ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999-ի հոկտեմբերի 27-ը էլի չորեքշաբթի էր՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր, երբ գնդակահարվեցին 8 պետական այրեր՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ օրս այդ առիթով հարուցված քրգործը հարցականներ ունի: Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ: Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճված գործի վերաբացումից մոտ երկու տարի անց դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ հայտնի չեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Այո, բազմաթիվ հարցաքննվողներ են եղել, մեծաքանակ փաստաթղթերի առգրավումներ են կատարվել։ Դատախազությունը ցուցում է տվել ԱԱԾ-ին, քննչական դեպարտամենտին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննչական կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Դրանք այս պահին ընթացքի մեջ են»,- մեզ հետ զրույցում նշեց Աբրահամյանը։ Նա գործի մասին շուրջ երկու տարի հրապարակումներ չլինելու հանգամանքը բացատրեց նրանով, որ այն գաղտնիության բավականին մեծ էլեմենտներ է պարունակում։ «Նոր մեղադրանքներ չկան,- ասաց ու վստահեցրեց։- Գործի քննությունը չի քնեցվել»։ Աբրահամյանը, սակայն, չմանրամասնեց, թե գործի շրջանակներում ովքեր են կանչվել հարցաքննության։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ 2 տարվա մեջ Բախշյանը մեկ անգամ հրավիրվել է հարցաքննության։ Հավելյալ մանրամասների Մեջլումյանն ինքն էլ չի տիրապետում։ Նշենք, որ վերանշյալ գործի վերաբացումը Անահիտ Բախշյանը Հայաստանում քաղաքական կուրս փոխվելու հետ էր կապում։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդներն իսկապես լիահույս էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կլծվի ողբերգական ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործին։ Իրականությունը, սակայն, այն է, որ իշխանափոխությունից ավելի քան երեք տարի անց իրավապահ համակարգի ներկայացուցիչները ութ մարդու կյանք խլած ոճրագործության մասով ոչ միայն նոր բան չեն բացահայտել ու ներկայացրել, այլեւ գործը նոր քննության ուղարկելուց օրեր անց Հայաստանը լքել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում պարտվելուց հետո որոշել են նոր ռազմավարություն իրականացնել եւ նոր անձանց ներգրավել: Ըստ այդմ, իշխանությունները գործի են դնելու իրենց ծանր հրետանին եւ նոր մարտավարությամբ շրջելու են բակից բակ: Այս անգամ նրանք կենտրոնանալու են Ստեփանավան եւ Կապան քաղաքների վրա: Ստեփանավանում աշխատանքները կորդինացնում են պատգամավոր Արփի Դավոյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ընդ որում՝ վերջինս հայտարարել է, թե ինքը կարող է աշխատանքները համակարգել նաեւ Կապան քաղաքում, քանի որ, իր խոսքով, սեր ու հարգանք է վայելում: Այսպես նաեւ փորձ է արվում Տիգրան Ավինյանին հետ մղել եւ առանց նրա աշխատանքներ իրականացնել, քանի որ վերջինս արդեն մեկ անգամ ձախողել է Սյունիքում: Եվ այս բոլոր մարդիկ արդեն հրահանգ են ստացել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ պետք է հատկապես այս երկու քաղաքներում հաղթանակ տոնեն: Ամեն դեպքում, գործող անձինք այժմ այս երեքն են, որոնք իրենց օրերն անցկացնում են մարզերում եւ պատրաստվում նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ: Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: Ի դեպ, Մուրադյանը չի ընդունում մեղադրանքը: Սա դեռ ամենը չէ. Վերաքննիչը մերժել է նաեւ Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը: Ստացվում է` քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձինք առայժմ կմնան կալանքի տակ, ու բոլոր միջնորդություները՝ նրանց կալանքը փոփոխելու վերաբերյալ, մերժվելու են:

 

 

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունները ոչ միայն մտահոգում են կառուցապատողներին, այլեւ չեն ոգեւորել մարզաբնակներին: Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջարկում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում: Ըստ կառավարության՝ երբ ծրագիրը դադարի Երեւանում գործել, կառուցապատումը կաշխուժանա ՀՀ մարզերում: Պարզվում է՝ ոչ մի սահմանափակում չկա, սահմանափակումները միայն Երեւան քաղաքի հետ են կապված: Եկամտահարկի վերադարձի ծրագիրը գործելու է անգամ այն դեպքում, երբ X մարզի X գյուղի բնակիչը որոշի հիփոթեքային վարկով տուն կառուցել: Այսինքն՝ եթե նոր կառուցվող տան համար հիփոթեքային վարկ եք վերցնում, ապա տոկոսները ձեր վճարած եկամտային հարկից հետ են վերադարձվելու: Բայց նկատենք, որ մարզի բնակիչներն այնքան էլ ոգեւորված չեն այս ծրագրով, քանի որ վստահ չեն, որ կկարողանան բնակարանատեր դառնալ: Բանն այն է, որ մարզերում աշխատավարձի չափը ցածր է, հետեւաբար եկամտահարկի վերադարձը քիչ կկազմի եւ դժվար թե կկարողանա բնակարանի ձեռքբերման հարցում դերակատարում ունենալ: Բացի այս, ՀՀ առեւտրային բանկերն այնքան էլ չեն ողջունում սա, քանի որ ՀՀ մարզերի մեծ մասում վարկի վերադարձելիության տոկոսը ցածր է. բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք վարկային պարտավորություններ ունեն եւ  դժվարությամբ կամ էլ ընդհանրապես չեն կարողանում դրանք մարել:

 




Լրահոս