ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի նկարը չկա իր աշխատասենյակում փակցված: Հարցին, թե ինչու չկա, նա արձագանքել է. «Չի եղել դրա անհրաժեշտությունը: Մենք սահմանադրական մարմին ենք, իմ աշխատասենյակում որեւէ մեկի նկարը երբեւիցե չի եղել, բայց մեծ խնդիրներ նկարների, դրոշների, գերբերի մեջ չեմ տեսնում»:

 

Նա խոսել է բժշկական ծառայությունների շուկայի ուսումնասիրության մասին: «Այս պահին նաեւ բժշկական ծառայությունների շուկան ենք ուսումնասիրում՝ բացի ՊՇՌ թեստերով, նաեւ ախտորոշիչ սարքավորումների միջոցով հետազոտությունները: «ՊՇՌ թեստերի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացրել եւ պարզել, որ այդտեղ չկա գերիշխող դիրք: Հիմա երկրորդ փուլն ենք սկսել, որտեղ օդնավակայանի կողմից իրականացվող ծառայություններն ենք դիտարկում: Հիմա տվյալ չեմ հրապարակի, որ վարույթի վրա ազդեցություն չթողնեմ, բայց 1-2 ամսվա ընթացքում ինչ է տեղի ունեցել այդ շուկայում, գների դինամիկան ինչպես է փոխվել, ինչու բարձրացավ, ինչու իջավ»,-ասել է նա:

Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ ուսումնասիրում են նաեւ առցանց հարթակների միջոցով ծառայություն մատուցողների գործունեությունը, այդ թվում՝ տաքսի ծառայությունների, Booking.com-ի միջոցով հյուրանոցների ամրագրման ծառայությունների: Մենք գնաճին չենք կարող անդրադառնալ, մեր կառույցը գնաճի հետ առնչություն չունի: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Գների բարձրացումը մեզ կարող է առնչվել երկու պարագայում, երբ որ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ, որը չարաշահում է թույլ տվել գների բարձրացման տեսքով, եւ երկրորդը, եթե կա հակամրցակցային համաձայնություն:

Այս պարագայում մենք մի շարք շուկաներում ուսումնասիրություն ենք անում, մի շարք շուկաներում ավարտել ենք եւ հրապարակել ենք արդյունքները: Մենք արդեն հրապարակել ենք հավի եւ ձվի շուկայում չարաշահում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից: Երկրորդ՝ բենզինի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, բայց վերջին թանկացումների մասին դեռեւս տվյալներ չկան, որովհետեւ դրանք ամփոփվում են եռամսյակն ավարտելուց հետո: Մենք այդ տվյալները ստանալուց հետո անպայման ուսումնասիրության ավարտը կարձանագրենք եւ կտեսնենք իրավախախտման հատկանիշներ, վարույթ կսկսենք եւ դրանց արդյունքները կհրապարակենք: Եթե տեսնենք իրավախախտման հատկանիշներ չկան, մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք»,-ասել է նա:

ՄՊՀ-ի նախագահը տեղեկացրել է, որ ուսմնասիրություն են իրականացնում նաեւ շաքարավազի շուկայում. «Գիտեք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան ներմուծվել է էժան, քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, հետո բարձրացել են: Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի զրո տոկոսադրույքով իրականացնել մինչեւ դեկտեմբեր, որովհետեւ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում՝ ՌԴ-ում՝ կապված Քովիդի հետ: Մյուս ուսումնասիրվող շուկան կարագի շուկան է»,-ասել է նա:

Ն. Պ.

 

 

 

ՈՒԺԵՂ 2-ՐԴ ՀԱՄԱՐՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին կկայանան Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր  համայնքները միավորող Նոյեմբերյան  խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այսպիսով, խորհրդային տարիների Նոյեմբերյանի շրջանի բոլոր 19 բնակավայրերը կներառվեն մեկ համայնքի մեջ։ Ի տարբերություն Դիլիջանում հոկտեմբերի 17-ին կայացած եւ նոյեմբերի 14-ին Իջեւանում կայանալիք ավագանու համամասնական կարգով ընտրությունների՝ Նոյեմբերյանում ավելի  թեժ պայքար է սպասվում։ Նոյեմբերյան խոշոր համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկը, նախկինում «ԱԿԲԱ» բանկի  Բերդի եւ Նոյեմբերյանի մասնաճյուղերի տնօրեն աշխատած, այժմ ձեռներեց Մհեր Աղամյանը «Հանուն Հանրապետության» կուսակցության, Կողբ եւ Զորական գյուղերն ընդգրկող Կողբի խոշոր համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիր»   կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը։

