«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ». ՅՈՒԼԻԱ ՖԻՆԿԸ՝ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյմեբերի 2-ին սիրված դերասանուհի Յուլիա Ֆիկնը նշում է ծննդյան 38-ամյակը: Դերասանուհին տարեդարձի մանրամասների մասին պատմել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

 

Յուլիան մեզ հետ զրույցում նշեց, որ օրն սկսել է ուրախ տրամադրությամբ երեխաների հետ հաճելի ժամանց անցկացնելով:

«Օրս սկսել եմ երեխաներիս հետ խաղասրահում անցկացնելով, իսկ հետո երեւի ինչ-որ մի ռեստորանում ընտանիքիս հետ կնշեմ տարեդարձս, քանի որ մեծ խնջույք, այն էլ՝ այս համաճարակային իրավիճակում, չեմ պատրաստվում կազմակերպել: Անկեղծ ասած, երեխաներս անհամբեր սպասում են, թե երբ են վերջապես փչելու մայրիկի ծննդյան տորթը եւ երգելու happy birthday-ը»,-ժպիտով ասաց դերասանուհին:

Յուլիա Ֆինկի փոխանցմամբ՝ տարեդարձին այնքան էլ  մեծ կարեւորություն չի տալիս եւ հատուկ չի սպասում, չնայած որ հաճելի են գեղեցիկ անակնկալները. «Հիշում եմ իմ 31-ամյակիս տարեդարձը, որը դաջվել է հիշողությանս մեջ, եւ ամեն անգամ հիշելիս երջանկանում եմ: Այդ տարեդարձս նշել ենք Թիֆլիսում Արտյոմի հետ միասին, եւ նա նախապես պայմանավորվել էր փողոցում երգող մի երգչի հետ, ով ինձ տեսնելուն պես սկսեց երգել, ինչն ինձ համար ե՛ւ զարմանալի, ե՛ւ հաճելի անակնկալ էր»,- դերասանուհին, կիսվելով մեզ հետ իր գեղեցիկ հիշողությամբ, հավելեց, որ այդ տարեդարձը երբեք չի մոռանա:

«Անկեղծ ասած, այսօր դեռ Արտյոմի կողմից անակնկալներ չեն եղել, բայց համոզված եմ, որ կլինեն: Երեխաների հետ էլ այս տարիքում ամեն ինչ անկանխատեսելի է ստացվում, եւ նախապես ոչինչ պլանավորել չեմ կարողանում»:

Անդրադառնալով նվերներին՝ Յուլիան ընդգծում է, որ ամենից շատ սիրում է օծանալիքներ նվեր ստանալ, չնայած որ ասում են, թե օծանելիք չեն նվիրում, քանի որ այն շատ անձնական իր է համարվում:

«Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր ամուսին գիտի, թե ինչ օծանելիքի բույր է նախընտրում իր կինը, այնպես էլ Արտյոմը գիտի, թե որն է իմ սիրելի օծանելիքի բույրը»,- եզրափակելով մեզ հետ զրույցը ասաց  Յուլիան:

Նշենք, որ  Յուլիան ազգությամբ գերմանուհի է: Արտյոմ եւ Յուլիա զույգը երկար տարիներ է՝ ամուսնացած է։ 2019 թվականին ծնվել են նրանց երկվորյակ որդիները՝ Լեոն եւ Մուշեղը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 

 

 

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՀԱՎԱՔ» ՆԱԽԱԳԻԾԸ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին։

 

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հետպատերազմական շրջանում նկատվում է հանրային պահանջ՝ առավել մերձենալու սեփական մշակույթին ու վերստին ընկալելու ազգային արժեքները։ «Կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից։ Այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեքստում ընդգծվում է, որ ՀՀ սահմաններից դուրս բնակվում եւ ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք տաղանդավոր հայորդիներ, որոնց ներուժը չափազանց անհրաժեշտ է այս դժվարին օրերին ազգի հոգեւոր-մշակութային վերածնունդն ապահովելու համար։

