ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ չհաստատեց ընդդիմադիր պատգմավորների նախաձեռնությամբ ստեղծված Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թվով: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանը նախաձեռնությունը ներկայացնելիս նշել էր, որ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա. առաջինը վերաբերում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է արդարադատության նախարարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին եւ այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: Առաջարկվում էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախորդ նիստում, անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, դա համարեց միջամտություն դատական իշխանության ոլորտին: Վարդանյանի կարծիքով՝ այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է:
Քվեարկությունից առաջ «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախորդ օրը՝ հարցի քննարկման ընթացքում, շփոթ է առաջացել: Նա առաջարկեց, որ իշխանությունը եւս մեկ անգամ քննարկի, որովհետեւ դա որեւէ ձեւով չի խոչընդոտում արդար դատաքննության ընթացին: Խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջումից հետո նախագիծը քվեարկությամբ ստացավ 25 կողմ, 1 ձեռնպահ ձայն: Այսպիսով, որոշումը չընդունվեց:
ՔՊ քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ ՔՊ-ն այդ նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, քանի որ դա հստակորեն ԱԺ լիազորություններից դուրս է՝ հորդորելով ընդդիմադիրներին հաշվի առնել այն լիազորությունները, որոնք տրված են խորհրդարանին:
«Եթե նրանք վկայակոչում են Դատական օրենսգրքի որեւէ հոդվածի անկատարություն, ապա կարող են այս պարագայում օրենսդրական վերահսկողություն սահմանել եւ որեւէ կերպ չառնչվել քննիչ հանձնաժողովների գործառույթներին»,- ասաց պատգամավորն ու հավելեց՝ քվեարկությանը մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ:
«Հայաստան»-ից Արամ Վարդեւանյանն էլ տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է:
«Այդ տեսանկյունից այս որոշմանը չքվեարկելը որեւէ հետեւանք չի ենթադրում, պարզապես սրանով մյուս խմբակցությունը որեւէ կերպ չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչում որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է ԱԺ իրավասությունների տիրույթում եւ ամեն կերպ փորձելու է նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն»,-ասաց պատգամավորը:
Ն. Պ.
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
«Դուք պայքարում եք գրանցված լրատվամիջոցների դեմ, որոնք ձեզ հաճո չեն»,- հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով ««ԶԼՄ մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նրա դիտարկմամբ՝ 2018-ի մայիսի 8-ից սկսած՝ հարվածի տակ են հայտնվել պետական ինստիտուտները, Արցախը, Հայաստանը: «Հարձակման են ենթարկվում քիչ թե շատ կայացած ինստիտուտները, իշխանությունների անսահմանափակ սանձարձակություններին սկզբնական փուլում դիմակայեց լրատվական դաշտը: Սա այն քիչ կայացած ոլորտներից է, որի դեմ արշավը սկսել է նույն 2018-ից ու շարունակվում է մինչ օրս: 2018-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր, մենք ստացել էինք մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական պետական համակարգ, որ գրեթե չուներ քաղաքական ընդդիմախոսներ, ինչը դեպի բռնապետություն ու ամբոխավարություն տանող ուղիղ ճանապարհ է»,- ասել է նա՝ նշելով, թե մամուլը դարձավ 2018-ին ձեւավորված իշխանության ընդդիմախոսը եւ հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը: «Խորհրդանշական է, քանզի ներկայացվում է մի ուժի կողմից, որի ղեկավարների սիրած զբաղմունքն էր չնույնականացվող աղբյուրներին, «օդում կախված» լուրերին, իրենց անանուն աղբյուրներին հղում անելով՝ բամբասանք, կեղծ լուրեր տարածելը: Սա իշխանություններին ոչ հաճո եւ կառավարության կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է: Մեդիադաշտից եկած իշխանություններն ամեն ինչ արել են եւ անում են մեդիադաշտի դեմ»,-ասել է նա:
ՄԵՐԺՎԵԼ Է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ մերժվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնել ընտանիքի անդամների հետ Հովսեփյանի տեսակցությունների սահմանափակումը։ «Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր վերացնել ընտանիքի անդամների եւ մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե, իբր, մերձավոր ազգականների եւ ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն: Նշվածից ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը եւ առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրկ է իրավական ողջամտությունից, քանզի անհնար է պատկերացնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանը կարող է, օրինակ, իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել»։
ԳՈՒՄԱՐ՝ ԱԱԾ-ԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը գումար կհատկացվի: Խոսքը 101 մլն 920 հազար դրամի մասին է: Ըստ կառավարության հիմնավորման՝ այդ գումարը նախատեսված է համապատասխան ծառայությունների եւ տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման համար, նաեւ դրանով կվճարվեն լրացուցիչ հաստիքներով պայմանավորված աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները:
ԿՈԱԼԻՑԻԱ ԿԿԱԶՄԵ՞Ն
Գյումրու ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը, որը նախկին պատգամավոր, Գյմուրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, ավելի շատ ցանկանում է կուսակցական աշխատանքով զբաղվել: «Միաժամանակ երիտասարդներին այդպես ճանապարհ կտրվի աշխատանքի համար»,-ասել է նա: Վերջինս նշել է, որ մինչեւ այժմ առաջարկ չի ստացել Գյումրու ավագանի անցած որեւէ ուժից կոալիցիա կազմելու համար: Այն հարցին, թե «Բալասանյան դաշինքից» կոալիցիայի առաջարկ ստանալու դեպքում կընդունի արդյոք այն, նա դրական պատասխան է տվել՝ հավելելով. «Մենք արմատական ընդդիմություն ենք, պատրաստ ենք համագործակցել ուժերի հետ՝ բացառությամբ ՔՊ-ի»: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:
ՈՐՊԵՍ ՆՎԵՐ
Անհրաժեշտության դեպքում Չինաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնություն ձեռք կբերվի, որը հնարավորություն կտա որպես նվեր չինական պատվաստանյութեր տրամադրել Հայաստանին։ Այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։ Նա հիշեցրել է, որ Չինաստանի կառավարությունը պատվաստանյութերի խմբաքանակ է նվիրել Հայաստանին այս տարվա մայիսին։ «Դա մեծ աջակցություն էր եւ մեծ ազդեցություն ունեցավ: Դրանից հետո երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի կողմից «Սինոֆարմ» պատվաստանյութի գնման շուրջ։ Եթե ??նման անհրաժեշտություն առաջանա, չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստ է աջակցել հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը։
ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է Հայաստանի կողմից ականապատ քարտեզների փոխանցման հարցը։ «Շփումները շարունակվում են հնարավորինս արագ դրանց տրամադրման համար։ Նախագահ Էրդողանն Ադրբեջան կատարած այցի ժամանակ ընդգծեց, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ստեղծումը կախված է հրադադարից։ Կարեւոր է, որպեսզի բոլորը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հրադադարը լինի մշտական կայունություն եւ մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։ Թուրքիան խելամիտ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում երկխոսության համար»,- ասել է Աքարը: