ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին, մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաեւ ադրբեջանական ալիքներ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ: Ի դեպ, թուրքական եւ ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»  ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ դրանք մինչ 44-օրյա պատերազմն էլ եղել են: Նա խորհուրդ տվեց շրջանցել ոչ ցանկալի ռադիոկապուղիները: «Սահմանից այն կողմ լսելի են նաեւ ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Դա ռադիոալիքների տարածման առանձնահատկությունն է, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն: Մենք ուղղակի դրա դեմ չենք կարող պայքարել: Շատ ժամանակ ասում են, թե ինչ-որ խլացուցիչներ դնենք, բայց Հայաստանն ինքը հանդիսանում է եվրոպական հեռարձակվողների միության անդամ, ունի պարտավորություն, որ քաղաքացիական տիրույթում գործող ռադիոցանցերի համար չի կարելի ուղղակի խանգարումներ ստեղծել»,- պարզաբանեց մասնագետը: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. դա հիմնականում վերաբերում է օտարերկրյա ժամանողներին, որոնք ունեն այլ պետությունների բջջային հեռախոսահամարներ, անմիջապես ֆիքսում են թուրքական ռադիոցանցեր հենց անմիջապես վայրէջքի ժամանակ օդանավակայանում. քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը Թուրքիայում է: Այս հարցին ի պատասխան՝ Ս. Հարությունյանն ասաց. «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ»:

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել, ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընտրությունններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Մեզ հետ զրուցյում պատգամավոր Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ չէ։ «Մարզպետի ազատման կամ փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվում, ու ինձ նման քննարկումներ հայտնի չեն։ Ընդամենը տեղյակ եմ, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Հարությունյանի հետ համագործակցելուն, ապա Բաղդասարյանը նշեց, որ պատգամավոր-մարզպետ համագործակցությունն իրենց մոտ ստացվել է, հաջողել են։ «Քաղաքական մեր գիծը պահելով է աշխատել պրն Հարությունյանը ու բավական սկզբունքային է եղել որոշումներ ընդունելիս»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը։ Նշենք, որ մարզպետ Հարությունյանին փոխարինելու հարցը ՔՊ-ականները քննարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսակետ էր հայտնել, որ ընտրության արդյունքներն արդեն իսկ որոշակի ցուցիչ են՝  վերլուծելու ու հասկանալու համար մարզպետի գործունեությունը։ Եվ եթե նա ընտրություններում չի հաջողել, ապա դա արդեն ինչ-որ բան նշանակում է:

 

 

Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր  շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն Ազգային ժողովում էր: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների, այնպես էլ պատգամավորների որեւէ հարցի պատասխանելուց: Իսկ ինչո՞ւ էին հենց նորանշանակ տեղակալին գործուղել Ազգային ժողով: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներից մեկը՝ Ստեփան Գալստյանը, կալանքի տակ է, մյուս տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ պատերազմի մասով հարուցված քրեական գործ է առկա, մյուս տեղակալ Արայիկ Հարությունյանը, որը եղել է բանակային 2-րդ կորպուսի հրամամանատար, կրկին նոր է նշանակվել պետի տեղակալի պաշտոնում: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել հենց Կամո Քոչունցին ուղարկել Ազգային ժողով, որը համեմատաբար ավելի պատրաստված է: Ի դեպ, Պաշտպանության նախարարությունում արդեն խոսակցություններ կան, որ չնայած Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ գեներալ է, բայց երկար չի դիմանա ԳՇ պետի տեղակալի պաշտոնում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը  կդադարեցվի: Ըստ այդմ, մինչու հունվարի մեկը պետք է ապահովվի  պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, եւ պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ն խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ, հարեւան՝ բնակելի շենքերի հետ համեմատությամբ, ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Նաեւ երկու հիմնարկներն էլ ցածր համալրվածություն ունեն, սակայն պետական բյուջեից մեծ գումարներ են փոխանցվում այդ հիմնարկների պահպանման համար: Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակներում:




Լրահոս