«Հայահավաք» նախագծի շրջանակում մի շարք հանրահայտ հայազգի դիրիժորներ ու մենակատարներ կհրավիրվեն համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։

«Հայահավաք» նախագծի ընթացքում ելույթ կունենան արտիստներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով` ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-սփյուռք մշակութային կապին։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) եւ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Աստղիկ Վարդանյանը։ Կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի, Դանիել Երաժիշտի,  Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի ստեղծագործությունները։

Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ  նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում եւ երկրի սահմաններից դուրս, ձայնագրել է սկավառակներ։ 1996-ին սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի եւ մեկնել է Իտալիա՝ դիրիժորական հմտություններն է՛լ ավելի կատարելագործելու։ Որպես դիրիժոր ղեկավարել է Ալժիրի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, Kammerphilharmonie Grunbunden եւ այլ նվագախմբեր։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրված ծրագիր։ Զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ։

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄ

Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերան, որը հուլիսին ցուցադրվեց Երեւանում, նոյեմբերի 6-ին, 8-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, իսկ 23-ին, 25-ին դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կրկին կլինի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիայի բեմում։ Երեւանյան մշակութային կյանքում ուրույն տեղ զբաղեցրած այս նախագիծն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ եւ բուհ-մշակութային օջախ փոխգործակցության եզակի օրինակ է։ Ներկայացումը միավորել է ֆրանսաբնակ դիրիժոր Սուրեն Շահիջանյանին եւ ռեժիսոր Վռամ Կարապետյանին, նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանին, պարուսույց Արման Բալմանուկյանին։ Դերերում զբաղված են ինչպես արտերկրից հրավիրված կատարողներ, այնպես էլ ԵՊԿ ուսանողներ եւ շրջանավարտներ։

 

 

ՊԱՏՄԵԼ Է

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, թե ինչու է թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին համարում լավագույն մարզիչներից մեկն աշխարհում։ «Մարզիչը կարեւոր դեր է խաղում ֆուտբոլիստի վստահության հարցում։ Երբ նա տեսնում է, որ խաղացողը չունի վստահություն մարզման կամ հանդիպման ժամանակ, նա զրուցում է, համոզում, որ կարող ես հասնել հաջողության։ Դիեգո Սիմեոնեն ֆուտբոլի նկատմամբ մեծ կիրք ունի։ Նա եղել է ֆուտբոլիստ եւ կարողանում է դժվար պահին հուսադրել եւ ոգեւորել ֆուտբոլիստին։ Հենց դրա շնորհիվ նա լավագույն մարզիչներից մեկն է աշխարհում։ Իր անձնական որակների, ֆուտբոլի ընկալման, տեխնիկական գիտելիքների շնորհիվ նա այսքան նվաճումների է հասել «Աթլետիկոյի» հետ»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

 

 

ՄԵՍԻՆ ՆՇԵԼ Է ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻՆ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հիմնական ֆավորիտներին գավաթի համար պայքարում։ «Այո, իմ եւ ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթն է։ ՊՍԺ-ն վաղուց է ջանքեր գործադրում այդ ուղղությամբ։ Հաղթանակը շատ մոտ էր։ Մենք հավակնորդներից մեկն ենք։ Բոլորը խոսում են ՊՍԺ-ի մասին խաղացողների պատճառով, բայց կան շատ լավ թիմեր, որոնց ֆուտբոլիստներն արդեն երկար տարիներ միասին են. «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Լիվերպուլ», «Աթլետիկո», «Չելսի»։ Լավագույնը ոչ միշտ է հաղթում, քանի որ շատ հանգամանքներից է կախված։ Հաղթանակի ճանապարհին ամեն ինչ կարող է պատահել, բայց կարեւորը ֆավորիտներց մեկը լինելն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

 




Լրահոս