ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 100 ՄԱՐՄԻՆ ՈՒ ՄԱՍՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանի սառնարանում անթաղ են մնում զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունք:

 

Պոլիէթիլենային պարկերի վրա նրանց գենետիկական փորձաքննության կոդերն են գրված: Այս մարմինները հիմնականում նույնականացված են, այսինքն՝ պարզ է՝ ովքեր են, անուն-ազգանուն ունեն: «Նշանակում է, որ տվյալ դիակից կամ մասունքից դատաբժշկական փորձաքննության ընթացքում դեռեւս վերցված դատագենետիկական նմուշառումը նույնականացվել է այս կամ այն անձի հետ», – ասել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը: «Ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել»,- ասում է դատաբժշկական կենտրոնի Արմավիրի համակարգող Սերգեյ Աբգարյանը: Հիմնական պատճառն այն է, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կամ եթե խոսքը մարտադաշտում գտնված մասունքի մասին է, սպասում են, մինչեւ զինվորի մյուս մասունքներն էլ գտնվեն: «Ծնողներ կան, որ մոտենալով հայտնում են, որ նույնականացվել է մի հատ փոքր ոսկրային հատված, ասենք՝ 5 սմ երկարությամբ, խնդրում են, ասում են՝ բժիշկ ջան, թող մնա, միգուցե մի որոշակի ոսկրային զանգված էլ իր հետ կնույնականանա, մենք որոշակի զանգված կհուղարկավորենք: Ասում են՝ ուզում ենք գերեզման ունենալ», – նշել է Աբգարյանը:

Մեծամորի դիահերձարանում պահվող միայն մի քանի մարմիններ կան, որ հնարավոր չի եղել նույնականացնել. կա՛մ ականապայթյունային վնասումները թույլ չեն տալիս որակյալ նմուշառում անել, կա՛մ էլ հենց այդ զինվորների ծնողները ԴՆԹ չեն հանձնել: Հարազատների մի խումբ արյուն հանձնել հրաժարվում է. վստահ են՝ իրենց որդիները ողջ են, գերեվարված:

Այս դիահերձարանի բակ մտած հենց առաջին սառնարանային մեքենայում մի զինվորի մարմին կար նախորդ տարվա հոկտեմբերից, որ մինչեւ այժմ այստեղ է: Ի՞նչ անել սառնարանի դարակների վրա մնացած մարմինները. այս ամռանը առողջապահության նախարարը հայտարարեց, թե պետությունն ինքը կհուղարկավորի զինծառայողներին մարմինները, եթե հարազատները չվերցնեն: «Առաջիկայում մենք հանդես կգանք նաեւ մեր հետագա պատկերացումներով այս իրավիճակից դուրս գալու եւ մեր զինվորների, մեր հերոսների դիերը հողին հանձնելու, հուղարկավորելու միասնական մոտեցում», – նշել է նախարար Ավանեսյանը:?

Եղբայրական գերեզմանի մասին, սակայն, հետո այլեւս չխոսվեց, հավանաբար հաշվի առան այդ գաղափարին դեմ մի քանի ծնողների արձագանքները։ Բժիշկ Աբգարյանը շեշտում է՝ մարմինները մեկ տարի է՝ խորը նեխային գործընթացում են, սառնարանն այս դեպքում ոչինչ չի փոխում, տղաներին պետք է հողին հանձնել հնարավորինս արագ:

«Ես չեմ ընդունում այս մոտեցումը, որ այս տղաները շուրջ մեկ տարի եւ ավելի է՝ արդեն գտնվում են այս մետաղական սառը պայմաններում, ինչ-որ սառնարաններում: Նրանք մահացել են մի բանի համար, որը կոչվում է մայրենի հող, ու մենք փաստացի՝ թե՛ մենք, թե՛ ծնողները, թե՛ ով ընդհանրապես պրոցեսի մեջ ամփոփվում է, չենք կարողանում այս տղաներին հանձնել մայր հողին», – ընդգծել է Սերգեյ Աբգարյանը: Ծնողների մի խումբ էլ գենետիկ նմուշն արտերկիր կրկնակի փորձաքննության է ուղարկել, սպասում են պատասխանների: Սերգեյ Աբգարյանը հավատացնում է՝ մինչեւ այժմ տասնյակ ստուգումներ են արել ծնողները, եւ չկա դեպք, որ պատասխանը հայաստանյան փորձաքննության հետ համընկած չլինի, միեւնույնն է, սառնարանում մարմինների թիվը չի պակասում: «Մեկ, երկու, երեք անգամ ճանաչումից հետո անգամ նրանք կասկածում են, գենետիկան մակրոսկոպիկ ճանաչման մեթոդիկա չի: Եթե հինգ անգամ մի մարդուն նույնականացնում են, դա նշանակում է՝ ես ես չեմ, դուք էլ դուք չեք»,-ասել է  բժիշկը:

Ն. Պ.

 

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԽԵՄԱՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, այն է՝ համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը նրան նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1000 ԱՄՆ դոլարը ստացել են 2021թ. հոկտեմբերի 12-ին՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մնացած գումարը ստանալ նվիրատվության գործընթացն ավարտելուց հետո:

 

2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող եւ ստացող անձինք բռնվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համապատասխան պաշտոնատար անձինք Գյումրի համայնքի մի շարք բնակիչների օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսեւորելու, այն է՝ կատարված ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, համապատասխան վարչական վարույթներ չնախաձեռնելու համար քաղաքացիներից ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ դրանք բաժանելով խմբի անդամների միջեւ: Քննչական խմբի անդամների տակտիկապես համակարգված աշխատանքի արդյունքում քննության սկզբնական փուլում կատարվել են ծավալուն դատավարական գործողություններ, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ, պաշտոնատար անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է կաշառքի առարկա գումարը, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը եւ կաշառք տված քաղաքացին:

Ազգային անվտանգության մարմինները շարունակում են հետեւողականորեն ձեռնարկել քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր դրվագները բացահայտելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաեւ համայնքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ:

 

 

ՔԿՀ-ՆԵՐԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ

Կառավարության ընդունած որոշմամբ՝ «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս որոշումով 2022 թվականին կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ: «Սա շատ կարեւոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ, ու եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով ու պայմանները լավացնելով՝ մենք կկարողանանք է՛լ ավելի օպտիմալացնել համակարգը՝ լուծելով մարդու իրավունքների խնդիրները»,-ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այսօր 5 346 տեղ կա, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց այն համալրված է 2113-ով: Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում տեղերը կիսով չափ դատարկ են: Միաժամանակ նախարարը հավելեց, որ կրճատվելու է 280 հաստիք, ինչը կարող է առաջացնել որոշակի դժգոհություն: «Բայց մենք խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնել ՔԿՀ-ներում, այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ ՔԿՀ-ներ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կլինեն կադրերի ռեզերվում»,- ասաց արդարադատության նախարարը: «Մեր ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես՝ «Կոշ»-ում ու «Հրազդան»-ում, անմարդկային պայմաններ են, ոը կալանավորված մարդիկ պահվում էին անմարդկային պայմաններում: Այսինքն՝ մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ ու այնտեղից դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Ոստիկանության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաներից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաեւ «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 եւ 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, մյուսը՝ Առինջ գյուղի։ Օպերատիվ խմբի մի մասը՝ Աբովյան փողոց, մյուսները բժշկական կենտրոն մեկնեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակով հագուստ, պարկուճներ ու գնդակներ: Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաեւ դրսում, եւ վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքեւխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

 




Լրահոս