Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի: Նա հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարեւանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով եւ ականջակալներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է տրամադրվում երեխայի խնամքի համար արձակուրդ:
Լիլիթ Սիմոնյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդված):
ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ հիմքով է մերժվում ապոստիլով վավերացումը:
Իրինա Գրիգորյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
1) փաստաթուղթը պատրաստել կա՛մ հաստատել, կա՛մ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,
2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,
3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,
4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,
5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,
6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,
7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,
8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,
9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993թ. հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած՝ ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Լիտվայի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով: