«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասում է, որ Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության քարոզարշավը թեեւ չի մեկնարկել, բայց նախընտրական դաշինքներն ու թեկնածուներն արդեն նշմարվում են։ ArmLur.am-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրությունները ապացուցում են՝ Փաշինյանի իշխանությունը գնալով զրկվում է աջակցությունից։

 

-Վանաձորում դեկտեմբեր ամսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու, եւ ինչպես ցանկացած համայքնում, այստեղ նույնպես իշխանությունը մտադիր է առաջ տանել սեփական թեկնածուին, Վանաձորը նույնպես «իրենով անել»: Որպես տեղացի պատգամավոր՝ ի՞նչպես եք գնահատում իրավիճակն այնտեղ:

-Այո, իշխանությունը փորձում է, փորձելու է եւ շարունակելու է գործելաոճը, տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական թեկնածուով հանդես գալով՝ նաեւ վերցնել իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքներում, որովհետեւ շատ լավ է հասկանում, որ տեղական ինքնակառավարումը բավականին լուրջ գործիք է հանրության ձեռքին, որպեսզի իշխանության ամեն մի գործառույթ, ցանկություն չկատարվի: Ամեն դեպքում, շատ կարեւոր հարթություն է, որ ուզում է գրավել: Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունները բավականին լուրջ մարտահրավեր էին եւ իշխանությունների առաջ լուրջ խնդիրներ են առաջ քաշել: Նրանք ոչ միայն համոզվեցին, այլ հասկացան, որ այդ ամեն ինչ բացահայտեց: Եթե մենք փորձենք համեմատության մեջ դնել, ենթադրենք՝ Սյունիքում այն ձայները, որ տարել էր իշխանությունը, եւ այն ձայները, որ տարել էր ընդդիմությունը, համեմատել Աժ-ում նույն համայնքներում իրենց տարած ձայների հետ, ապա ողջամիտ կասկած է առաջանում՝ արդյոք այդ տարբերությունը չի լրացվել զինվորական ուժերով, կրկնակի ընտրություններով: Ողջամիտ կասկած է, որը գոյություն ունենալու իրավունք ունի: Արդարացիորեն իշխանությունները համոզվեցին, որ այդքան էլ հեշտ չէ տեղական տեղերում իրենց առաջադրած թեկնածուներին հախուռն կերպով առաջ տանել եւ 60-70 տոկոս ձայն հավաքել: Հատկապես հիշենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում  վարչապետն ինքն էր անձամբ քարոզարշավը ղեկավարում, կազմակերպում, եւ էլի մարդիկ գնում էին ընտրելու կոնկրետ անձի, որի նկարը մինչեւ հիմա պատերին փակցված է:

-Վանաձորն ընտրությունների ժամանակ միշտ աչքի է ընկել նրանով, որ առավել թեժ են անցել ընտրությունները: Հիմա նախընտրական տրամադրություններն ինչպիսի՞նն են:

-Քանի որ Վանաձորի ընտրությունները դեկտեմբերի 5-ին են, առայժմ դեռ տարբեր դաշինքների ձեւավորման գործընթաց է: Հիմնականում հայտարարվում է, որ այս կուսակցությունը կառաջադրվի, բայց կոնկրետ ցանկով, առաջին դեմքերով դեռ հստակ շոշափելի չէ, եւ խոսել քարոզարշավի մասին դեռ շուտ է: Բայց ասեմ, որ իսկապես կան նման գործընթացներ. տարբեր խմբակցություններ, ուժեր բանակցում են դաշինք կազմելու, համատեղ ցանկով հանդես գալու  մասով: Մի բան շատ կարեւոր է, որ զգում եմ. ընդդիմադիր ուժերը պատրաստ են մեկտեղելու իրենց ներուժը, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իշխող ուժի ներկայությունը ավագանու կազմում հնարավորինս մինիմալ լինի: Եվ դա այդպես էլ լինելու է, ինչպես  եղավ նախորդ՝ սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով: Ես առավել քան համոզված եմ, որ իշխող ուժը այնտեղ ոչ միայն մեծամասնություն վերցնելու հնարավորություն չի ունենալու, այլ նաեւ մանդատների բաշխումն այնպիսին է լինելու, որ նրան աջակցող կոալիցիայի ձայներն էլ են քիչ լինելու:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ»

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները հեռակա բանավիճել են՝  հասարակության սոցիալական խնդիրների, գնաճի հետեւանքները չմեղմելու համար մեղադրանքներ ուղղելով: ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանին հարց հղելիս անդրադարձել է գնաճին: Ըստ Վարդանյանի՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից կիրառվող գործիքակազմը մարդիկ չեն տեսնում: Գնաճի հետեւանքները մեղմելու համար կառավարությունը ոչինչ չի անում: Մանուկյանի խոսքով՝ երբ Վարդանյանն ասում է, որ բանջարեղենը 64.7 տոկոս գնաճ է արձանագրել, ճիշտ է:

 

«Սակայն երբ բացենք այդ 64.7 տոկոսը եւ ուսումնասիրենք, կպարզվի, որ դա, ըստ էության, մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ»,- ասել է նա:

Անդրադառնալով Մանուկյանի պատասխանին՝ Վարդանյանը շեշտել է, որ թանկացել են հենց կենսական նշանակություն ունեցող ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը: «Շատ ընտանիքների առօրյան հենց կարտոֆիլն է: Այս գնաճն իսկապես սարսափելի ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա: Մարդիկ ավելի վատ են ապրում, քան երեկ, վաղն ավելի վատ են ապրելու, քան այսօր, քանի որ իրական, թեկուզ կարճաժամկետ միջոցներ չեն գործադրվում ,-ասել է նա ու հռետորական հարց ուղղել:- Այսինքն՝ եթե կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչին չի թանկացել, խառը կանաչի՞ ուտեն»:

