ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազ ստացվել է ահազանգ, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան եւ ստամոքսի այրոցի զգացում։ Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերել մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» եւ «Պոլիգլյուկին»։

 

«Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ, առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։ Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։ Ուսումնասիրությամբ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը եւս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ ժամկետանց վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին. ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» եւ «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել՝ բացառությամբ 1 հաբ «Լինեքս»-ի։

«Դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի համաձայն՝ նախորդող բժշկական զննությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 19-ին, որով չի նշանակվել երկարատեւ բուժում։

Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաեւ, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:

Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառմանը մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներով արվել են նաեւ դեղերի քանակների արհեստական փոփոխություններ»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից՝ հավելելով, որ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (կանխարգելման ազգային մեխանիզմ) շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները՝ կապված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության ու սպասարկման խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց դեղերի խնդրի հետ:

«Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղերի ոչնչացման կարգի խախտումները, ժամկետանց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի բացահայտ վկայություն են: Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի, ու դա պետք է լինի համատարած՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն արձանագրել են նաեւ ժամկետանց դեղերի, ջնջումներով ու անփույթ լրացված մատյանների, սանիտարահիգիենիկ անընդունելի պայմանների այլ դեպքեր»,- նշել է աղբյուրը եւ տեղեկացրել, որ հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղերի ցանկն է հրապարակվել, մնացած մասի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնական նամակով կուղարկվի Արդարադատության նախարարություն:

 

 

ԳՈՐԾՈՒՄ Է ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝  2017 թվականի 20 դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր եւ հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 31 կգ-ը։ Արժեքը կամ քաշը գերազանցելու դեպքում վճարվում է գերազանցող արժեքի 15 տոկոսը, բայց ոչ պակաս, քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար 2 եվրո։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում սահմանված է արգելված ապրանքների ցանկ։ Արգելված ապրանքներ են համարվում թմրանյութերը եւ հոգեմետ նյութերը, կեղծ կամ կեղծված իրերը, փոստային աշխատողների համար վտանգ ներկայացնող, փոստային սարքավորումներն աղտոտող կամ վնասող իրերը, վտանգավոր ապրանքները, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերը, զինամթերքը, մետաղադրամներն ու բանկային թղթադրամները, ինչպես նաեւ կենդանիները։

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

«Այսօր մեր կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, բայց 3 ամսից ավել է, որ պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում»,- կառավարության դիմաց Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշել է Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը: «Մոտ մեկ ամիս առաջ խոսք են տվել, որ լինելու է 25 եւ 50-հազարական դրամների աջակցություն, ու 2 օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով, այսինքն՝ Դավիթ Խաչատրյանն է ելույթ ունենում տարբեր լրատվամիջոցներով, ասում՝ որոշումը կա, բայց, չգիտես ինչու, ծրագիրը չի գործում, որ գոնե բնակարանների վարձը տանք: Մի մասին արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար: Բայց մենք ինչպես մեկ տարի առաջ տուն-տեղ կորցրած մարդիկ ենք եղել, այդպես էլ մնացել ենք տուն-տեղ կորցրած: Չգիտենք, թե ինչու են մեր հանդեպ այդպես վարվում: Ձմեռ է գալիս, մարդկանց հանում են հյուրատներից, ծանր կացության մեջ ենք հայտնվել: Մենք փախստականի կարգավիճակ ենք պահանջում»,- ասել է նա: Արթուր Ստեփանյանի խոսքով՝ արդեն 2 ամիս է՝ դիմել են վարչապետին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել. «Մենք այստեղից գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, որ ցույց տանք, որ ՀՀ-ում փախստականներ կան, որը մեր իշխանությունները թաքցնում են: Դրանից հետո էլ գնալու ենք Ֆրանսիայի դեսպանություն: Նամակ ենք պատրաստել Ֆրանսիայի նախագահին, որով հումանիտար ապաստան ենք խնդրում»,- ընդգծել է Հադրութի բնակիչը:

 

 

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԼԻՆԵՆ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը: ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներ: Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առեւտուրը կաճի: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաեւ հունվարի 2-ը եւ հունվարի 7-ը:

 

 

ԿՐԱԿՈՑԻ ՁԱՅՆԵՐ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաեւ կոտրվել են շենքի պատուհանների ապակիները: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետեւանքով ապակիները կոտրվել են: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 04.00-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկել Աշտարակ քաղաքի 20 եւ 27 տարեկան երկու բնակչի: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է օդամղիչ ատրճանակից կրակել եւ վնասել գրասենյակի պատուհանների ապակիները: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

2074 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2074 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300143 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2032310, վերջին մեկ օրում` 13696 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 29007 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1315-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 263716 անձ, վերջին մեկ օրում՝ 714 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6151 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:

 




Լրահոս