Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնել է, որ աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են եւս մեկ շաբաթով: Մինչեւ նոյեմբերի 15-ը դպրոցներն ու բուհերը անցում կկատարեն հեռավար ուսուցման համակարգին: Այս թեմայով կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշել է, որ դժվար է որոշել, թե որն էր ճիշտ ժամանակը դպրոցների ու համալսարանների՝ հեռավար ուսուցմանն անցնելու համար:
Ըստ նրա՝ կորոնավիրուսային վարակի թվերի աճը պայմանավորված է նաեւ ուսանողների՝ համալսարան հաճախելու հետ. «Հատկապես համալսարանները բավականին մեծ դեր են ունենում վիրուսի տարածման գործում, որովհետեւ դպրոցները հիմնականում թաղային հիմնարկներ են, այսինքն՝ երեխաների մեծ մասը ոտքով է գնում կամ ծնողների ավտոմեքենայով, սակայն բուհերի դեպքում այդպես չէ: Ուսանողները գալիս են ամենատարբեր մարզերից, օգտվում են ինչպես քաղաքային տրանսպորտից, այդպես էլ մարզային, նստում են մեծ խմբերում, եւ, բացի թվարկածներիցս, բուհերում ընդհանարապես չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները»,- նշել է փորձագետը: Սերոբ Խաչատրյանն այն կարծիքին է, որ եթե առավել շուտ անցում կատարվեր հեռավար ուսուցման, ապա վարակի այսպիսի մեծ թվեր չէին լինի. «Այս ընթացքում բուհերը 3 անգամ բացվեցին, եւ 3 անգամներն էլ համալսարանների բացվելուն պես կորոնավիրուսային վարակի թվերի մեծ աճ գրանցվեց: Ուսանողները մեր ամենամոբիլ հատվածն են եւ լինելով երիտասարդ՝ իրենք հաճախ առանց սիմպտոմների են տանում վիրուսը եւ կարող են անգամ չիմանալ, որ վարակակիր են: Այս ամենը, իհարկե, խթանում է կորոնավիրուսային վարակի թվերի աճը: Բուհերի պարագայում, կարծում եմ, որ այն թվերը, որոնք այսօր ունենք, մեզ այլ տարբերակ չեն թողնում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ դպրոցներում գոնե մարդկանց մեծամասնությունը դիմակ կրում է, իսկ համալսարաններում ոչ մեկը չի հետեւում որեւէ կանոնի:
Փորձագետի խոսքով՝ այսօր գտնվում ենք այն կետում՝ առողջությունը դառնում է գերակա, իսկ կրթությունը մղվում է երկրորդ պլան. «Եթե ցանկանում էինք, որ հեռավար ուսուցում չլիներ, ապա պետք է ավելի գզուշավոր լինեինք, կանոնները պահեինք, հիմա այսքանը չենք արել, բնականաբար պետք է կրթությունը տուժի, իսկ առողջապահությունը դառնա առաջնային»,- ասել է մեր զրուցակիցը:
Վերջինս համոզված է, որ հեռավար ուսուցումը կրթական որակի վրա շատ վատ ազդեցություն է ունենում: Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հեռավար ուսուցման ժամանակ, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ հատկապես կարեւոր է, թե ինչպես իրենց կդրսեւորեն ուսուցիչն ու դասախոսը. «Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ ուսուցիչներն ու դասախոսները դասերը մաքսիմալ հետաքրքիր անցկացնեն: Ընտանիքներն էլ պետք է շատ աջակցեն որակյալ ուսմանը, սակայն պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է նաեւ աշակերտի եւ ուսանողի ինքնուրույն սովորելու կարողությունից»,- եզրափակել է նա:
Ն. Պ.
