ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՑ 5-Ն ԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի բուժման նպատակով Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է:

 

«Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ 307, եւ թոքային օդափոխության սարքերին միացված՝ 152 քաղաքացի: Այս շտամի առանձնահատկությունն է, որ թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության, թե՛ տարիքային առումով իսկապես ավելի ծանր վիճակում է մեզ դնում: Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ: Այս պահին էլ ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ եւ թթվածնային կախյալ են»,-ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ ներկայումս դրական ակտիվ դեպքերի 34 հազար 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են: «Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիներից պատվաստվածների թիվն ընդամենը 96 է, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մոտ 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 մարդ, որ պատվաստված են: Այս պահին մոբիլիզացված են 27 ԲԿ-ներ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտների. ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է: Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրհեղ ծանր վիճակում գտնվող 307 եւ թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի:

Հայաստանում քննարկվում է բաց տարածքներում եւս դիմակներ կրելու կարգ սահմանելու հարցը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ցավոք, գտնվում է լարված։ «Այստեղ շատ կարեւոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումը իրավիճակի կառավարման հետ կապված որն է։ Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ «լոքդաուն»-ի տրամաբանության։ Մեր ռազմավարությունը հետեւյալն է. մենք կարծում ենք, որ չպետք է գնանք «լոքդաուն»-ների եւ պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացում, եւ չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։ Ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր նաեւ բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կարեւոր մոտեցումը, սակայն, պատվաստումներն են։

«Ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք՝ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված։ Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում, 6 հոգի, եւ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքեր։ Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, բացում են սրվակը, դատարկում»,- ասել է նա։

Ն. Պ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔԻ ՊՈՂՊԱՏԵ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ

Երեք տարի առաջ Հայաստանի երկնքում հայտնվեցին պողպատե թռչունները։ «Արմենիան Հելիքոփթերս»-ը ներդրեց ուղղաթիռային թռիչքների ծառայություն՝ հավաքելով ավիացիայի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալ թիմ. երկինք բարձրացան բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները։ «Սկզբում որոշվեց՝ ինչ տիպի թռիչքներ է տեսականորեն հնարավոր իրականացնել Հայաստանում, որից հետո ընտրվեցին ուղղաթիռների տիպերը, ու ձեռք բերվեց առաջին ուղղաթիռը: Այն ամերիկյան արտադրության Robinson R66 ուղղաթիռն է, նախատեսված է 4 ուղեւորի համար,- նշում է «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

«Արմենիան Հելիքոփթերս»-ը թռիչքներ է իրականացնում ամենատարբեր առիթներով։ Զբոսաշրջիկների համար մշակվել են հատուկ երթուղիներ, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը՝ խնայելով ժամանակը, ինչպես թռիչք դեպի Տաթեւ կամ Խոր Վիրապ։

Ամերիկյան Robinson R66-ից հետո ձեռք բերվեց երկրորդ ուղղաթիռը՝ Airbus H 30-ը՝ մինչեւ 6 ուղեւորի համար։ Իսկ երրորդ ուղղաթիռն արդեն անհրաժեշտություն էր շտապ օգնության աշխատանքներ կատարելու՝ հիվանդներ տեղափոխելու համար։ 2019-ին բանակցություններ սկսվեցին «Էյրբաս» ընկերության հետ, եւ հատուկ հայկական ընկերության պատվերով ձեռք բերվեց H125-ը. գործընկերը «ԱԳԲԱ Լիզինգն» էր։

«Բանակցություններ սկսեցինք «ԱԳԲԱ Լիզինգի» հետ եւ որոշում կայացվեց ձեռք բերել H125 ուղղաթիռը։ Բանակցությունները հաջող ավարտելուց հետո մենք ձեռք բերեցինք H125-ը, որն «Էյրբաս»-ի կողմից Հայաստանին վաճառած առաջին ուղղաթիռն է, մասնավորապես՝ «Արմենիան Հելիքոփթերս»-ին «ԱԳԲԱ Լիզինգի» ֆինանսավորման միջոցով»,- նշում է Արսեն Մանուկյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում «Արմենիան Հելիքոփթերս»-ն իրականացրել է 86 թռիչք Երեւանից դեպի Սյունիք եւ հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երեւանի մասնագիտացված կենտրոններ: Առաջիկայում կբացվի «Արմենիան Հելիքոփթերս»-ի տեխնիկական սպասարկման կենտրոնը, որը նախատեսվում է դառնալ տարածաշրջանում «Էյրբաս»-ի պաշտոնապես սերտիֆիակացված կենտրոնը։

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 




Լրահոս