Ավելի ուշ ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Արտակ Մանուկյանին ուղղված հարցադրումներին, ասել է. «Այնպիսի տպավորություն է, որ 30 տարի է՝ ՔՊ-ն է ղեկավարում երկիրը, ու բոլոր մեղքերը, խնդիրները փորձ է կատարվում բարդել այս երկու-երեք տարիների վրա: Պետք է հասկանալ, որ շատ հարցադրումներ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղում են մեզ, նախեւառաջ ձեզ է պետք ուղղել, որովհետեւ երկար ժամանակ ոչ արդյունավետ ղեկավարում իրականացրել եք դուք, ու անընդհատ խոսել այս կամ այն հարցի վերաբերյալ ճիշտ չէ»,-ասել է Վ. Վարդանյանը:

Է. Վարդանյանը հիշեցրել է, որ ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ ոչ բոլորը կարող են միս ուտել, մարդիկ կան՝ կարտոֆիլ են ուտում: Նա կոչ արեց ավելի հարգանքով վերաբերվել ՀՀ այն քաղաքացուն, որը գերադասել է մնալ Հայաստանում զրկանքների միջոցով, կարտոֆիլ ուտել, բայց մնալ ու երկիր կերտել: «Գերադասել է մնալ այստեղ, ոչ թե հաշիվները տեղափոխել օտարերկրյա տարբեր բանկեր: Ես կուզենայի՝ մենք հարգալից վերաբերվեինք մեր զինվորին, որի սննդակարգում կարտոֆիլը եղել է, կա ու կմնա: Երբ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք առկա են ՀՀ-ում այսօր, ձեզանից ոչ ոք ինքն իրեն հարց չի՞ տալիս՝ ինչ դերակատարություն է ինքն ունեցել այդ խնդիրների ձեւավորման հարցում:  Կխնդրեի՝ հարգելով ՀՀ քաղաքացուն, հարգելով այն մարդկանց, որոնք զրկանքների միջոցով, բայց երկրում մնալով՝ կերտել են այս երկիրը, եւ այս շենքից դուրս գալուց, ձեր շքեղ մեքենաների մեջ նստելուց, ձեր շքեղ առանձնատներ այցելելուց միշտ հիշեք՝ ոչ միայն դուք, այլ նաեւ այն անձինք, ովքեր այդ թվում ձեր պատճառով ստիպված են եղել միայն կարտոֆիլ ուտել, մնացել են այս երկրում, կերտել են այս երկիրը ու կերտելու են այս երկրի ապագան»,-ասել է նա:

Ն. Պ.

 

 

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ

Հայաստանում, Covid-19 համավարակով պայմանավորված, իրավիճակը մնում է խիստ լարված ու ծանր, բայց, չնայած սրան, չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի կդառնա: ՀՀ առողջապահության նախարարությունը մտածում է խստացում մտցնել: ArmLur.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ դեռ քննարկվում է կորոնավիրուսի բուժումը չպատվաստված քաղաքացիների համար վճարովի դարձնելու հարցը։ Չի բացառվում, որ նոր փոփոխությունը դեկտեմբերից կգործի: Այս ճանապարհով Առողջապահության նախարարությունը փորձում է քաղաքացիների պատասխանատվության զգացումը բարձրացնել։ Եթե, այնուամենայնիվ, նախարարությունը որոշի վճարովի դարձնել քովիդի բուժումը, ապա մահվան դեպքերի քանակը կավելանան, քանի որ գերակշիռ մասը չի դիմի բուժհաստատություն փող չունենալու պատճառով: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ կորոնավիրուսից բուժման ծախսը տատանվում է՝ կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, բայց, ըստ նախնական հաշվարկների, այն չպատվաստված քաղաքացիների համար կարող է արժենալ միջինը 800 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ: Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ քովիդի բուժման նպատակով բուժծառայությունների համար պետությունը շուրջ 80 մլն դոլար է ծախսել։ Քովիդի բուժման համար այսօր արդեն ազատ մահճակալ չկա, նույն իրավիճակն է նաեւ վերակենդանացման բաժանմունքներում։ Շուրջ 400 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Ըստ Առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ գրանցվել է 2074 նոր դեպք, ունենք 39 մահվան դեպք: Փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ:

 

 

ՄԱՐԶՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ

ՀՀ Արագածոտնի մարզպետ կնշանակվի «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, իսկ մինչ այդ նա Արագածոտնի մարզպետի տեղակալն էր: ArmLur.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է ստացել զբաղեցնել մարզպետի պաշտոնը: «Քաղաքական իշխանությունների կողմից է առաջարկ արվել՝ վարչապետի: Քաղաքական որոշում է կայացվել նոր աշխատանքի տեղափոխվելու հարցով (խոսքը Դավիթ Գեւորգյանի մասին է-Ս.Հ.): Նման խնդիր չկա: Քաղաքական որոշում է եղել իրենց ներսում, ինձ էլ առաջարկել են, ես էլ ասել եմ՝ պատրաստ եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- փոխանցեց Ռ. Պետրոսյանը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Դավիթ Գեւորգյանը, հնարավոր է, առաջիկայում այլ գերատեսչությունում աշխատանքի անցնի: Թե որ պետական կառույցում է աշխատանքի անցնելու ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանը, Ռազմիկ Պետրոսյանը չգիտեր. «Չգիտեմ, տեղյակ չեմ, ես միայն գիտեմ, որ մեր հարաբերությունը շատ լավ է մարզպետի հետ: Ես վստահ եմ, որ մարզպետին պատասխանատու մի տեղում կտեսնենք»:

 




Լրահոս