ԱՍՏՂԻԿ-ՏԻԿՆԻԿՆԵՐԸ, ՀԱՐՈՒՍՏ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլին կդառնա խոսող Բարբի, եւ ոչ միայն նա: Նյույորքյան կազմակերպություններից մեկը որոշել է թողարկել մի շարք հայտնի մարդկանց տիկնիկներ: Կազմակերպության կարծիքով հիմա շատ նորաձեւ են այդ տիկնիկները, որոնք կարողանում են խոսել, շարժել ձեռքերն ու ոտքերը, նաեւ հայացքով ինչ-որ բան հասկացնել: Bezel Doll Group կազմակերպության հնարամիտները ստեղծեցին Անջելինա Ջոլիի, Ջոնի Դեփի եւ Շերի տեսքով  տիկնիկներ: Մինչ նյույորքյան կազմակերպության հնարամիտները  մտածում են` էլ որ աստղի տիկնիկը ստեղծեն, չինական մի գյուղի բնակիչներ իրենց գյուղի անունը բարձրացնելու համար սեփական միջոցներով  470 մլն դոլար են տրամադրել գյուղում 5-աստղանի հյուրանոց կառուցելու համար, որը աշխարհի ամենաբարձր շենքերի ցուցակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Հյուրանոցի շինարարությունը սկսվել է 2007-ին: Շուրջ 200 գյուղացիներ դրա շինարարության մեջ ներդրել են 10 մլն յուան: Շենքում կա ավելի քան 800 համար, այն կարող է տեղավորել շուրջ 2000 մարդու: Հյուրանոցն ունի նաեւ ցուցասրահ, ռեստորան, տանիքին` լողավազան եւ այգիներ: Երեւի սա կարդալով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորը հիասթափություն կապրի եւ վերջապես կգիտակցի, որ հայկական գյուղերը վերականգնելու իր ծրագիրը ձախողված է, քանի որ հայկական գյուղերում մարդիկ նույնիսկ սեփական կարիքները չեն կարողանում հոգալ, էլ ուր մնաց սեփական միջոցներով հյուրանոց կառուցեն: Եթե հայկական գյուղերից քաղաք են տեղափոխվում, հասկանալի է, բա ինչպե՞ս կարելի է հասկանալ այն, որ Մեծ Բրիտանիայում օլիգարխներն են սկսել երկիրը լքելու ծրագրեր մշակել` մեկնաբանելով, որ նրանց վրա մեծ ազդեցություն են թողել երկրում օգոստոս ամսին տեղի ունեցած ընդվզումները: Այս պահին բրիտանացիների 17 %-ը, որոնց կարողությունը գերազանցում է 250 հազար ֆունտ ստերլինգը, պատրաստվում է առաջիկա 2 տարիների ընթացքում դուրս գալ երկրից: Տեսնես  հայ քրեաօլիգարխներին ի՞նչը կարող է ստիպել, որ թողեն-հեռանան:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս