ՀՀ կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը հատկացրել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը: Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գնով: Արդյունքում գործով կալանավորվել են նախարարության աշխատակիցներ եւ այս օրերին էլ գտնվում են կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործով ուշագրավն այն է, որ իրավապահները կալանավորվածներին ներքին կարգով ասում են՝ ցուցմունք տվեք նախարարի, փոխնախարարի դեմ, եւ դրանից հետո նոր խափանման միջոցը կփոխվի: Հիշեցնենք, որ 2019 թվականին սոցապ նախարարը եղել է Զարուհի Բաթոյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ մենք սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու: «Մենք դա ճանապարհ ենք ասում, իրենք՝ միջացք, բայց մենք իրենց միջանցք չենք տալու: Երթուղիներ ենք տալիս՝ երկաթուղի կամ ավտոճանապարհ: Հիմա ինչպե՞ս ենք մենք Արցախ մտնում, դուրս գալիս. նույնն էլ իրենք պետք է կարողանան ու Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհ ունենան»,- նշում է նա: Վստահեցնո՞ւմ եք, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. այս հարցին Մելքոնյանը հստակ պատասխան չի տալիս: Երբ ճանապարհը կլինի, ասում է, նոր կքննարկվի՝ ով է լինելու վերահսկողը: Ըստ նրա՝ այդ ճանապարհին մաքսակետ պետք է լինի, այնպես, ինչպես, օրինակ, ՀՀ-Վրաստան սահմանին է: «Բայց ինչպե՞ս ենք, օրինակ, Արցախ գնում առանց մաքսակետերի, սոսկ անցակետերով, հնարավոր է եւ այդպես լինի, որ իրենք էլ ազատ մտնեն, դուրս գան: Վերջ-առաջ այդպես պետք է լինի, մենք պետք է գնանք նրան, որ ճանապարհները բացվեն: Մարտակերտ-Վարդենիս, Ղազախից դեպի Վրաստան ճանապարհներն էլ պետք է բացվեն»,- հավելում է իշխանական պատգամավորը: Ստացվում է՝ իշխանությունը ոչ միայն ընդունում է, որ Ադրբեջանը դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու, այլեւ վստահ չէ, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու: Ավելին՝ վերոնշյալ ուղիով ադրբեջանցիները կարող են հեշտ ու հանգիստ ելումուտ անել:
Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են: «Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումներ, պատկերացումներ »,- նշեց Տարասովը: Վերջինիս խոսքով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջեւ իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան:
Տեւական ժամանակ է, ինչ մեր համաքաղաքացիները դժգոհում են Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վատ աշխատանքից: Բողոքող քաղաքացիների խոսքով՝ Երեւանում գործող երթուղիների մի մասին շատ երկար են սպասում կանգառում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել 10 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացիները: Նշված համարի տրանսպորտային միջոցին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում՝ մոտ 30 րոպե: Երբ քաղաքացիները պատճառների մասին հետաքրքրվել են վարորդներից, ստացել են կարճ պատասխան՝ վարորդ չկա. բոլորը կորոնավիրուսով հիվանդ են: Ապա դժգոհել են, որ երեւանյան հանրային տրանսպորտը լիարժեք չի ախտահանվում, ինչի պատճառով վարորդները հիվանդանում են: Ասել է թե՝ Երեւանի որոշ երթուղիներ վարորդի խիստ պակաս ունեն, ինչի պատճառով փաստի առաջ կանգնել է ուղեւորը: