«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մգեր Արմենիա, հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։
Վերջինս այս մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որ իր երկու գաղափարակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով շաժվելու են դեպի Երեւան՝ Հանրապետության հրապարակ:
«Մեր ճանապարհը տեւելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում: Վստահ ենք եւ հույս ունենք՝ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով:
Շարժման պահանջներն են՝ թույլ չենք տալիս, դեմ ենք, որ Փաշինյանը նոյեբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար կունենան ցավոտ հետեւանքներ։
Պահանջում ենք, որ Փաշինյանը եւ գործադիրը հրաժարական տան, բայց ցանկանում ենք, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը»,- ասել է Մհեր Մեսրոպյանը:
ArmLur.am-ն այս եւ հարցերի շուրջ զրուցել է Մհեր Մեսրոպյանի հետ:
-Մհե՛ր, կներկայացնեք շարժման նպատակը:
-Այսկերպ մենք մեր բողոքն ենք արտահայտում նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթին, եւ դրա մասին բոլորն են տեղյակ:
-Ո՞վ ձեզ հուշեց, որպեսզի դիմեք նման քայլի:
-Մեզ ոչ մեկ չի հուշում ու չի ուղղորդում, եւ, որպես քաղաքական ուժ, ինքներս ենք նման որոշում կայացրել: Մեզ ոչ մեկ չի վճարում, որ մենք քայլենք եւ շարժում անենք: Դրանք հիմար եւ սուտ խոսակցություններ են: Մենք նախընտրում ենք քայլերթ անել, պայքարել մեր հայրենիքի համար, քան թե ֆեյսբուքում սուտ հայրենասիրական ստատուսներ գրել: Այսօր մարդկանց մեծամասնությունն ապրում է ֆեյսբուքյան իրականության մեջ, եւ ես կուզենայի՝ իրենք անձամբ իրենց աչքով տեսնեն թուրքի դրոշները ծածանվելիս մեր հողերի վրա, որպեսզի հասկանային պահի լրջությունը: Եթե իրենց մեջ մնացել է մի փոքր հայրենասիրություն, ապա իրենք պետք է ոտքի կանգնեն:
-Իսկ ինչո՞ւ հենց Սյունիքից սկսեցիք ձեր քայլերթը:
-Ցանկություն ունեինք ադրբեջանցիների մոտով անցնելու. գիտեք, որ արդեն հսկողության տակ են այն հատվածները, որտեղ իրենք տեղակայված են, եւ ես էլ, սյունեցի լինելով, որոշեցի Սյունիքից սկսել մեր քայլերթը: Մեր անվանգությունից ելնելով՝ թե՛ մեր, թե՛ ռուս խաղաղապահ զորքերից խնդրեցին, որ Որոտան-Շուռնուխ հատվածում իրենց մոտով մենք ոտքով չանցնենք, քանի որ կարող են լինել սադրանքներ, գերեվարություն, դրա համար այդ հատվածը մեքենայով անցանք, իսկ մնացածը՝ ոտքով: Ես ականատեսի աչքով կարող եմ ասել, որ շատ ցավալի իրավիճակում ենք հայտնվել: Շատ տհաճ է, երբ թշնամին այնպես վստահ է մեր հողերի վրա կագնած, կարծես իրենց հողեր են, եւ ամենավատն այն է, որ նոր՝ Տաթեւի կողմից այլընտրանքային ճանապարհ հանդիսացող կողմում կարծես անապատով անցնես: Ժողովուրդը շատ քիչ է, եւ ենթադրում եմ, որ թշնամին հանգիստ կարող է առաջանալ: Անգամ շինարարություն են սկսել, ինչ-որ բենզալցակայան են կառուցում: Տպավորություն է, որ մենք ինքներս մեր հողից, մեր տարածքներից հրաժարվել ենք, ինչը ինձ պարզապես խոցում է:
-Այս պահին քանի՞ հոգով եք քայլերթ իրականացնում, եւ արդյոք ունե՞ք ձեր շարժմանը հետեւողներ:
-Քայլերթը մենք սկսել ենք երեքով, եւ կան մարդիկ, ովքեր նույնպես ուզում են մտել մեր շարժման մեջ, ինչին Դուք ականատես կլինեք շուտով:
-Մհե՛ր, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ ձեզ կհաջողվի ձեր բողոքը տեղ հասցնել:
-Մենք անելու ենք ամեն ինչ, որ ունենանք հաղթանակ եւ հասնենք մեր նպատակին, իսկ նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում այդ ամենը բոլորը կտեսնեն:
