Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին՝ մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաեւ ադրբեջանական ալիքներ: Եւ ցավալին այն է, որ թուրքական ալիքները սկսել են շատանալ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանի հետ: «Մեր ռադիոչափումներ իրականացնող ստորաբաժանումն անընդհատ ՀՀ ողջ տարածքով ինչպես սահմանային, այնպես էլ ոչ սահմանային չափումներ է իրականացնում»:
Ի դեպ, թուրքական եւ ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում է, որ դրանք մինչ 44-օրյա պատերազմն էլ եղել են: «Ավելի շատ սկսեցին դրա մասին բարձրաձայնել հենց պատերազմից հետո: Այն ավելի ակտուալ դարձավ անմիջապես պատերազմից հետո: Իսկ ընդհանրապես միշտ եղել է, ուղղակի ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս շրջանցել ոչ ցանկալի ռադիոկապուղիները: Իմ մեքենայում ես եմ կարգավորումները իրականացնում, բաց եմ թողնում եւ թույլ չեմ տալիս, որ այդ հաճախականությունը ընդհանրապես երեւա: Կախված ռադիոընդունիչից՝ մարդը կարող է ուղղակի «սկիպ» անի եւ թույլ չտա, որպեսզի թուրքական ռադիոալիքները, ռադիոհաղորդումները մեր վր ընդունիչի ա ընդունվեն: Դրա հնարավորությունը կա»,- նկատում է Սամվել Հարությունյանը:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. դա հիմնականում վերաբերում է օտարերկրյա ժամանողներին, որոնք հենց անմիջապես վայրէջքի ժամանակ օդանավակայանում անմիջապես ֆիքսում են թուրքական ռադիոցանցեր, քանի որ ունեն այլ պետությունների բջջային հեռախոսահամարներ. քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը Թուրքիայում է: «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ: Նմանատիպ հարցերը կարգավորվում է երկկողմանի կամ բազմակողմանի պետությունների հանդիպումներով եւ պայմանագրերի կնքումով: Դուք գիտեք, որ այս պահի դրությամբ մենք չունենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարբերություններ, հետեւաբար այդ տիպի կարգավորում իրականացնել, որը որ ընդունված է միջազգային պրակտիկայում, այս պահին դեռ հնարավոր չէ, բայց փորձում ենք, լուծումներ ենք ման գալիս, ինչ-որ դիվանագիտական եղանակով գալիս հասնում ենք ինչ-որ մի մակարդակի, որ մեր օպերատորներն աշխատեն, խանգարումներ չստեղծվեն»,- փոխանցում է մեր զրուցակիցը: Մասնագետը վստահեցնում է, որ սահմանից այն կողմ լսելի են նաեւ ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: «Դա ֆիզիկայի օրենք է, դա ռադիոհաճախականությունների տարածման օրենք է: Հավաստիացնում եմ, որ մեր հայկականը սահմանից այն կողմում է, իրենց լրագրողները նույն բանը հարցնում են իրենց մասնագետներին: Դա ռադիոալիքների տարածման առանձնահատկությունն է, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն: Մենք ուղղակի դրա դեմ չենք կարող պայքարել: Շատ ժամանակ ասում են, թե ինչ-որ խլացուցիչներ դնենք, բայց Հայաստանն ինքը հանդիսանում է եվրոպական հեռարձակվողների միության անդամ, ունի պարտավորություն, որ քաղաքացիական տիրույթում գործող ռադիոցանցերի համար չի կարելի ուղղակի խանգարումներ ստեղծել»,- պարզաբանում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: Թեեւ, մի կողմից, մասնագետը հորդորում է չանհանգստանալ թուրքական, ադրբեջանական ռադիոալիքների ակտիվությունից, բայց այստեղ մի կարեւոր հարց է առաջանում. ի՞նչ կլինի, եթե թուրքական, ադրբեջանական ռադիոալիքներով հակահայկական կամ խուճապ տարածող տեղեկություններ տարածվեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԿԱՆՉԵՆ
Armlur.am-ին իրավապահ համակարգից հասած լուրերի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործով, չի բացառվում, հարցաքննության հրավիրվի Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է՝ Աննա Հակոբյանի եղբայրը։ Ըստ լուրերի՝ Տիգրան Ավինյանը, Հրաչյա Հակոբյանը զենքերի գնման այդ գործընթացից, իբր, տեղյակ են եղել։ Զրուցեցինք ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, որը վստահաբար հերքեց իր առնչությունը գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ:
Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: Ի դեպ, Մուրադյանը չի ընդունում մեղադրանքը։ Սա դեռ ամենը չէ. Վերաքննիչը մերժել է նաեւ Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը: Ստացվում է` քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձինք առայժմ կմնան կալանքի տակ, ու բոլոր միջնորդություները՝ նրանց կալանքը փոփոխելու վերաբերյալ, մերժվել են:
ԲԿ-Ն՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով` իրավապահները տեղեկություններ են ստացել, որ «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործավար Ռեբեկա Վոլոդյայի Գրիգորյանը, նույն ընկերության ղեկավար, պոլիկլինիկայի իրավասու պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալով, առանց քաղաքացիների կողմից վիրուսի դեմ պատվաստման, 30.000-50.000 ՀՀ դրամ կաշառքների դիմաց կաշառք տվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիտավորությամբ պատրաստում եւ վերջիններիս է տրամադրում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ քարտեր, ինչպես նաեւ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգում նրանց անվամբ ստեղծում են պատվաստման կեղծ սերտիֆիկատներ: Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Ազգային ժողովում քվեարկության է դրվել «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը։ Քվեարկությանը տեքստի առնչությամբ կոնսեսուս չլինելու պատճառով ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը, եւ ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է 26 «կողմ» ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ քաղաքական մեծամասնությունն այս հայտարարության նախագիծը ստացել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ու իրենք ներգրավված չեն եղել հայտարարության կազմման գործում։ Ամեն դեպքում, փորձել են աշխատել ընդդիմադիր գործընկերների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել: «Նախագծում տեղ գտած այն դրույթներն ու թեզերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին, մենք այդ դրույթների հետ որեւէ խնդիր չենք տեսնում: Այսպիսով, ընդդիմության հետ իշխանությունը կոնսենսուսի չի կարողացել հասնել, եւ, հետեւաբար, ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»,- ասել է նա։
ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱԼՈՒ
«Ադրբեջանը եւ Թուրքիան նախատեսում են միավորել թյուրքական աշխարհը՝ առեւտրային միջանցք բացելով, որն Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանի հետ Հայաստանով»,- ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր Զանգեզուրի միջանցքի բացման համար»,- հավաստիացրել է Ալիեւը: «Մի անգամ մենք կկարողանանք ճամփորդել Զանգեզուրից Ստամբուլ՝ ամրացնելով տարածաշրջանի դիրքերը որպես տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր Լեռնային Ղարաբաղում՝ օկուպացված Վարանդայում, օդանավակայանի բացման արարողությունից հետո։ Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ մի բանակցություն միջանցքների բացման մասին չի վարում։ Դա նաեւ հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ ասվում է հաղորդակցությունների, այլ ոչ թե միջանցքների բացման մասին։ «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի: Այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի դիրքորոշումը վճռական է, եւ նա որեւէ զիջումների չի գնալու:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ
Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժերից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել։ «Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակի առաջին համար, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը ու եւս մեկ թեկնածու՝ 21-րդ համար Մառա Հարությունյանը։ «Բալասանյան դաշինքից» ինքնաբացարկ են ներկայացրել քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը եւ ՀՀԿ ցուցակի առաջին համար Արտյոմ Ղուկասյանը։ Գյումրիի նոր ավագանիում առավելագույն՝ 14 մանդատ է ստացել «Բալասանյան դաշինքը», որին, սակայն, երեք մանդատ պակասում է մեծամասնություն կազմելու համար։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Գնել Սանոսյանը չէր բացառել կոալիցիայի կազմումը իշխանության եւ «Բալասանյան դաշինքի» միջեւ։