«ՀՅԴ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա ծանրագույն օրերից է: Այս ահաբեկչությունը դատապարտվել է եւ շարունակում է դատապարտված մնալ»,- խոսելով Հոկտեմբեր 27-ի ոճրագործության մասին՝ ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ երեկ պատգամավորները ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ հարգանքի տուրք էին մատուցում: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի հետ կապված քաղաքական սլաքներին. «Դրանք հատկապես այսօր, երբ խոսում ենք, ոչ միայն սին են, այլ նաեւ ունեն կոնկրետ նպատակ, որը վստահաբար մեր պետականության հետ կապ չունի: Իրավական գործընթացը գնացել է եւ շարունակում է գնալ, ու շատ ավելի արդյունավետ կլինի, որ բոլոր այդ անձինք, ուժերը, ովքեր փորձում են սլաքներ ուղղել, մանավանդ հիմա, երբ իշխանությունը պատկանում է հակառակ բեւեռին, իրավական քննություն տանեն, եթե նման կասկածներ կան: Պետք է նաեւ բացառել որեւէ հատուկ ընթացակարգով կանխամտածված գործընթացներ տանելը»:

 

ՀՅԴ-ին այս առումով ուղղված մեղադրանքները Արծվիկ Մինասյանը հիմարություն է որակել. «Չեմ էլ ուզում անդրադառնալ: Այնքան ենք անդրադարձել նման արտահայտությունների, որ մեր պատմության մեջ էլ լիքը կան, երբ հիմար ձեւով փորձեր են անում վերագրել տարբեր ուժերին ու մարդկանց: Ես ուզում եմ արձանագրել այն փաստը, որ սա ամբողջությամբ պետք է վերլուծվի մեր պետականության տեսակետից: Ի՞նչ անել, որ հետագայում բացառվեն նման դեպքերը: Վստահաբար այն, ինչ այսօրվա քաղաքական իշխանությունն անում է, դա չէ ճանապարհը, շատ ավելի խորքային հարցեր կան՝ մեր պետականության շահերը հաշվի առնելու, բացառելու այն անձանց իշխանության գալը, ովքեր այս կամ այն ձեւով տարբեր օտարերկրյա, հատկապես՝ թշնամի պետությունների ազդեցության ներքո կարող են լինել: Այսօրվա վիճակը, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում Արցախի հետ, ՀՀ-ի հետ, վկայում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, խորքային վերլուծության անհրաժեշտություն կա հենց Հոկտեմբերի 27-ի եւ նման դեպքերի օտարածին դրսեւորումների հետ կապված: Պատահական չէ, որ բազմաթիվ վերլուծություններում շոշափվում է Թուրքիայի կամ այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարությունը այդ հարցում, որոնք ավելի լուրջ վերլուծություններ են պահանջում, քան մի քանի արկածախնդիրների հայտարարությունները»:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է: Արծվիկ Մինասյանը հիշեցրեց. «Նա եղել է այն ժամանակ գործը քննող դատախազը եւ ունեցել է բոլոր լիազորությունները գործը բացահայտելու: Երկրի վարչապետն էլ եղել է Վազգեն Սարգսյանի եղբայրը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի գործողությունը բոլորին է հայտնի այդ օրերին: Հիմա ի՞նչն է խանգարում, որ իրենք, ունենալով բոլոր հնարավորությունները, եթե մեղսակից չեն անգործության մեջ, պարզ է, որ իրենց չեն կարող դատապարտեն, բայց գոնե այդ ամեն ինչից հետո հստակ պատասխան տան հարցերին: Սին եւ չհիմնավորված պնդումները բերում են նոր դավադրական տեսությունների ձեւավորմանը: Իսկ այն, ինչ իրենք անում են, բացարձակ կապ չունի Հոկտեմբերի 27-ի հետ: Անիմաստ բաներ են խոսում: Պահակազորի գործողություններն էլ կապ չունեն Հոկտեմբերի 27-եր կանխելու հետ»: Նա ասաց, որ դրանք որպես անհասկանալի վախի եւ ընդդիմադիրներին ճնշելու միջոց են օգտագործում:

Ն. Պ.