-Իսկ եթե, այնուամենայնիվ, չհաջողվի, ձեր հաջորդիվ քայլերը որո՞նք են լինելու:
-Հիմա ոչինչ ասել չեմ կարող, կհասնենք նոյեմբերի 7-ին եւ կտեսնենք, թե ինչ ենք անում: Ինձ համար հիմա ամենակարեւորը նոյեմբերի 7-ի հաղթանակն է:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԸ
ArmLur.am-ը ոճաբան, պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանից հետաքրքրվեց, թե, նրա գնահատմամբ, ովքեր են հայկական շոու-բիզնեսի ոչ ոճային կին ներկայացուցիչները, որոնք դուրս են նորաձեւության միտումներից եւ չեն տարանջատում բեմական, առօրյա, տոնական զգեստները, ինչպես նաեւ չունեն իրենց անհատական մոտեցումները: Այսպիսով, ներկայացնում ենք ոճաբանի գնահատականները:
Ըստ ոճաբանի՝ հայկական շոու-բիզնեսում ոչ ոճային եւ անճաշակ հայտնիներն են երգչուհիներից Սիլվա Հակոբյանը, Սրբուկը, իսկ դերասանուհիներից՝ Դիանա Մալենկոն: Իսկ, ահա, ի զարմանս մեզ՝ Արայիկ Գաբաջյանը ոչ ոճային է համարել եւ նշել տղամարդ հայտնի դեմքերից Գեւորգ Մարտիրոսյանին:
Մասնագետի խոսքով՝ կուզենար, որպեսզի նրանք՝ որպես հանրային դեմքեր, աշխատեին եւ փոխեին իրենց իմիջը, քանի որ հասարակությունն այսօր առավել ուշադիր է եւ հետեւում է նրանց ոճին, ինչու ոչ՝ նաեւ կրկնօրինակում:
Նշենք, որ Արայիկ Գաբաջյանը հանդիսանում է Women’s Club-ի գլխավոր ոճաբանը, ինչպես նաեւ աշխատում է բազմաթիվ աստղերի հետ, որոնցից են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Գայա Արզումանյանը, Արփին, Մարտին Մկրտչյանը եւ այլք։ Գաբաջյանին էր վստահվել նաեւ հագուստների ոճի ընտրությունը հումորիստ Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակում, որը սիրվել եւ մեծ քննարկումներ էր առաջացրել համացանցում։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՊԱՏՎԵԼ Է
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան անպատվել է անգլիական թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո. հաղորդում է The Sun-ը։ Պոգբան խաղից հետո ներողություն է խնդրել թիմակիցներից իր կարմիր քարտի համար, սակայն վիրավորական է արտահայտվել Սուլշերի հասցեին։ Հիշեցնենք, որ Պոգբան հեռացվել է խաղի 59-րդ րոպեին Նաբի Կեյտայի ոտքին հարվածելու համար։ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» է 2016 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
ՀԱՂԹԱՆԱԿ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 51 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Հովհաննիսյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանի հետ ու պարտության մատնեց 5:0 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նարեկ Մանասյանը մեկնարկում պարտություն կրեց: 92 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ուժերը չափեց Իտալիայից Ազիզ Աբբես Մոուհիդայնի հետ ու զիջեց:
ԿՀԵՌԱՑՎԻ
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո դրությունը շտկելու համար տվել է երեք հանդիպման հնարավորություն: Բացասական արդյունքների դեպքում 48-ամյա մասնագետը կհեռացվի պաշտոնից։ Հոկտեմբերի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, իսկ հաջորդ շաբաթ՝ իտալական «Ատալանտայի» (Չեմպիոնների լիգա) եւ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Թիմի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն Թուրինի «Յուվենտուսի», Լոնդոնի «Չելսիի» եւ Միլանի «Ինտերի» հետ չեմպիոնական տիտղոսներ նվաճած Անտոնիո Կոնտեն է։ Ամռանը՝ «Ինտերից» հեռանալուց հետո, իտալացի մասնագետը չունի մարզչական աշխատանք։