ԳՆԱՃԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն է, անդրադարձել է Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը եւ 7-ը աշխատանքային պահելու առաջարկին:

 

Նախարարը նախ հիշեցրել է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է: «Եվ փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա, բայց եկեղեցին եւ պետությունն անջատ են գործում: Մենք, իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաեւ պետք է զարմանք հայտնեմ, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը չնշել, քանի որ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն: Եթե մի կողմից նրանք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաեւ մեզ օգնեն եւ առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը, որոնք որեւէ հոգեւոր նշանակություն չունեցող օրեր են»,- ասել է Քերոբյանը: Նա վստահեցրել է, որ իրենց աշխատանքում փորձում են գտնել ճիշտ բալանսը: Նախարարի փոխանցմամբ՝ կարեւորագույն հոգեւոր տոները, որոնք պետք է ընդգրկեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են, օրինակ` Սուրբ Ծնունդը:

Անդրադառնալով հարցին՝ եթե Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագը սկսվում է ժամը 17:00-ին, բայց աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, քաղաքացին ինչպես մասնակցի, նա ասաց. «Ես չեմ ճանաչում որեւէ գործատուի, որը չի թողնի, որ իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե նրանք նման ցանկությունն ունեն: Դա աշխատանքային հարաբերություններով շատ հանգիստ կարգավորվող բան է»:

Ըստ Քերոբյանի՝ ամանորյա տոների հանգստյան օրերը հանելով՝ կառավարությունն անուղղակիորեն ստիպում է, որ գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք են, որ մարդը կարողանա նորմալ վերականգնվել տարվա ընթացքում: «Մենք ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որ աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,-ասել է նա:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով ամանորյա տոներին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը: Սակայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություն անել եւ ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը: Մայր Աթոռը եւս դիմել է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, եւ  հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ երկրում նկատվող գնաճը 90 տոկոսով պայմանավորված է ներմուծվող ապրանքների բարձր գնով՝  նշելով, որ գնաճը զսպելու ԿԲ-ի ունեցած գործիքներն այս պարագայում բավարար չեն: «Կա գնաճի խնդիր: Ըստ էության, գնաճի համար առաջին պատասխանատուն Կենտրոնական բանկն է: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այն գործիքները, որ ունի ԿԲ-ն, այս պարագայում կիրառելի չեն»,- ասել է նախարարը: Նա հիմնավորեց՝ խնդիրը բացարձակապես արտարժույթի փոխարժեքի կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքների ճշգրտումների դաշտում չէ.

«Ընդհանուր գնաճը «ներկրված է», քանի որ 90 տոկոսով վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծված են, իսկ 10 տոկոսով էլ՝ այն ապրանքներին, որոնք կրկին դրսի շուկաներում կտրուկ բարձրացել են, դրա պատճառով տեղական շուկայում էլ գները զուգահեռ բարձրացել են: Այս պարագայում այն գործիքակազմը, որն ունի ԿԲ-ն, խիստ անբավարար է, որ հնարավոր լինի պայքարել գնաճի դեմ»,-ասել է Քերոբյանը: Անդրադառնալով ավելի վաղ՝ 2021-ի արդյունքում երկնիշ տնտեսական աճի իր խոստմանը՝ Քերոբյանը նշեց, որ անվանական տնտեսական աճը կլինի մոտ 13-14 տոկոս: «Էկոնոմիկայի նախարարությունը գնաճի համար որեւիցե ուղիղ պատասխանատվություն չի կրում, բնականաբար մեր թիրախը հենց անվանական տնտեսական աճի բարձր լինելն է: Դա չի նշանակում, որ ես փորձում եմ մանիպուլյացիա անել եւ ասել, թե այն ժամանակ ի նկատի ունեի անվանական աճ»,-ասաց նա ու առաջարկեց այդ խոսակցությունը թողնել մինչեւ այն ժամանակ, երբ տարին կավարտվի ու արդյունքները պարզ կլինեն:

Ն. Պ.

 

 

 

1232 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1232 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310629 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2120537, վերջին մեկ օրում` 10281 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 30551 պացիենտ. մեկ օրում նվազել է 427-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 272332 անձ, վերջին մեկ օրում՝ 1591 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 62 քաղաքացի, մահացածների թիվը 6441 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:

 

 

 

ՆՈՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ԱԿՑԻԱ

«ՎՏԲ-Հայաստան» բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը «ՎՏԲ»-ի հետ»: 2021թ. նոյեմբերի 1-ից 5-ը ներառյալ ձեւակերպելով «Շահավետ», «Պրոգրես» եւ «Հարմարավետ» ավանդատեսակները ՀՀ դրամով՝ հաճախորդները կստանան ամսական աճող տոկոսային եկամտաբերություն:

 

Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է «Խնայողությունների օրը «ՎՏԲ»-ի հետ» ակցիայի շրջանակներում բացել «Շահավետ», «Պրոգրես» եւ «Հարմարավետ» ավանդատեսակներ՝ սկսած 30 հազար ՀՀ դրամից, եւ ստանալ ավանդի տոկոսային եկամտաբերությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն. ակցիայի ժամանակահատվածում ներդրված ավանդների համար ավանդի տարեկան տոկոսադրույքը յուրաքանչյուր ամիս կաճի 0,03%-ով (տոկոսային կետով) մինչեւ ավանդի ժամկետի ավարտը (կախված ավանդի ժամկետից՝ տոկոսադրույքը կարող է հասնել մինչեւ 10.03%, տարեկան եկամտաբերություն՝ 9.81%)։ Ավանդի ժամկետը 30-ից 365 օր է: Ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի վերջում:

Ավանդ բացելիս հաճախորդը ստանում է բանկի Visa կամ Mastercard վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ ավանդի գործողության ընթացքում: «ՎՏԲ Հայաստան» բանկի բանկոմատներից դրամական միջոցների կանխիկացումն ավանդի գործողության ընթացքում նույնպես անվճար է: Հաճախորդների հարմարավետության համար «ՎՏԲ-Հայաստան» բանկն առաջարկում է ձեւակերպել ավանդ հեռահար եղանակով՝ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության: Հիշեցնենք, որ Ձեր ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «ՎՏԲ-Հայաստան» բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/depozitnaia-aktsiia-den-sberezhenii   հղումով, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

* Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

 




Լրահոս