Հայաստանում օդանավ շահագործողի լիցենզիա ստացած Flyone Armenia ընկերության կառավարման խորհրդում ներգրավված կլինեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից:
Ընկերության խորհրդից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որ ընկերությունը որոշել է ներդնել կորպորատիվ կառավարման համակարգ:
Ընկերության խորհրդից հայտնեցին, որ առաջիկայում կհրապարակեն նորաստեղծ խորհրդի կազմը, ինչպես նաև խորհրդի ղեկավարի անունը: Կառավարման խորհրդի ղեկավարի հարցում ընկերության ընտրությունը կանգ է առել Հայաստանը ներկայացնող թեկնածուի վրա:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Flyone Armenia ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։ Այս պահի դրությամբ ընկերությունն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում: Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։ Ապագայում կաճի և՛ աշխատակիցների և՛ ինքնաթիռների թիվը։
Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ: