ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատավարձի բարձրացում անելու տեսանկյունից տվեց-անցավ մինչ այժմ եղած բոլոր նախադեպերը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազության գործընկերներին, աշխատավարձից զատ, աշխատավարձի մինչեւ 120 տոկոսի հասնող հավելավճար տալ։ Թե ինչ հիմնավորմամբ է դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների՝ դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձն ավելանում աստղաբաշխական թվերով, թերեւս միայն իշխանությանն է հայտնի։ Հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որ արժանիքն է շոյել, որ նա որոշել է քաղցր աչքով նայել նախկինում իրեն կալանավորելու միջնորդությամբ հանդես եկող Դավթյանին ու տեղակալներին:
Արձանագրենք, որ ո՛չ «Մարտի մեկ»-ի գործով է որեւէ նոր բացահայտում եղել, ո՛չ սպանությւններն են բացահայտվել, ո՛չ այդքան չարչրկված ապօրինի գույքն ու թալանն են բռնագրավվել ու բյուջե վերադարձվել: Ավելին, բոլոր տեսակի թալանչիները անկաշկանդ շարունակում են կյանքը վայելել ազատության մեջ:
Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը իրավապահներին է միայն հենարան պատկերացնում. ուժային կառույցների աշխատակիցներին է ոգեւորում, մոտիվացնում աշխատել:
Մինչդեռ կորոնավարակի պայմաններում զօրուգիշեր հերթապահություն անող բուժաշխատողները, որ պատերազմի օրերին երկու ճակատով՝ ռազմի դաշտում ու ընդդեմ կորոնավիրուսի էին կռվում, անտրտունջ աշխատում են: Միայն երեկ «Շտապօգնություն» ծառայության վարորդներն էին աշխատավարձի բարձրացման պահանջով բողոքի ակցիա անում: 110 հազար դրամով 24 ժամ աշխատող վարորդների ֆոնին դատախազն ու յուր տեղակալները 10, 20, 30 էլ չէ, միանգամից 120 տոկոսի հավելավճար են ուզում։
Հուսով ենք՝ պետական այրերը գոնե գիտակցում են, թե Շտապօգնության վարորդներից յուրաքանչյուրի անգամ 1 րոպե չաշխատելը ողբերգական ինչ հետեւանքներ կարող է ունենալ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ուշագրավ է, որ նույն իշխանությունը շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին էր քննադատում, որ ուղղաթիռով էր աշխատանքի գնում-գալիս, մինչդեռ Վահե Հակոբյանի՝ ուղղաթիռով երթեւեկելու ծախսերը հոգում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ ոչ թե պետությունը, այնինչ Անահիտ Ավանեսյանի մարզային այցելությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: Այս իրավիճակը հատկապես խոսուն է այն ֆոնին, երբ երեկ Շտապօգնության ծառայության վարորդները կորոնավարակի այս սուր իրավիճակում մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել եւ պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե աշխատավարձի բարձրացման համար գումարներ չկան: Փաստորեն, Շտապօգնության ծառայության վարորդներին պատշաճ վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան։ Հարկ է նշել, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել, որովհետեւ նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ եւ, հետեւաբար, հրատապ որեւէ տեղ հասնելու եւ կյանքեր փրկելու խնդիր չունի: Իրականում նախարարը չի ցանկացել Տավուշ կամ Սյունիք երկար ճանապարհ կտրել հասնել՝ գերադասելով իր տեղակալների հետ ուղղաթիռով երթեւեկել, եւ ոչինչ, որ դա կլինի գերթանկ:
Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար: Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի: Այդ ամենի հետեւանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կառավարումն իրեն կվստահվի: Եվ, ըստ այդմ, նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանեւրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել:
Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվում է Հայաստանում պատվաստումների պատկերը: Եվ չնայած հոկտեմբերի 14-ից աշխատողները պետք է պարտադիր ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք կամ դրա փոխարեն կորոնավիրուսի բացասական թեստ, սակայն, չնայած դրան, պատվաստումների թվերը մեծ թափով չեն ավելանում: Եվ դրա հետ մեկտեղ պատվաստվողների մեջ մեծ թիվ են շարունակում կազմել օտարերկրացիները: Այս պահի դրությամբ հայտնի են հոկտեմբերի 26-ի տվյալները, եւ այդ տվյալներով՝ Հայաստանում իրականացված պատվաստումների 2,9 տոկոսը բաժին է ընկնում օտարերկրացիներին` մոտ 20 հազար հոգի, իսկ 97,1 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներին։ Տեղեկացնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատրաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։ Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել շուրջ 20 հազար օտարերկրացի: Նկատենք, որ, ամեն դեպքում, հայաստանցիների շրջանում պատվաստման ցուցանիշը խայտառակ ցածր է: Եթե պարտադրանքը չլիներ, այսպիսի ցուցանիշ էլ չէր ստացվի: