Մեղրիում վերջապես ընդհանուր հայտարարի են եկել. տեղացիները ձևավորված կոալիցիայի հետ մեծ հույսեր են կապում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի համայնքի տեղական ինաքնակառավարման մարմիններին ընտրություններին մասնակցած ուժերը վերջապես ընդհանուր հայտարարի են եկել: Առավելագույն ձայներ հավաքած «Հանարապետություն» կուսակցությունը, որ ընտրությունների արդյունքում 6 մանդատ էր ստացել, քաղաքի կառավարումը կոալիցիոն հուշագրով «Ազատական» կուսակցության հետ կիրականացնի: Վերջինս, որ առավել քան հայտնի է որպես Սամվել Բաբայանի կուսակցություն, Մեղրիի ավագանիում 2 մանդատ ունի:

«Հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկորդ փուլը 2 տարի 6 ամիս ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ ամեն կերպ փորձում էր իրենով անել մյուս ուժերի մանդատներն ու Մեղրիում իր քաղաքապետն ունենալ, 5 մանդատ էր ստացել: Իշխող ՔՊ-ին սակայն ծրագիրն իրագործել չհաջողվեց, ու Մեղրիում իշխանությունը բաշխվեց Արամ Զավենիչի ու Սամվել Բաբայանի կուսակցությունների միջև: ՔՊ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որ երկու մանդատ էր ստացել, փաստորեն, Մեղրիում որպես ընդդիմություն հանդես կգան:

ArmLur.am-ը գրել էր, որ այստեղ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր փորձում եղանակ փոխել: Նրա առաջ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, իշխանությունները պայման էին դրել. եթե Մեղրիում ու մյուս համայնքներում ընտրության արդյունքներն ի նպաստ ՔՊ-ի կարողանա ծառայեցնել, ապա Զանգեզուրի պղինձամոլիբդենային գործարանի տնօրինումը կստանձնի:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Մեղրիում քաղաքապետ ընտրելու մասով բոլոր ուժերի հետ են քննարկումներ ունեցել, ավելին՝ պատրաստ են եղել անգամ իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել: «Բայց քանի որ իշխանության թեկնածուն ոչ կոռեկտ գործողություններ է անում, վիրավորական մեկնաբանություններ գրում սոցիալական ցանցերում, ապա կոնկրետ այդ անձի հետ համագործակցությունը բացառեցինք»,- նշում է նա:

Արամ Սարգսյանի կուսակցությունը, նշենք, հուշագիր է ստորագրել ազատական Խաչատուր Անդրեասյանի հետ: Նա Երկրապահ կամավորականների միության անդամ է: «Ինձ լավ են ճանաչում, ու մեղրեցիների ակնկալիքները պետք է արդարացնենք»,- մեզ հետ զրույցում ասում է Անդրեասյանը:

Մեղրիի մեր աղբյուրները փոխանցում են, որ տեղացիներն, ընդհանուր առմամաբ, դրական են վերաբերվում երկու կուսակցությունների կոալիցիոն հուշագրին, ու լիահույս են, որ թե՛ «Հանրապետություն», թե՛ «Ազատական» կուսակցությունների անդամներն անելու են հնարավորը՝ համայնքի խնդիրներին լուծում տալու ու նոր ծրագրեր իրականացնելու համար:

Սևակ Վարդումյան




Լրահոս