 

 

ՆԱԽԱՐԱՐ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ

Հոկտեմբերի 25-ին՝  ժամը 21:20-ի սահմաններում, Տավուշի մարզի 32-ամյա բնակիչ Նորայր Պապյանը իր վարած «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ  մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները վթարի վայրում հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչներ, 57-ամյա Կամո Պետրոսյանի, 40-ամյա Արկադի Ամիրխանյանի եւ 56-ամյա Սարգիս Բաբայանի դիերը,   վարորդ Մ. Պապյանին հիվանդանոց են տեղափոխել։

Վթարի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։  Նորայր Պապյանը  Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենն է, մահացածներից Կ. Պետրոսյանն ու Ս. Բաբայանը՝ նույն անտառտնտեսություն անտառապահներ էին, իսկ Ա. Ամիրխանյանը նախկինում աշխատել է Բերդի տարածաշրջանի ջրօգտգագործողների ընկերության տնօրեն,  առաջիկա օրերին նա պետք է նշանակվեր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության ինժեներ։  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում ցավակցել է  զոհված անտառապետերի ընտանիքներին եւ հայտնել, որ պատահարը տեղի է ունեցել ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի՝ «Արծվաբերդի» անտառտնտեսության Նավուրի անտառապետության «Թթու ջուր» կոչվող հատվածում, որտեղ վերջին շրջանում ահագնացել էին ապօրինի հատումները, մի շարք անտառխախտումների դեպքերով  հաղորդումներ էին ներկայացվել իրավապահներին։ Նախարարը  նշել է, որ  այդ  ցավալի միջադեպը եւս մեկ ազդակ է, որ պետք է սթափվել եւ զերծ մնալ ապօրինի անտառհատումներից։  Վերոհիշյալ ավտոմեքենայի վարորդ Նորայր Պապյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել նրա միջնորդությամբ։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը դիմադրել է, որ Նորայր Պապյանը նշանակվի Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, եւ Սիփան Փաշինյանի գործադրած ջանքերի հետեւանքով,  նշված  պատճառով 2020թ. մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը  ստիպված է եղել  նախարարի պաշտոնից հրաժարական տալ։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործերից մեկով Նորայր Պապյանը որպես տուժող ներգրավված է այն բանի համար, որ երկու տարի առաջ լինելով Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի տեղակալ՝ անտառում ծեծի է ենթարկվել անտառխախտում կատարած Ճամբարակի մի քանի բնակիչների կողմից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ելույթ է ունեցել 2021 թվականի Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից տեղահանված քաղաքացիների իրավունքների վերաբերյալ։

 

«Քննարկում ենք քաղաքների եւ տարածաշրջանների առջեւ ծառացած մարտահրավերները, որոնք ծագել են ներքին տեղահանված անձանց քանակի աճով, եւ պետք է նշեմ, որ այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով կամ Եվրոպայի սահմաններից դուրս եղած կոնֆլիկտներով, այլ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության կողմից իրականացվող թշնամական գործողություններով։ Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանը, Թուրքիայի եւ ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, արհամարհեց Եվրոպայի խորհրդրի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ զարհուրելի հանցանքներ գործեց քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ առաջացնելով երկարատեւ հումանիտար հետեւանքներ։ Այդ ագրեսիայի հետեւանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, որոնց 88%-ը կանայք եւ երեխաներ էին։ Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից եւ ունեցվածքից, քանի որ իրենց գյուղերն ու քաղաքները  ներկայումս օկուպացված են ադրբեջանական զինուժի կողմից։ Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի եւ Հայաստանի կառավարությունները մշակեցին սոցիալական աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված էին լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները։ Մեծ ջանք գործադրեցին նաեւ տեղական եւ տարածքային իշխանությունները, որոնք իրականացրեցին բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ օժանդակելով Արցախից տեղահանված բնակչությանը։

Չնայած գործադրված ջանքերին՝ տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունց եւ ակնկալում է այդ խնդիրների երկարատեւ լուծումներ։ Եվրոպայի խորհրդի հիմնադրույթները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է վերաբերեն բոլորին, առանց որեւէ խտրականության։ Ցավոք, այս պարագայում դա այդպես չէ, քանի որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են։ Անվտանգության խորը մտահոգությունները, հայ ժողովրդի նկատմամբ բարձր մակարդակում հնչող ատելության խոսքը, ինչպես նաեւ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատման եւ երկարատեւ խաղաղության հնարավորությունները տարածաշրջանում, ինչը թույլ կտար ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը իրենց տներ»։




Լրահոս