«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանն ասում է, որ թեեւ պատվաստվողների թիվը աճում է, այուամենայնիվ պաստվաստումների ընդհանուր քանակը շարունակում է քիչ մնալ։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քննարկվում է պարտադիր թեստավորման ժամկետը 14-ից 10 կամ 7 օր դարձնելու հարցը։

 

-Կորոնավիրուսի համավարակի թվերը գնալով ահագնանում են, համենայնդեպս Առողջապահության նախարարությանն այդպիսի տվյալներ է հաղորդում, մահվան թվերն են շատանում: Ինչո՞ւ, ո՞վ, որտե՞ղ է թերանում: Ինչքան էլ հղում անենք հասարակության գզոնությանը, պետությունը այդ ամենը վերահսկելու ու կառավարելու համար է:

-Կարծում եմ, այո, թերացումներ կան բոլոր կողմերից, բայց երբ մենք նայում ենք պատվաստումների թվերն ամբողջ աշխարհում, Հայաստանում պատվաստումներն աննախադեպ քիչ են: Այստեղ միանշանակ մեղադրել միայն գերատեսչությանը չեմ կարող, որովհետեւ կարծում եմ, որ հասարակությունն էլ անելիք ունի: Մեր գործընկների հետ շատ տարբեր երկներից երբ զրուցում ենք,  շոկային տրամադրություններ են առաջացնում մեզ մոտ եղած պատվաստումների թվերն ու հենց ժողովրդի վերաբերմունքը պատվաստումների նկատմամբ: Ամբողջ աշխարհը հենց կորոնավիրուսի ի հայտ գալուց ի վեր սպասում էր պատվաստանյութերի ստեղծմանն ու կորոնավիրուսի կանխմանը: Պատվաստանյութեր կան, եւ աշխարհում մեծ թվով մարդիկ արդեն պատվաստվել են: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դժվարանում եմ բացատրել, եւ իրական պատճառը նշելը չի ստացվում: Հասարակությունը հավատում է տարբեր դավադրության տեսություններին, արդեն աբսուրդի հասնող տարբեր թեմաներ են քննարկվում, բայց անհասկանալի մի բան է կատարվում: Պատվաստանյութերի պակաս երկրում չկա, կա պատվաստանյութեր ընտրելու հնարավորություն: Հասարակությունն ունի նաեւ ընտրության հնարավորություն, բայց այսքանով հանդերձ մենք ունենք բավականին ցածր ցուցանիշ:

-Մարզերում իրավիճակը փոքր ինչ այլ է: Մարդիկ սպասում են, որ պատվաստանյութերը հասնեն մարզային ամբուլատորիաներ: Ինչո՞ւ է այդպես: Այսինքն՝ միայն Երեւանի բնակիչների համա՞ր է Ձեր ասած հասանելիությունն առկա: Ինչո՞ւ պետք է մարզային բնակիչները հերթ կանգնեն եւ օրերով սպասեն, որ պատվաստանյութը հասնի:

-Եթե այդպիսի խնդիր կա, մենք մի քանի անգամ ահազանգ ստացել ենք, նկատի ունեմ մասնավոր դեպքերը, եւ անմիջապես տեղյակ ենք պահել ու խնդիրն արագ կարգավորել: Այո, ես համաձայն եմ՝ պետք է հարցը դրան չհասնի, որ ահազանգեր ու դժգոհություններ լինեն:

-Մամուլը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչ էլ լինի, երկիրը մտադիր չէ հայտարարել մեծ «լոքդաուն», որը կվերաբերի տնտեսական օբյեկտներին: Ինչո՞ւ: Ինչո՞վ է պայմանավորված:

-Ես կարծում եմ, որ նախորդ «լոքդաուն»-ը շատ ցավալի հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության վրա: Կան մարդիկ, ընտանիքներ, կազմակերպություններ, որոնք բավականին լուրջ վնասներ են կրել ու այս ընթացքում էլ չեն կարողանում վերականգնել այդ ամբողջ մեկ տարվա կորուստը:

-Բայց, մյուս կողմից, մարդկանց առողջությունն է վտանգի տակ դրվում: Ի՞նչ կասեք:

-Այստեղ եթե լիներ նորմալ համագործակցություն հասարակության եւ կառավարության միջեւ, այսինքն՝ դավադրության տեսություններին հավատալը չլիներ, անհեթեթ քննարկումներ չլինեին, եւ հասարակությունը կարողանար կանոննները պահպանել, մենք «լոքդաուն»-ի անհրաժեշտություն չէինք ունենա:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՎՐԱ՝ ԱՐԳԵԼԱՆՔ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ապրանքագիտական եւ պայթյունատեխնիկական փորձաքննություն չի իրականացվի։ ԱԱԾ-ն ընդհատել է փորձաքննությունների կատարումը։ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ դա պայմանավորվեց նախաքննական մարմնի՝ պատշաճ քննություն չիրականացնելու ցանկությամբ։ Նման կարծիք պաշտպանության կողմի մոտ վաղուց էր ձեւավորվել, իսկ փորձաքննություններն անկատար թողնելու հանգամանքը, պաշտպանի խոսքով, հաստատեց այն։

 

«Ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը հասկացել է, որ փաստաթղթային առումով չեն կարող հիմնավորել, իրենց խոսքով, անպիտան հրթիռների մասը, հասկացան, որ նշանակված փորձաքննությամբ չեն կարողանալու բավարար տվյալներ ձեռք բերեն, որ այդ հրթիռները եղել են անորակ, անպիտան, հակառակը՝ կհիմնավորվի, որ դրանք լրիվ պիտանի եւ մարտական առաջադրանքներ կատարելու ունակ են։ Հնարավոր բոլոր միջոցներն անում են, որ այդ մասը շրջանցեն»,- նշել է Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ օբյեկտիվ քննության տեսանկյունից ակնհայտ է, որ հրթիռների պիտանելիության հարցը միայն հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում կարող են պարզել, դրանց պատասխանը կարող են տալ միայն փորձագետներ, իսկ նշանակված փորձաքննություններից հեռացնել այդ հարցերը նշանակում է, որ խուսափում են այդ մասով քննություն իրականացնելուց եւ քննությունն օբյեկտիվ ուղղությամբ տանելուց։ Ինչ վերաբերում է Տոնոյանի փաստաբանական խմբի՝ փորձաքննություններին մասնակցելու նախաձեռնության մասին տարածած հայտարարության հնարավոր ազդեցության մասին, փաստաբանը չբացառեց, որ դա եւս կարող է ազդեցություն ունենալ, սակայն հստակ չի կարող պնդել, քանի որ հայտնի չէ, թե երբ է որոշում կայացվել՝ փորձաքննություններն անկատար թողնելու մասին։ Սույն որոշումը պաշտպանության կողմը դեռեւս չի ստացել, սակայն օրերս պահանջել է հետագայում վիճարկելու համար։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաեւ Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում եւ կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ն. Պ.

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ ՉԻ՞ ԼԻՆԻ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում արձակուրդ չի հայտարարվի: Երեւանի քաղաքապետարանից ArmLur.am-ին փոխանցեցին, որ այս պահին մանկապարտեզներում գործունեությունը բնականոն հունով շարունակվում է, եւ արձակուրդի մեկնելու պաշտոնական որոշում չկա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարությունից գրություն չի ուղարկել՝ մանկապարտեզներին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:  Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկրարացնելու վերաբերյալ: ԿԳՄՍ-ից երեկ հայտարարեցին, որ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 15-ը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Իսկ դպրոցներում աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են եւս մեկ շաբաթով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: ArmLur.am-ը դիմել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու քաղաքապետարան նախարարությունը գրություն չի ուղարկել: Դեռ արձագանք չունենք: Նախարարությունից պատասխան ստանալուն պես կհրապարակենք: Բայց, մյուս կողմից, չի բացառվում, որ մանկապարտեզները եւս մեկշաբաթյա արձակուրդի մեկնեն:

 

ՏԱՑ-Ն ԱՃԵԼ Է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով. սա այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.5 տոկոսի չափով: Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել՝ 6.4 տոկոս: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները եւս 6.4 տոկոսով ավելացել են,  իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 0.7 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն 9 ամիսների ընթացքում արձանագրել է 6.7 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Իսկ արտահանման ծավալները եթե դիտարկենք հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով, ապա դրանք աճել են 17.2 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 16 տոկոս, ինչը, մասնագետների կարծիքով, խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից՝ ներմուծման ծավալներն են աճել. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 9.4 տոկոսով են աճել:




Լրահոս