ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը հայտնել էր, որ, ստացված տեղեկությունների համաձայն, «Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցիչը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին՝ նախկին սեփականատեր Ա.Ս.-ի կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին։ Խնդիրն այն է, որ «Սուրբ աղբյուրը» ծառայություն է մատուցել գործընկեր կազմակերպություններից մեկին, որի գինը կազմել է մոտ 28.5 մլն դրամ։ Որոշ ժամանակ անց Ա.Ս-ն այդ կազմակերպությունից կանխիկ ստացել է նշված գումարը, սակայն «Սուրբ աղբյուրի» դրամարկղ մուտք չի արել եւ ենթադրաբար հափշտակել է։

 

Հիշեցման կարգով նշենք, որ Ա.Ս.-ն Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունքներ տված անձանցից մեկն է։ Տեսնենք՝ իրավապահ մարմինները արդյոք նույն ջանասիրությամբ ձեռնամուխ կլինեն իրենց սրտի վկայի կատարած արարքի բացահայտմանը, թե կհիմնավորվի մեր այն տեսակետը, որ վերջինիս երաշխիքներ են տրվել, թե կկոծկվեն նրա կատարած բոլոր ապօրինությունները։ Նշենք, որ խոսքը Արշավիր Սարգսյանի մասին է, որի մասով Armlur.am-ին եւս ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել: Մասնավորապես գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն է իրականացրել եւ պարզել, թե մինչ իրավապահներին դիմելը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված, նրա ընտանիքի հետ մտերիմ Արշավիր Սարգսյանը ինչ պատմություն է «սարքել» Հովսեփյանների գլխին, որին խառնված է եղել անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Ժողովուրդ» օրաթերթին  հասած լուրերի համաձայն՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք է տվել մեկ բանից դրդված: Իսկ ի՞նչ է նրան դրդել գնալ այդ քայլին: Բանն  այն է, որ Արշավիր Սարգսյանի մտերիմ մարդկանցից մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշավիր Սարգսյանի որդին՝ Հովհաննես Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, եւ տեւական ժամանակ է, ինչ ռուս իրավապահների կողմից հետախուզման մեջ է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ռուս իրավապահները իմացել են, որ նա  Հայաստանում է,  ու այստեղից էլ սկսվել է «կինոն»:  Ըստ լուրերի՝ չի բացառվում, որ Արշավիր Սարգսյանը   Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք է տվել այն բանի համար, որ ՀՀ իրավապահները իր որդուն չհանձնեն ռուս իրավապահներին: Ինչեւէ,  այս տեղեկությունը մենք փորձեցինք պարզել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից՝ հետաքրքրվելով,  թե արդյոք ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Հովհաննես Արշավիրի Սարգսյանը գտնվում է հետախուզման մեջ: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ. Մկրտչյանը հայտնել է. ««Անձնական տվյալների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 4-րդ  գլխի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ՝ տվյալների սուբյեկտի անձնական տվյալկները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ  լիազորագրվող հանդես եկող ներկայկացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիմնա վրա, տվյալ պարագայում Ձեր կողմից հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է Հովհաննես Սարգսյանի  կողմից Ձեզ տրված համապատասխան լիազորագիրը: Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված  պարտադիր ժամկետային զինխառայությունից խուսափելու համար Ինտերպոլի ուղիներն առհասարակ օգտագործելու վերաբերյալ հարցադրմանը, ապա տեղեկացնում ենք, որ, համապատասխան Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի դրույթների,  Կազմակերպությանը խստիվ արգելվում է  գործունեություն ծավալել  կամ միջամտել քաղաքական, ռազմական կրոնական  կամ ռասայական բնույթի գործերին»: Եվ այսպես,  ՀՀ ոստիկանությունը մերժեց մեր դիմումը՝ հրաժարվելով  որեւէ տեղեկություն տալ, թե արդյոք գործարարի որդին հետախուզման մեջ է, սակայն փաստ  է մեկ բան, որ  Աղվան  Հովսեփյանի դեմ ցուցմունք տված  Արշավիր Սարգսյանի շուրջ պրոցեսներ են տեղի ունենում:

Ք. Մ.

