ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչեւ նոյեմբերի վերջ: Այս մասին վստահեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստիբյուջետային քննարկումներում: «Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է  քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, եւ այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որ կարողանանք ապահովել»,-ասել է Հակոբյանը: Նա, անդրադառնալով պայմաններին, որում իրականացվում է ծառայությունը, ասել է. «Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»:

 

ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը նկատել է, որ Գորիս-Որոտան հատվածում կան սահմանապահ զորքերի հենակետեր, ուղեկալներ, բայց խնդիր կա տնակների, կացարանների մասով: «Մեր սահմանապահները, ինչքանով որ տեսնում ենք, այնքան էլ ապահովված չեն այդ կացարաններով, տնակներով: Գիտեմ, որ միջոցառումներ են իրականացվում այդ ուղղությամբ»,- ասել է նա ու հետաքրքրվել արդյունքներով: Հակոբյանը պատասխանել է. «Մինչեւ նոյեմբերի վերջ մենք կվերջացնենք բոլոր տնակների տեղադրման հարցը: Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչեւ նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով»:

Նա վերջերս է վերադարձել Սյունիքից. «Զինծառայողները, ճիշտ է, շատ դժվարին պայմաններում են ծառայում՝ եղանակային պայմաններով պայմանավորված, բայց բավականին ապահովված են ե՛ւ սնունդով, ե՛ւ հանդերձանքով: Բայց ԱԱԾ տնօրենը հանձնարարել է է՛լ ավելի շատ ուշադրություն դարձնել, մինչեւ կլինի նոր ուղեկալների կառուցման վերջը»,-ասել է նա:

ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հարցրել է, թե արդյոք նախատեսվում է սահմանապահ զորքերում սպաների, պայմանագրային անձնակազմի աշխատավարձի կամ հավելավճարների ավելացում: «Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել, մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով, որովհետեւ բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ՝ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում»,-ասել է  Հակոբյանը:

Նա նշել է, որ  դրա պատճառով թվաքանակի նվազում է նկատվել, ազատվում են աշխատանքից: Սակայն այդ ուղղությամբ աշխատելու հանձնարարությունն արդեն կա: «Մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը եւ հնարավորություն ստեղծենք բարձրացնել: Բարձրացումը կլինի 210-220 հազարին մոտ, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Փորձում ենք այս ձեւով կարգավորել այդ հարցը»,-ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Ն. Պ.

 

 

ՏՂԱՄԱՐԴԸ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ

Նախօրեին ահազանգ է ստացվել, որ եղբայրը սպանել է կնոջը եւ փորձել ինքնասպան լինել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երեւան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, եւ վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, եւ վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետեւ խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր եւ արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի եւ վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ: Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով: Նախաննությունը շարունակվում է:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ

2021թ. նոյեմբերի 1-ին Երեւան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հարեւանի տանից կրակոցի ձայներ են լսվել: ՔԿ-ի փոխանցմամբ՝ ըստ նույն ժամին «Սուրբ Աստվածամայր» բկ-ից ստացված հաղորդման՝ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 45-47 տարեկան տղամարդ: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի առաջային մակերեսին եւ ձախ թիկնային հետին վերին հատվածում հայտնաբերվել են թափանցող հրազենին նմանվող վնասվածքներ, իսկ աջ աճուկային հատվածում՝ 3սմ չափով կտրած-ծակած վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճ, 1 հատ նույն տրամաչափի փամփուշտ, ինչպես նաեւ արնանման հետքեր: Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, առգրավվել է տուժողի կրած հագուստը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

2019 թվականին տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործով որպես կասկածյալներ ներգրավված են ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։

Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը պետգնումների շրջանակներում էր, որը, ինչպես ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում մանրամասն գրել էինք, կենտրոնացած է եղել եւ այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել եւ իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը: Նշվում էր, որ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, ներկայումս պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Հիշեցնենք, որ խոսքը «Ինտեր Լիմենս» ընկերության մասին է, որը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ եւ գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ տեղեկությունների, ստեղծել է փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ազդեցությունը եւ այլ կապերը: Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս:

Ըստ մամուլի հրապարակումների եւ համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն եւ այլն։

Ք. Մ.

 

 




Լրահոս