«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աժ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը հայտնեց, որ նախկին պատգամավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ ապօրինի քրեական գործ է: Ըստ փաստաբան Ամիրխանյանի՝ քանի որ տուժողը մահացել է, Ջանիբեկ Հայրապետյանի դեմ ցուցմունք է տվել մահացածի կինը: Փաստաբան Ամիրխանյանի խոսքով՝ այս քրեական գործի հետեում կան ուժեր, եւ պետք է հասկանալ, թե սլաքները որտեղից են գալիս:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահները Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին պատահական չեն հիշել, այլ նրան ձերբակալելը խորը արմատներ ունի:
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել, ապա կալանավորման համար միջնորդություն է ներկայացրել դատարան ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի մասով: ArmLur.am-ը գրել էր, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Քննչական կոմիտեն կալանավորման տանում Ջանիբեկ Հայրապետյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին:
Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից եւ պատճառել է ծանր մարմնական վասվածք: Միաժամանակ, ստացված տեղեկությունների համաձայն, նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գեւորգ Բայադյանին: Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: ArmLur.am-ը այս դեպքի մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել, նա կտրականապես հերքել էր շարադրվածը:
Այս գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես՝ այն, որ գործով տուժող Վաղինակ Սահակյանը անցած տարի մահացել է: Ստացվում է, որ գործով տուժողը չկա, նախկին պատգամավորի դեմ ցուցմունք տվող չկա, սակայն նրան կալանավորել են: Ինչո՞ւ. իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջանիբեկ Հայրապետյանը այս տարվա խորհրդարանական ընտրություններին ներքին կարգով աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին, ասել է թե՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի համար, եւ նրան որոշել են պատժել:
Ք.Մ.
ՎԱՐԻՉԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած գործունեության արդյունքում պարզել են, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը, նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երեւանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաեւ գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.420.000 Հայաստանի Հանրապետության դրամ կաշառք:
Այս մասին տեղեկացրել են ԱԱԾ-ից: Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը, ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին եւ օրինական շահերին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պաշտոնատար անձանց կողմից կատարված նույնաբնույթ այլ դեպքերը հայտնաբերելու եւ նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, հանցանքների կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են գերեզմանատան վարիչը եւ հսկիչը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է: Հարկ է ընդգծել, որ միայն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար որպես պատիժ օրենսդիրը նախատեսել է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով:
ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Դեկտեմբերի 5-ին նշանակված են Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր համայնքները միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այսպիսով, խորհրդային տարիների Նոյեմբերյանի շրջանի բոլոր` 19 բնակավայրերը կներառվեն մեկ համայնքի մեջ։ Ի տարբերություն Դիլիջանում հոկտեմբերի 17-ին կայացած եւ նոյեմբերի 14-ին Իջեւանում կայանալիք ավագանու համամասնական կարգով ընտրությունների՝ Նոյեմբերյանում թեժ պայքար է սպասվում։ Թեեւ ընտրությունները համամասնական կարգով են՝ կուսակցությունների թեկնածուների ցուցակներով, սակայն առաջիկա ընտրությունները Նոյեմբերյանում ավելի շատ ընկալվում են որպես մրցակցություն մեծ համայնքի ղեկավարի պաշտոնում որոշակի անձանց ընտրելու համար։ Թեկնածուների առաջադրման ժամկետից դեռ ժամանակ կա, սակայն արդեն շրջանառվում են համայնքի ղեկավարի 4 թեկնածուների անուններ։ Նոյեմբերյան խոշոր համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկը, նախկինում «ԱԿԲԱ» բանկի Բերդի եւ Նոյեմբերյանի մասնաճյուղերի տնօրեն աշխատած, այժմ ձեռներեց Մհեր Աղամյանը՝ «Հանուն հանրապետության» կուսակցության, Կողբի խոշոր համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը, Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, տարիներ առաջ Դովեղի գյուղապետ եղած Հայկ Ղազարյանը՝ «Մեկ Հայաստան» կուսակցության թեկնածուների ցուցակը։ Հավանական է, որ խոշոր համայնքի ղեկավարի թեկնածուների թիվը կարող է աճել։
«ԱՐՈՒ» ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը (tavush.mtad.am) գրել է. «Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը, ստացել է ընտրողների 57% ձայները»։ ՔՊ-ն Դիլիջան համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններին ներկայացրել է 35 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ, քվեարկության մասնակիցների, ոչ թե ընտրողների 57 տոկոսը ընտրել է այդ կուսակցության թեկնածուներին, ոչ թե միայն այդ ցուցակի 1-ին տեղում գտնվող, իր անձնական գործում իր սեռական պատկանելիությունը «արու» գրած Դավիթ Սարգսյանին։ Մնացած 34 հոգուն ձայն չե՞ն տվել, նրանք թեկնածու չե՞ն եղել, մի՞ թեկնածու է եղել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