 

 

 

ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ

«Որդուս սպանությունից շուրջ 7 տարի անց գործով վկաներին ահաբեկում են, սպառնում, որ ցումունքները փոխեն»,- ասել է 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը;

 

«Մասիսի բաժնում քրեական գործ էլ կա հարուցված։ Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի ընկերն է սպառնացողը։ Գնում, տեսնում են վկաներին ու ասում՝ «կոկորդդ կկտրենք»,  «աչքերդ չորս արած ման արի», «ծնողներիդ մասին մտածի»։ «Այդպես ասել են սենյակի տղաներից Գեւորգ Վարդանյանին, հիմա ավիացիայում է աշխատում, Տիգրան Դեմիրճյանին, սենյակի բոլոր տղաներին, օրապահին եւ հերթապահին եւս զանգել են, գնացել հանդիպել են, փորձել են խաբելով, սպառնալով, համոզել։ Պատկերացրեք՝ Խաչիկ Մինասյանը, Թելման Մխիթարյանը Արցախում են ծառայություն իրականացնում, դատավորի անունից են խոսել, ասել են՝ դատավորն է ասել, որ զանգեմ, գաք ձեր ցուցմունքները փոխեք»,-մանրամասնել է Արկադի Բարսեղյանը։

Նրա փոխանցմամբ՝ վկաներից Գեւորգ Վարդանյանը եւս հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ հնչեցրած սպառնալիքների մասով։ «Հասկանալի է, որ հասարակության համար Հայկազի գործը հետին պլան մղվեց, այդքան սուգ տեսանք, այդքան զոհեր եղան, բնական էր, որ այդպես պիտի լիներ, բայց երբ որ գործը հանրության ուշադրության կենտրոնում էր, կրկին զանգում էին, որ վկաները ցուցմունքները փոխեն, բայց բացահայտ չէին ահաբեկում, իսկ  հիմա սկսել են ահաբեկելը, ժողովրդական խոսք կա՝ գործը ինչքան հնանում է, տերը շնանում է։ Արդեն առանց վախի գործում են, ասել են՝ ուզում ես՝ ոստիկան կանչի, ուզում ես՝ քննիչին ասա, ոչ մեկից էլ չենք վախենում, պիտի գաս դատարան, ցուցմունքդ փոխես»,-ասել է նա։

Սպանված կուրսանտի հոր խոսքով՝ առկա է նաեւ ձայնագրություն, որտեղ վկաներից Խաչիկ Մինասյանը պատմում է, որ դատավորի անունից են պահաջում ցուցմունքը փոխել, ձայնագրությունը կատարվել է Խաչիկ Մինասյանի համաձայնությամբ։ Արկադի Բարսեղյանը նշեց, որ վկաների նկատմամբ ճնշումներից հետո դատարանում ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ վերսկսել դատաքննության փուլը, կրկին ուսումնասիրել վկաների ցուցմունքները, դատավորը մերժել էր, բայց կրկին նմանատիպ միջնորդություն է ներկայացվել։

Արկադի Բարսեղյանն ասել է, որ դատարանից ակնկալում են, որպեսզի արդարությունը վերականգնվի, դեմ է նրան, որ դատախազը պահանջել էր 18-20 տարվա ազատազրկում, ըստ նրա՝ դաժան սպանություն իրագործողները պետք է  ցմահ ազատազրկվեն։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե, իբր, ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ժամը 02:10-ին էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01:30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00:50-ին Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ չորս տղամարդկանց միջեւ վիճաբանություն է եղել, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մահ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ, ՔՈԳՎ, Շենգավիթի եւ Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել եւ սպանություն կատարելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել վիճաբանության մասնակիցները, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ՆՎԱԶՈՒՄ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ոչխարի մսի արտադրության ծավալները 3 տոկոսով նվազել են: Սրան զուգահեռ նկատենք, որ ոչխարի մսի գինն էլ է բարձր՝ հասնելով 4500 դրամի: Կհիշեք՝ տարիներ առաջ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր առաջացրեց անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն էր, որ մարդիկ վաճառել էին ոչխարները, բայց չէին կարողացել լրացնել խմբաքանակը, իսկ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի եւս Հայաստանից մեծ քանակությամբ կենդանի ոչխար է արտահանվել: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից արտահանվել է 23 հազար 100 հատ կենդանի ոչխար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 19 հազար 800:

 




Լրահոս