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր: ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: «Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության եւ հայերենով բացատրվելու կարողության պահանջի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիությունը»,-ասել է Ֆիդանյանը: ՀՀ քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման բնագավառում առաջարկվում են սկզբունքորեն նոր կարգավորումներ: «Նախագծով նախատեսվում է փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- ասել է Ֆիդանյանը: Նախագծով առաջարկվում է նաեւ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերանայել ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու նախագիծը եւ ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը: ԱԺ-ում ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Իսկապես այս օրենքի նախագիծը մի խորհուրդ, որ կարող է ունենալ, հետեւյալն է, որ իսկապես պետք է շատ աշխատել: Ակնհայտ է, որ պետք է շատ աշխատել: Բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, եւ հիմա պետք է նման ազդակ տալ: Այլ հարց է, որ պետական եւ քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն: Առաջարկներից մեկը, որ քննարկում էինք հանձնաժողովի նիստում, հետեւյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսեինք: Սկզբում թող օրենքն անմիջապես ուժի մեջ մտնի նախարարների, վարչապետի, փոխվարչապետերի, պատգամավորների, փոխնախարարների համար»,-ասել է Վարդեւանյանը: «Մեր խմբակցության կողմից ներկայացնելու ենք առաջարկ, որ հունվարի 2-ը եւ 7-ը եւս լինեն ոչ աշխատանքային»,- ասել է պատգամավորը: Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը եւ 7-ը:
ՉՀՈՒՍԱԴՐՈՂ
Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում։ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տվյալներն են 18,115 հիվանդության նոր դեպք եւ 403 մահվան դեպք՝ 1 միլիոն բնակչի հաշվով: Այս մասին հայտնել է Երեւանի պետական բշժկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Խնդրում եմ սեւեռեք ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ պատվաստումներն արդյունավետ են ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ մահացության կտրուկ նվազեցման գործում: Ասածս փորձեմ հիմնավորել՝ Covid 19-ի հիվանդացության եւ մահացության ցուցանիշների համեմատությամբ ԵՄ առավել շատ եւ քիչ պատվաստված երկրների վիճակագրությունը հիմք ընդունելով։ Եվ այսպես, 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ ԵՄ-ում իրականացվել է շուրջ 581.8 միլիոն պատվաստում. չափահաս բնակչության շուրջ 80.0%-ը ստացել է առաջին, իսկ 74.6%-ը՝ երկրորդ դեղաչափը: Ամբողջությամբ պատվաստված բնակչության տեսակարար կշռով առաջատար են՝
Պորտուգալիան՝ 91.2%; Իրլանդիան՝ 92.0%; Դանիան՝ 88.0%; Նորվեգիան՝ 86.8%; Իսպանիան՝ 83.8%; Ֆրանսիան՝ 80.2%, եւ այլն:
Առավել քիչ պատվաստված բնակչություն ունեցող երկրներից են՝
Բուլղարիան՝ 24.2%; Ռումինիան՝ 35.6%; Լատվիան՝ 56.3%; Սլովակիան՝ 52.6%; Խորվաթիան՝ 52%:
Ներկայացնում եմ ԵՄ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի կայքում առկա տվյալների վերլուծությունը սույն թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 1 միլիոն բնակչի հաշվով, Կովիդ-19 նոր դեպքերի եւ մահվան դեպքերի թվային պատկերը։ Եվ այսպես, Պորտուգալիա՝ նոր 4429 դեպք, մահ՝ 38, Իռլանդիա՝ 15915 նոր դեպք, մահ՝ 56; Դանիա՝ 5228 նոր դեպք, մահ՝ 20; Նորվեգիա՝ 7496 նոր դեպք, մահ՝ 15; Իսպանիա՝ 2881 նոր դեպք, մահ՝ 56; Ֆրանսիա՝ 5329 նոր դեպք, մահ՝ 45:
Իսկ առավել քիչ պատվաստված բնակչությամբ աչքի ընկնող երկրներում 1 միլիոն բնակչի հաշվով արձանագրվել են դեպքերի եւ մահերի հետեւյալ ցուցանիշները.
Բուլղարիա՝ 16250 նոր դեպք եւ 612 մահ; Ռումինիա՝ 23303 նոր դեպք եւ 514 մահ; Լատվիա՝ 30741 նոր դեպք եւ 233 մահ; Սլովակիա՝ 12431նոր դեպք եւ 60 մահ; Խորվաթիա՝ 17187նոր դեպք եւ 168 մահ»,-նշել է Ա. Մուրադյանը:
ՄՈԼՈՐՎԵԼ Է
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում երկու օտարերկրյա քաղաքացի մոլորվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով: Փրկարարները «Պարզ լիճ» հանգստյան գոտուց մոտ 5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության քաղաքացիներ Հ. Մ. Ա.-ին (ծնված 1960թ.) եւ Մ. Շ.-ին (ծնված 1975թ.): Վերջիններիս ուղեկցել են անվտանգ տարածք: