ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՑԱԾՐԱՑՈՒՄ Է ԵՂԵԼ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Գյումրու նորընտիր ավագանին համայնքապետ է ընտրել «Բալասանյան դաշինք»-ի համամասնական ցուցակի անդամ Վարդգես Սամսոնյանին, բայց, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, քաղաքը դե ֆակտո ղեկավարելու է Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ չի  ուզում նսեմացնել նորընտիր քաղաքապետի գործոնը, բայց ամեն դեպքում «Բալասանյան» դաշինքը պրոյեկտ է եղել:

 

-Գյումրին քաղաքապետ է ընտրել, ի՞նչ կարծիք կհայտնեք: Կարո՞ղ է համայնքը լավագույնս ղեկավարել:

-Անկեղծ ասած, նրան չեմ ճանաչում, բայց կարող եմ ասել, որ նա պրոյեկտ է: «Բալասանյան դաշինք»-ն ընդհանրապես պրոյեկտ է,  եւ բոլորն էլ լավ գիտեն, որ սրա հետեւում կանգնած է Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, եւ արդեն սա հուշում է, որ վաղը եւ մյուս օրը քաղաքի կառավարման մեջ կլինեն Սամվել Բալասանյանի ընտանիքի մտերիմները, բարեկամները, որոնք շատ մեծ տեղ ունեն ավագանու ցուցակում: Այս ամենը ցույց է տալիս, որ Բալասանյանների ընտանիքը շատ մեծ ազդեցություն է ունենալու քաղաքի կառավարման մեջ: Ես այստեղ չեմ ուզում նսեմացնել նորընտիր քաղաքապետի գործոնը, բայց ամեն դեպքում «Բալասանյան դաշինք»-ը պրոյեկտ է եղել:

-Հաշվի առնելով, որ «Բալասանյան դաշինք»-ը  ՔՊ-ի հետ հուշագիր է ստորագրել, կարո՞ղ ենք ենթադրել, որ «Բալասանյան դաշինք»-ն էլ իր հերթին պրոյեկտ է իշխանությունների կողմից:

-Այն, որ Գյումրիում մինչ ընտրությունները խոսվում էր, որ «Բալասանյան դաշինք»-ը, ապագայում 2-րդ տեղը զբաղեցնելով, պետք է համագործակցի առաջին տեղը շահած քայլիստների հետ, նման խոսակցություններ վաղուց կային: Այսինքն՝ հետեւություն, որ իշխանություններն արդեն իրենց հաղթող էին ձեւացնում եւ «Բալասանյան դաշինք»-ի միջոցով փորձում էին վերցնել քաղաքապետի պաշտոնը: Բայց ինչպես տեսանք, ընտրությունների ժամանակ Գյումրին ոչ ասաց քայլիստներին՝ նախապատվությունը տալով «Բալասանյան դաշինք»-ին, որը մոտ 7 տոկոսով ավել ձայն ստացավ, քան քայլիստները:

-Բայց հուշագիր կնքեցին: Ի՞նչ կասեք:

-Այո՛, «Բալասանյան դաշինք»-ը բազմաթիվ ձեւաչափերով կարող էր ձերբազատվել քայլիստների կցորդը լինելու անպատվաբեր տիտղոսից՝ համագործակցելով «Զարթոնք»-ի կամ մյուս երկու քաղաքական ուժերի հետ: Բայց «Բալասանյան դաշինք»-ը, ինչպես գյումրեցին է ասում, «գնաց եւ նախրի մեջ պաչեց իշու ճակատը»:

-Պարո՛ն Համբարյան, ընտրություններից առաջ խոսվում էր, որ Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում է իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը, իսկ Նազելի Բաղդասարյանն էլ նշանակվելու Շիրակի մարզպետ: Այդ լուրերը ինչքա՞ն են հավաստի:

-Նազելի Բաղդասարյանի հետ գալը Գյումրի պատիժ է նրա համար:

-Ինքը հակառակն է ասում. ըստ իրեն՝ քանի որ ինքն ավելի շատ համբավ ունի Գյումրիում, ՔՊ-ն որոշել է իրեն նշանակել այդ պաշտոնին: Ի՞նչ կասեք:

-Այլ բան է՝ ինքն ինչ է ասում, եւ այլ բան է, թե ինչ ենք մտածում մենք, եւ հատկապես՝ ես: Ես՝ որպես վերլուծաբան, կարող եմ ասել, որ Նազելի Բաղդասարյանի պաշտոնի ցածրացում է եղել:  Գործող իշխանության օրենսդիր մարմնի քարտուղարը, որն անմիջականորեն շփվում է իրենց էլիտային հետ, որը անմիջականորեն շփվում է օրենսդիր մարմնի իրենց խմբակցության ներկայացուցիչների հետ, անընդհատ մեկնում է արտասահման, Ն. Բաղդասարյանն հենց այնպես այդ պաշտոնից չէր հրաժարվի եւ գար Գյումրի: Իրեն ո՞վ է ասել, որ ինքը Գյումրիում մեծ համբավ ունի կամ շատ սիրված է:

Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Ն. Բաղդասարյանի, Շիրակի նախկին մարզպետ Կարոն Սարուխանյանի եւ Հովհաննես Հարությունյանի թիմերի միջեւ գնում էր բացահայտ պայքար: Դրա արդյունքը եղավ այն, որ իրենք շատ զարմանահրաշ ցուցակ կազմեցին եւ, բացի դրանից, սկսեցին հիբրիդային գործել՝ ամեն մեկը հովանավորելով այս կամ այն քաղաքական ուժին: ԱԺ-ի ընտրություններից հետո նրանց մոտ այն տպավորությունն էր, որ Նիկոլի ուսապարկն ու փայտիկը որ դնեն, գյումրեցին կընտրի իրենց, այն էլ փայտիկը թարս բուսնեց: Իրենց տկարամիտ, անտրամաբանական ցուցակին գյումրեցին ասաց՝ ոչ: Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ քայլիստները մեղադրում են Նազելի Բաղդասարյանին, որը պետք է պատասխանատվություն կրի այս խայտառակության համար: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններին  քայլիստները Գյումրիում հավաքում են 65-67 տոկոս, իսկ ՏԻՄ ընտրություններում հավաքում են ընդամենը 29,6 տոկոս: Ն. Բաղդասարյանին ուղարկելը Շիրակի մարզ պատիժ է նրա համար: Նրա վերջնարդյունքը կլինի դեկտեմբերի 5-ի ընտրությունները Ամասիա, Ախուրյան եւ Արթիկ տարածաշրջաններում, որտեղ եթե նա տանուլ տա, նրան կասեն՝ ցտեսություն:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.

 

«Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինի հետ։

Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ երկուստեք կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը, Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջեւ փոխադարձ սերտ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում բարձրաձայնել եմ Ռուսաստանի մեր հայրենակիցների վարորդական իրավունքների եւ ՀՀ նոտարական թարգմանությունների ճանաչման, ՀՀ-ից գնված մեքենաների ՌԴ ներմուծման խնդիրների մասին, ինչպես նաեւ Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, ըստ որի՝ ՀՀ 320 հայերի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում՝ ակնկալելով ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի եւ դրանից բխող հետեւանքների մասին։

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի խորհրդարանում բազմակարծության, խոսքի իրավունքի սահմանափակումների, պատգամավորների նկատմամբ քրեական գործերի հարուցման վրա, որին ի պատասխան դեսպանը նշեց վերջերս աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած պատվիրակության կազմում ընդդիմադիր գործիչների ներգրավման կարեւորությունը։

Իհարկե, անդրադարձ կատարեցինք նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ՀՀ-Ադրբեջան սահմանային դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացին: Հանդիպման ընթացքում ընդգծեցի նաեւ ինձ համար շատ կարեւոր Արցախի ապագա կարգավիճակի հարցը»:

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ

Վերջին շրջանում հաճախ է խոսվում ու քննարկվում հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Վեհափառ Տեր Գարեգին 2-րդի՝ կորոնավիրուսի ու պատվաստման վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին: Հասարակական դեմքերը հռետորական հարց են բարձրացնում, թե ինչու կաթողիկոսն իր հոտին պատվաստվելու կամ չպատվաստվելու հորդոր չի հղում: ArmLur.am-ը կապ էր հաստատել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ՝ պարզելու՝ եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծել էր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որեւէ հոգեւոր կամ կրոնական խնդիր չի տեսնում։ «Այսօր Հայ Եկեղեցու թեմերում Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ արդեն պատվաստվել են»,- նշել էր հոգեւորականը: Բյուրականի հոգեւոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանն, օրինակ, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափը, այն համոզումն ունի, որ անտեղյակ եւ ապաշնորհ նախարարի անձով է պայմանավորված, որ հասարակության մեծ մասը հրաժարվում է պատվաստումներից։ «Դեմ եմ համավարակի այս ծանր շրջանում ոչ բժիշկ առողջապահության նախարար ունենալուն։ Մեծամասամբ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդների վճարած հարկերով աղանդավոր նախարար ունենալուն նույնպես դեմ եմ, որի ապաշնորհ կառավարման հետեւանքով մինչեւ տարեվերջ պետպատվերով բուժումներ չեն լինելու»,- ասում է հոգեւորականը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե կաթողիկոսն ու հոգեւոր համայնքը հակապատվաստումային քարոզի ջատագովներ են, փաստորեն, չարաչար սխալվում են: Ու եթե դույզն-ինչ ուշադիր լինեն, ապա կնկատեն՝ վեհափառ տերը գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ բաց թե փակ տարածքներում միշտ դիմակով է:

 

 

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմը դարձյալ հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը այս տարվա 9 ամիսներին պետական բյուջե վճարել է 1 մլրդ 402 մլն 541 հազար դրամ հարկ ու տուրք, իսկ, ահա, հունվար-հունիս ամիսներին վարչապետի աշխատակազմի կողմից կատարված հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 76 մլն 420 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին վարչապետի աշխատակաազմը պետական բյուջե կատարել է 347 մլն դրամի հարկային վճարում եւ զբաղեցրել հազար խոշորների ցանկի 144-րդ տեղը: Փաստորեն, վարչապետի աշխատակազմը, առաջին եռամսյակի համեմատ, երրորդ եռամսյակում հարկային վճարումներն ավելացրել է: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ՊԵԿ-ն առաջարկել է ՀՀ կառավարությանը 1000 խոշոր հարկատուների ցանկից հանել պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը` հարկերի տեսքով, նորից վերադարձնում են բյուջե։ Եթե կառավարությունն ընդունի ՊԵԿ-ի այս առաջարկը, ապա խոշոր հարկատուների ցանկում տեղ կգտնեն միայն տնտեսվարողներն ու հարկ վճարողները։

 




Լրահոս