Ավագանու ընտրություներին մասնակցող կուսակցությունների ավագանիների  ցանկի 2-րդ համարները հանրությանը հայտնի անձինք են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկի 2-րդ տեղում 2016թ. Այրում խոշոր համայնքը ղեկավարած, ներկայումս այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արայիկ Պարանյանն է, «Հանուն Հանրապետության» կուսակցության ցանկի 2-րդ համարը՝ Նոյեմբերյան քաղաքից գործարար Քաջիկ Անանյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցանկի 2-րդ համարը՝ Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Վանուշ Ամիրաղյանը։

 

 

ՀԵՌԱՎԱՐ Է  ԱՇԽԱՏՈՒՄ

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուս  հիվանդությամբ։ Համայնքապետարանն այդ պատճառով  հոկտեմբերի 27-ից  իր աշխատանքները կազմակերպում է հեռավար։ Համայնքապետարանը բնակիչներին հայտնել է, որ  բնակիչները եւ իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքով ուղարկել դիմումներ եւ գրություններ, իսկ գույքային պարտավորությունների տեղեկանքների տրամադրման համար՝ մոտենալ համայնքապետարանի առաջին հարկ, օգտվել տեղեկատու հեռախոսներից:

Համայնքապետարանի աշխատակիցները աշխատում են սովորական օրակարգով, սահմանափակված է աշխատակից-բնակիչ շփումը՝ անվտանգության պահպանման կանոններից ելնելով: Նախկինում էլ 2020թ., կորոնավիրուսի համավարակի պատճառով Դիլիջանի  համայնքապետարանի աշխատակազմը հեռավար է  աշխատել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Երեկ՝ վաղ առավոտից, շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում: Բողոքող վարորդների խոսքերով՝ իրենք ե՛ւ ցածր աշխատավարձ են ստանում, ե՛ւ ծանր գրաֆիկով են աշխատում, անգամ չեն հասցնում սնվել: Բացի այս, շտապօգնության վարորդները պահանջում են հանդիպում քաղաքապետարանի որեւէ ներկայացուցչի հետ: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, փոխանցեց. «Այնպես չէ, որ այդ հարցերը քննարկման փուլում չէին, նույն աշխատավարձի բարձրացման՝ ոչ միայն վարորդների, այլեւ բուժաշխատողների: Ամեն դեպքում դրա մասին մտածվել է, աշխատանք է տարվում: Ինչքան որ հասկանում ենք, տարեվերջ ոչ մեկի աշխատավարձը չի բարձրանում, որ իրենք այսօր այդպես որոշել են այդ ակցիան կատարեն»:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս պահին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կանոնավոր աշխատում է: «Մեր աշխատանքը նորմալ կանոնավոր շարունակվում է, մեր քաղաքացիները սպասարկվում են եւ կսպասարկվեն, որովհետեւ այս հինգ մեքենան չէ, որ սպասարկում են կանչերը, եւ աշխատանքը չի խափանվելու, մարդիկ աշխատելու են: Ես անթույլատրելի եմ համարում նման ձեւով բժշկական հիմնարկում հարցեր լուծելը, աշխատանքները կշարունակվեն, եւ հետագայում մնացած այս հարցերին անդրադարձ լինելու է: Այնպես չէ, որ ոչ մեկ չի հասկանում եւ ցանկություն չունի նման դրական ձեւով հարց լուծելու: Դա ինձանից կախված չէ, բյուջե հաստատելիս այդ հարցերը կքննարկվեն»,- նկատեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը: ArmLur.am-ի հարցին՝ ինչ է սպասվելու բողոքի ակցիայի մասնակից վարորդներին, Թագուհի Ստեփանյանն ասաց. «Ես դրան չեմ անդրադարձել, ինձ համար կարեւոր է այն, որ հիմա մեր աշխատանքը չխափանվի, վարորդները թող իրենք մտածեն»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ՝ ԱՆՓՈՓՈԽ

ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.75% է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5.75% է:




Լրահոս