ կիրականացնի հունգարական Wizz Air (Wizz Air) բյուջետային ընկերությունը։ Օդային հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերի կեսերից։
3
1184 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2296552 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2006632, վերջին մեկ օրում` 14037 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 27284 պացիենտ. մեկ օրում նվազել է 82-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 261952 անձ, վերջին մեկ օրում՝ 1026 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 6055 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել՝ Ռազմիկ Մարգարյանին նշանակելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի արարողակարգի պատասխանատու: