Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Այս մասին հայտնել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։ Սա իրենց լավ է բնորոշում, չէ՞։ Հիմա փոխանցել ենք մեր առաջարկը, բայց դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ ասեմ, մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող եւ չպահպանող ժողովուրդ են»,- ասել է նախարարը։
Շուշիի պատկերասրահում մնացել են մի շարք արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։ Ղարախանյանը նշեց, որ այդ նկարների դիմաց Արցախը Բաքվի հետ «40 ադրբեջանական կտավից բացի, փոխանակելու այլ բան չունի»։
Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։ Նշենք, որ Շուշիի կերպարվեստի, պատմության եւ երկրաբանական թանգարաններն ամբողջ գույքով անցել են Բաքվի վերահսկղության տակ, գորգերի եւ դրամի թանգարանի գույքը հայկական կողմը հասցրել է տարհանել։ Ղարախանյանի խոսքով՝ նա դեռ հոկտեմբերի 19-ին է թանգարանների տնօրեններին հորդորել տարհանել գույքը, սակայն Շուշին մարդկանց համար այնքան ապահով էր թվում, որ շատերը ոչ միայն չէին տարհանում, այլեւ այլ վայրերից էին թանկարժեք իրերն այդ օրերին տեղափոխում Շուշի։ Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանը տարհանել է գորգերը հոկտեմբերի 30-ին, դրամի թանգարանի տարհանումը կազմակերպել է Կենտրոնական բանկը։
Կերպարավեստի թանգարանում ներկայացված էին հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Արմինե Կալենցի, ռուս անվանի նկարիչներ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Դիմիտրի Ժիլինսկու, Անատոլի Սաֆոխինի, Տարաս Շեւչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի եւ այլոց կտավները:
Երկրաբանության թանգարանի ֆոնդում եղել են 480 անուն հանքաքար եւ օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրներից։ Դրանց մեջ կային հնագույն ցուցանմուշներ՝ մեկը՝ ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, իսկ հենց Արցախի տարածքում հայտնաբերված հանքաքարերից ամենահինը 146 մլն տարեկան է: Շուշիի պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ՝ սկսած հնագույն շրջանից: Ցուցադրված էին Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշներ, քաղաքի կենցաղը, սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադեւոս Թամիրյանցի տան ինտերիերն էր, կային տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահ-կարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը եւ այլն:
Ն. Պ.
ԱՄՍԱԿԱՆ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ եւ հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն մինչեւ 6 տարեկանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «2022-ի բյուջեն լուծելու են բազմաթիվ կարեւորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին եւ դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ եւ հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցությամբ ձեւով, եւ այդ աջակցությունը կշարունակվի մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,-ասել է Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ դա նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն, արդեն 2 երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն: «Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Եւ, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,-ասել է Փաշինյանը:
Աղքատության եւ սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար նա կարեւորեց ամուր տնտեսական եւ անվտանգային հիմքերը: Փաշինյանը խոստացավ, որ դրանք դնելու են ամուր հիմքերի վրա եւ ստեղծելու են առաջիկա մի քանի տարիների ընթացում: «Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ արժանապատիվ կյանքը»,- եզրափակել է Փաշինյանը:
ՁՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային եւ նախալեռնային շրջաններում երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթեւեկել ձմեռային անվադողերով»,- նշել է նա: Ավելի վաղ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդվարդ Գրիգորյանի դատավարությունը։
Նրան դատում են այն արարքների համար, որ նա կատարել է դեռեւս Բերդի զինվորական հոսպիտալի պետ աշխատած ժամանակ։ 2019 թվականի օգոստոսի 20-ին Է. Գրիգորյանը քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ հանդիսանալով Բերդի առանձին բժշկական ջոկատի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով բուժծառայության փոխգնդապետ, պարտավոր լինելով հոսպիատալում քաղաքացիական անձանց անվճար բուժսպասարկելուց առաջ պահպանել Հայաստանի Հանրապետությունում գործող համապատասխան օրենսդրությամբ եւ մի շարք իրավական ակտերով նախատեսված դրույթների պահանջները՝ անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, 2019 թվականի հունվարի 23-ին, առանց գնացուցակով սահմանված 200 հազար դրամ գումարը գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Անահիտ Աղաջանյանին, 2019 թվականի հունվարի 29-ին, առանց 180 հազար դրամ գումարը գանձելու, վիրահատել է Մովսես գյուղի բնակիչ Վոլոդյա Ավալյանին, 2019թ. հունվարի 30-ին, առանց 150 հազար դրամը գանձելու, վիրահատել է Նավուր գյուղի բնակչուհի Ալիսա Մարդանյանին, 2019թ. փետրվարի 25-ին, առանց 140 հազար դրամը գանձելու, վիրահատել է Վազաշեն գյուղի բնակիչ Գայանե Ամիրխանյանին, ինչի հետեւանքով ընդհանուր 670 հազար դրամ զինհոսպիտալի դրամարկղ չի վճարվել։ Սույն քրեական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է արագացված դատաքննություն։
Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հաշվի է առել, որ Է. Գրիգորյանին մեղսագրված արարքը միջին ծանրության հանցագործություն է, նա առաջին անգամ է կատարել հանցագործություն, դատարանում նա, իրեն մեղավոր ճանաչելով, հայտարարարել է, որ արարքները կատարել է այն պատճառով, որ հիվանդները վճարունակ չեն եղել, եւ իր անձնական միջոցներից վերականգնել է պետությանը պատճառված 670 հազար դրամ վնասը։
2019 թվականի հոկտեմբերի 17-ին դատավոր Մելքոնյանը որոշել է քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արտակ Ավետիսյանը այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2020թ. փետրվարի 21-ին վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2019թ. հոկտեմբերի 17-ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սույն քրեական գործով քննությունը կատարվում է դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