Լուսանկարն արվել է Վայոց ձորում
Երեկ Վայոց ձորում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին։ Վթարի հետեւանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կղմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը: Ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը:
Կարինե Սահակյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե երբ է կատարվում ուսանողի փոխատեղումը:
Ստելլա Միրզոյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը, եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում՝ վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակը սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: