PROJECT LA-Ն ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

PROJECT LA-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Ինձ բացակա չդնեք» երգի հիման վրա։ Այս անգամ խումբը համագործակցել է երգիչ Տարոն Մուրադյանի հետ։ Սա Տարոնի հետ նրանց առաջին համագործակցությունն է։

 

ArmLur.am-ն այս եւ այլ հարցերի մասին զրուցել է PROJECT LA-ն խմբի մենակատար Գոռ Սուջյանի հետ:

«PROJECT LA-ի հետ համագործակցությունը շարունակվում է, ունենք նոր երգեր՝ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունների հիման վրա: ՄԻ խոսքով, ունենք աշխատանքներ, որոնք շուտով կներկայացնենք մեր հանդիսատեսին: Հիմնականում ունենք նաեւ բացառություններ, երգեր կան, որոնց հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Օրինակ՝ այս նոր երգը, որը կատարում է մեր սիրելի Տարոն Մուրադյանը, ես չեմ կատարում, քանի որ այդպես է որոշել մեր պրոդյուսերը, բայց կարծում եմ՝ շատ հաջողված որոշում է, երգը մեր սիրելի գործընկերոջ կատարմամբ բավականին սիրվել է, եւ եւս մեկ հնարավորություն է հիշեցնել մեր դասականներին»,- նշեց Գոռ Սուջյանը:

Գոռ Սուջյանի խոսքով՝ PROJECT LA-ն պարբերաբար ունենում է այլ կատարողներ, ինչու չէ, նաեւ հնարավորություն է ընձեռնվում շատ շնորհալի երիտասարդ կատարողների:

Ի դեպ, հավելենք, որ «Ինձ բացակա չդնեք» երգը գրվել  է Համո Սահյանի բանաստեղծության հիման վրա։ Երաժշտության հեղինակը Լեւոն Արեւշատյանն է:

Նշենք, որ խումբն ի սկզբանե ստեղծվել է Լեւոն Արեւշատյանի երգերը ներկայացնելու համար։ Էդգար Պոյի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունները երգերի վերածելուց հետո Լեւոն Արեւշատյանը որոշեց անդրադառնալ հայ դասականների՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սեւակի բանաստեղծություններին:

Անդրադառնալով նաեւ նոր համերգային շրջագայություններին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Գյումրիում համերգային ծրագրից հետո պետք է մեծ շրջագայության  մեկնեին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց, ցավոք, կորոնավիրուս համավարակի եւ սահմանափակումների պատճառով  այն տեղի չի ունեցել. «Այդ իսկ պատճառով դեռեւս շրջագայություններ չեն պլանավորում, քանի որ չգիտենք, թե ինչն կլինի: Այս ընթացքում նրանք համագործակցել են Գոռ Սուջյանի, Նարինե Դովլաթյանի, Ռոլանդ Գասպարյանի եւ այլ կատարողների հետ։

Հիշեցնենք, որ Project LA երաժշտական նախագծի նախորդ տեսահոլովակը նվիրված է եղել արցախյան երկրորդ պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի եւ մյուս բոլոր նահատակ տղաների հիշատակին:

Երգը կոչվում է «ՌԵՔՎԻԵՄ»: Այն կատարել է երգիչ Գոռ Սուջյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՆ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը:

 

Համերգի ավարտին կկայանա  երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը, որոնք նվիրվելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:

Նախաձեռնությունը մեկնարկել է դեռեւս այս տարվա օգոստոսի 13-ին՝ Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի՝ «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:

Դասական երաժշտության մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմից հետո Արցախից եկած երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն միտված դրամահավաքն էր:  Կատարվել էր որոշակի ուսումնասիրություն, եւ ընտրվել էր  երկու դպրոց՝ Երաժշտական ակադեմիական եւ Շուշիի արվեստի դպրոցները, որոնք այժմ ստիպված են գրեթե զրոյից վերականգնվել: Դպրոցներն ունեն հարյուրավոր աշակերտներ, որոնք ուզում են շարունակել երաժշտական կրթությունը:

Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները:

«Երեխաներն ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ եւս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:

Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով:  Համերգի մուտքն անվճար է:

Moscow Classic Ensemble-ի աշնանային բարեգործական համերգի շրջանակներում տեղի կունենա հայտնի ռուս երաժիշտ եւ ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Ալեքսանդրովիչ Կատենինի վարպետության դասը, որին կմասնակցեն Երեւանի պետական կոնսերվատորիայի սաները:

 

 

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը եւ վիճակահանությունը, հայ բռնցքամարտիկներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին: Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգան Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից, որտեղ կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ռիվերա Պիզարոյի հետ: Հաղթանակի դեպքում Բազեյանը հաջորդ փուլում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակչում կմենամարտի սլովակ Ալյազ Սիրցելիի հետ, իսկ հաղթանակի դեպքում հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:

 

 

ՈՒԺԵՂ ՓՈԽԱՐԻՆՈՂ

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի հեռուստամեկնաբան, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը «Մանչեսթեր Յունայթեդին» հորդորել է գլխավոր մարզչի պաշտոնում ավելի ուժեղ փոխարինող գտնել նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին։ «Սուլշերը լավ աշխատանք է կատարել, բայց Կլոպի, Տուխելի եւ Գվարդիոլայի հետ մրցակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է ավելի ուժեղ մարզիչ։ Ուլեի վատագույն օրն էր կարիերայում։ Նա չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին», որին չեմպիոնական մակարդակի հասցնելու համար պետք է այլ մարզիչ։ Այդպիսի ակումբը չի կարող հույսը դնել մարզչական մասնագիտության նրբությունները նոր սերտողի վրա»,- Կարագերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։ Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»։ Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

 

 




Լրահոս