Շուրջ 2 տարի է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել հոկտեմբերի 27-ի գործը քննած, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգություն ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել:
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը: Փոս փորողն ինքն ընկավ փոսը: Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած, «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:
Նախաքննական մարմինը պարզել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ: Սմբատ Հարությունյանը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դրդմամբ, իր օգտին դատական ակտ կայացնելու համար առանձնապես խոշոր չափի՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Սամվել Ուզունյանն այդ գումարը մտադիր չի եղել փոխանցել որեւէ պաշտոնատար անձի եւ խարդախությամբ հափշտակել է այն:
Ուզունյանին այդպես է չեն գտել, սակայն նրան կաշառք տված անձի մասով դատարանը որոշում է կայացրել: 2021 թվականի հունիսի 4-ին դատարանն ամբաստանյալ Սմբատ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ ամբաստանյալ Սմբատ Հարությունյանին ազատել են նշանակված պատիժը կրելուց:
Իսկ ինչպե՞ս Ուզունյանը լքեց Հայաստանը: Երկիրը լքելու օրը Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել, բայց, այնուամենայնիվ, նրան հաջողվել է հեռանալ Հայաստանից։ Ոստիկանությունից չեն մանրամասնում, թե ինչպես է նախկին դատավորը լքել երկիրը, շեշտում են՝ նշված դեպքով քննություն է կատարվում։ Ամեն դեպքում, ապօրինի զենք-զինամթերքի մասով Ուզունյանին մեղադրանք չի առաջադրվել։ Չի բացառվում, որ փամփուշտը «պատահաբար» է հայտնվել նրա ուղեբեռում՝ օդանավակայանի աշխատակիցների «ջանքերով», նրա մեկնումն արգելելու նպատակով։ Լուրեր կան, որ սահմանային անցակետերում ցուցակներ կան, թե ում չի կարելի թողնել, որ հեռանան Հայաստանից, թեեւ այդ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցված չեն։ Մեր տեղեկություններով՝ Ուզունյանի անհետանալու մեղքն իշխանությունը բարդում է ոստիկանության վրա, որը պետք է վերահսկեր նրա քայլերը, օպերատիվ աշխատանք կատարեր, սակայն «իր պարտականություններում թերացել է»։
Դեռ որոշ ժամանակ առաջ նախկին դատավորի քրեական գործի եւ այլ մանրամասների վերաբերյալ դատախազությունը գրավոր դիմում է ներկայացրել գործի վարույթն իրականացնող մարմնին, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությանը, եւ օպերատիվ մարմնին՝ ոստիկանությանը։ Ապա միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, քանի որ նախկին դատավորն էլ անձեռնմխելի է համարվում, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում կարելի է իրականացնել միայն ԲԴԽ թույլտվությամբ։ ԲԴԽ-ն դատախազության միջնորդությունը բավարարել է դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՔԾ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման միջեւ ընկած ժամանակահատվածում էլ Ուզունյանն անցել է ՀՀ պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:
Պատասխանատո՞ւ է արդյոք սրա համար ոստիկանությունը. գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել էր. «Ով ինչ չափով է պատասխանատու, եւ ինչ հանգամանքներում է տվյալ անձին հաջողվել հատել ՀՀ տարածքը, հուսով եմ՝ կպարզվի համապատասխան միջոցների ձեռնարկման շրջանակներում, ինչի կապակցությամբ, ինչպես արդեն նշել ենք, տրվել է միջոցներ ձեռնարկելու հանձնարարություն»։ «Զվարթնոց» օդանավակայանում էլ ասում են՝ Ուզունյանին պահելու գործը մերը չէր, այլ ոստիկանությանը, իրենցից պետք է ճշտել, թե ինչու այդպես եղավ։
Փաստ է մեկ բան՝ առեղծվածային պայաններում Ուզունյանը լքեց երկիրը, իրավապահները մեկը մյուսի վրա են գցում կատարվածը, ուստի այս իրավիճակում կարող ենք ենթադրել, որ միգուցե իշխանությանը կամ իրավապահ համակարգին ձեռնտու էր, որ նա լքի Հայաստանը:
Ք.Մ.
ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԳՐՈՒԹՅԱՆԸ
Պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի համար ուղիղ պատասխանատվություն է կրում նաեւ առողջապահության նախարարը։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Դատարանի կողմից գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին՝ պարզելու Արմեն Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարը գրեթե մեկ ամիս է՝ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլեւ լկտի վարքագիծ է պաշտոնի եւ կարգավիճակի նկատմամբ»,- ասել է Վարդեւանյանը՝ պնդելով, որ պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։
«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ իրենց գործընկերոջ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Ինչ է՝ անձն ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել, պե՞տք է ամեն ձեւ կալանքի տակ պահեն։ Բացի այդ, նա պատգամավոր է, դուք տեսե՞լ եք ԱԺ-ում նիստ լիներ, որտեղ կքննարկվեր նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. ո՛չ, չեք տեսել, այս վիճակը խայտառակություն է»,- ասել է պատգամավորը: Նշենք, որ օգոստոսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։
ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱ
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանի որոշմամբ՝ իրականացվել է հատուկ օպերացիա։ Զովունի գյուղի գերեզմանոցից ոստիկանները Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված 37-ամյա Արթուր Ասրյանին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 1 հատ պահուստատուփ, որի մեջ եղել է 30 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ։ Ասրյանը 2020 թվականի հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 185 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: Նա 2020թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Կրասնոդար քաղաքի ՆԳՎ Կառասունի շրջանի ոստիկանության բաժնի կողմից 105 հոդվածի 2-րդ մասի Ա կետի եւ 30 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ա. Ասրյանը կասկածվում է 2020 թվականի մարտի 9-ին Երեւանում՝ Հալաբյան փողոցում հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիների եւ եւս 2 հոգու նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՓՇՏԱԿԵԼ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով եւ 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու եւ վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: